Monday, 19 January 2015

Հրաչյա Աճառյան(1876-1953թթ.)

  Ստեղծագործություններ`
    1.     «Քննութիւն Ղարաբաղի բարբառի» Վաղարշապատ (1901)
    2.     «Թուրքերենէ փոխառեալ բառերը հայերէնի մէջ» Վաղարշապատ (1902)
     3.     «Classification des dialectes arméniens» (1909)
     4.     «Հայ Բարբառագիտութիւն» (1911)
      5.     «Հայերէն Գաւառական Բառարան» (1913)
     6.     «Տաճկահայոց հարցի պատմութիւնը» (Սկզբից                          մինչև 1915 թ.). Նոր Նախիջևան, 1915։
       7.                            «Քննություն ՆորՆախիջևանի բարբառի» (1925)           
       8.                            «Քննություն Մարաղայի բարբառի» (1926)
       9.                            «Հայերէն Արմատական Բառարան» (1926-1935)
      10.                       «Քննություն Ագուլիսի բարբառի» (1936)
      11.                       «Քննություն Նոր-Ջուղայի բարբառի», Երևան (1940)
      12.                       «Քննություն Պոլսահայ բարբառի» (1940)
      13.                       «Հայ բառագիտություն» (1941)
      14.                       «Քննություն Համշենի բարբառի» (1941)
      15.                       «Հայոց անձնանունների բառարան» (1942-1962)
      16.                       «Քննություն Վանի բարբառի» Երևան (1952)
      17.                       «Քննություն Առտիալի բարբառի» Երևան (1953)
      18.                       «Կյանքիս հուշերից» Երևան (1967)
      19.                       «Լիակատար քերականություն հայոց լեզվի»
Իր կյանք վերջին տարիններին Աճառյանը նվիրվել էր «Լիակատար քերականություն հայոց լեզվի» մեծածավալ աշխատությանը՝ կազմված 12 հատորներից, որտեղ քննարկվում է հայոց լեզվի քերականությունը և պատմական զարգացումը 562 լեզուների համեմատությամբ:
«Հայոց անձնանունների բառարան»` Հրաչյա Աճառյանի հինգհատորյա
աշխատությունը իր տեսակի մեջ եզակի երևույթ, որտեղ հավաքված և ուսումնասիրված են 5–10-րդ դարերում հայ մատենագրության մեջ հիշատակված բոլոր անձնանունները։ Տպագրվել է 1942 ից 1962թթ.-ին  Երևանի պետական համալսարանի հրատարակչությունում։
Բառարանում ընդգրկված են հայ ազգի ամենահին ժամանակներից մինչև 1500 թվականը ատյաններում հիշատակված ցանկացած հայկական կամ հայերի կողմից օգտագործված անձնանունները, 1500-1700 թվականների պատմության և գրականության համար կարևոր դեմքերի, ինչպես նաև կաթողիկոսների, պատրիարքների, նշանավոր ճանապարհորդների և այլ անուններ։ 1700 թվականից այս կողմ Էջմիածնի, Աղթամարի, Սսի կաթողիկոսների և Երուսաղեմի ու Կոստանդնուպոլսիպատրիարքների անունները նաև անուններ, որոնք նոր են կամ անսովոր, նրանց կրողների անունը ևս նշված է բառարանում։
Բառարանում ներկայացված նյութի տեսքը`
1. Անունը
2. Սեռը (արական, իգական)
3. Ստուգաբանությունը
4. Համապատասխան ձևերը մի քանի այլ լեզուներով,
1) խաչով նշված են հայկական ծագում ունեցող անունները,
2) աստղանիշով նշված են օտար ծագում ունեցող անունները,
3) եթե չի նշված ապա անծանոթ է։
5. Համառոտ, տվյալ անունը կրող հայտնի մարդկանց մասին (մինչև 1500 թվականը նշված է գրականության մեջ հիշատակված ցանկացած անձ)։
Որպես օրինակ ներկայացնում եմ համեմատաբար քիչ տեղեկություններ պարունակող օրինակ`
Սուսամբար , իգ.< համանուն ծաղկի անունից, որ պարսկերենից փոխառյալ բառ է: Հիշատակված է ԺԷ-ԺԸ (17-18) դարերից և այժմ էլ գործածական է: Հնագույն հիշատակությունն է Սուսամբար 1657թ.(Ձեռ.Դադեան, Բ. 34 ա), Սուսունբար 1742թ.(Հաւաք. 52), Սուսամբար 1756թ. (Ձեռ. Վասպ.313), Սուսանպար1762թ.(Ձեռ. Վենետ. Ա. 302): Սըտ(ստորև) կրճատ ձևն է Սուսօ(թիվն անհայտ)`Ձեռ. Վասպ. 550: Նաև`
Սուսայ, իգ. ծագում է նախորդից. մի անգամ գտնում եմ հիշված`
-Սուսայ, կին Բենայի, որ էր որդի Սմբատի և տեր Փանձաթաղի. Միասին մի այգի են նվիրել Թանատի վանքին, 1348թ. –Արձ. Սիսական 122:
Նիկոդիմոս, ար.< Հուն. Νιχόδημος անունից, որ բուն նշանակում է <<Հաղթող գավառի կամ ժողովրդի>>: Այս անունով հայտնի է Փարիսեցի Նիկոդիմոսը, որ հավատաց  Յիսուսին և նրա մարմինը իջեցրեց խաչից ու թաղեց( Յհ. Ժթ. 39): Մեր մեջ ընդհանրապես գործածական չէ. Հիշված կա այս անունով մի կաթոլիկ հայ 1781թ.(Պէրպէրեան, Պատմ. Հայոց , էջ 3):
     Օգտագործված գրականություն`
·        Ամբողջ հայկական հին մատենագրությունը, ինքնագիր ու թարգմանական, որ մեծ ու փոքր 800-ից ավելի աշխատություններից է բաղկացած, և որի հիշատակությունը ըստ Աճառյանի լիակատար է:
·        Ձեռագրաց ցուցակներ, որոնց թիվն հայերեն և օտար լեզուներով անցնում է 50-ից:
·        Երեմիա Վարդապետ (Մեղրեցի), «Բառագիրք Հայոց» 1698:
·        «Հայկազեան բառարան» Վենետիկի Մխիթարյան միաբանություն, 2-րդ հատոր՝ նվիրված է հատուկ անուններին։ Այստեղ թե տեղանունները և թե անձնանունները բացատրվում են հանգամանորեն, նշված են անվան ծագումը, ճիշտ տառադարձությունը։
·        Պատմական ու բանասիրական բազմաթիվ աշխատություններ, որոնցից ամենակարևորներն են Չամչեանի «Հայոց Պատմությունը», Օրմանեանի «Ազգապատումը», Գարագաշեանի   «Քննական պատմությունը»...
·        Հայնրիխ Հյուբշմանը իր «Armenische Grammatik» մոնումենտալ գրքում քննության է առել հայերենում տեղ գտած պարսկերեն, եբրայերեն, արաբերեն և այլ ծագում ունեցող անձնանունները և մեծ մասամբ դրանք ստուգաբանել։
·        Justi, Iranisches Namenbuch (Marburg 1895)
·        Bailly, Dictionare grec-francais, 6 ed. Paris
·        Quicherat et Daveluy - Dictionnaire latin-francais, Paris
·        Gesenius - Hebraisches und aramaisches Handworterbuch, Leipzig, 1921
·        Կամուս, Համատարած անդունդք ծովու, Բ տպ, Պոլիս 1250 թրք,և արբ,
Աճառյանը հայկական անձնանունները ըստ ծագման բաժանում է 15 խմբի։
·        Նախահայկական, օրինակ՝ Արամ, որը ծագում է Խալդյան Արամե թագավորի անունից
·        Անծանոթ, օրինակ՝ Հայկ, Արմենակ, Արամայիս, Ամասիա, Հարմա, Արա, Դարդոս և այլն, որոնք հիշատակվում են Մովսես Խորենացու Հայոց Պատմության Ա գրքում, և որոնց հայկական ծագումը ապացուցված չէ։
·        Բուն հայկական, օրինակ՝ Արձան, Տիրայր, Այրուկ, Աստղիկ, Գյուտ, Թաթուլ, Թոռնիկ, Իշխան, Զարմայր, Առնակ և այլն։ Կան նաև կենդանիների և թռչունների անվանումներով անուններ, որոնք հիմնականում ուժի, գեղեցկության և քնքշության արտահայտություններ են և միայն հեռավոր կապ կարող են ունենալ տոտեմիզմի հետ։ Օրինակ՝ Այծեմնիկ, Առյուծ, Արտույտ, Գառնիկ, Եզնիկ, Աղավնի, Արծվիկ և այլն։
·        Պահլավական, օրինակ՝ Վարդան, Բագրատ, Ատրներսեհ, Դրաստամատ, Զարեհ, Սեպուհ, Զոհրապ, Խոսրով, Խոսրովիդուխտ, Համազասպ, Գիսակ, Գուրգեն, Անուշ, Աշխեն, Արշակ, Սանատրուկ, Տրդատ, Վռամշապուհ և այլն, որոնք պարթևական ազդեցության արդյունք են։ Դրանց մեծ մասը ստուգաբանված է, որպես հասարակ անուններ, ինչպես՝ Աշխեն՝ «թուխ», Անուշ՝ «անմահ», Գուրգեն՝ «գայլի ձագ», Տրդատ՝ «Տիր աստծո տված»։
·        Ասորական, օրինակ՝ Աբգար, Եղիշե, Գադիշո և այլն, որոնք եկել են Հայաստանում Քրիստոնեություն ընդունումից հետո, բայց ասորական ազդեցությունը կարճ եղավ և հայերի մոտ պահպանվեցին միայն մեկ-երկու անձնանուն (Աբգար, Եղիշե)։
·        Եբրայական, անուններ, որոնք եկել են Քրիստոնեության հետ, օրինակ՝ Ադամ, Եվա, Աբել, Աբրահամ, Սեթ, Սահակ, Դանիել, Գաբրիել, Եսայի, Հակոբ, Զաքարիա, Սողոմոն և այլն։ Եբրայական անունները հայերին անցել են Աստվածաշնչի թարգմանության միջոցով, որը կատարվել է հունարենից և այդ պատճառով հայերենտառադարձման մեջ դրանք կրում են հունարենի ազդեցությունը։
·        Հունական, այս անձնանունները արդյունք են հայ-հունական դարավոր կապերի և հելենիստական մշակույթի ազդեցության։ Առավել տարածված անուններից են ՝ Անաստաս (հարություն), Ղևոնդ (առյուծ), Վասիլ (թագավոր), Գևորգ (երկրագործ), Գրիգոր (արթուն), Կիրակոս (տերունի), Հռիփսիմե (անկյալ), Ստեփան (պսակ)։
·        Արաբական, հայերը արաբներից քիչ թվով անուններ վերցրել են արաբական տիրապետության ժամանակաշրջանում, օրինակ՝ Աբլխարիպ (Ղարիբի հայր), Աբուսահլ (Սահլի հայր), Մլեհ (սիրուն, գեղեցիկ)։ Այժմ սրանք գործածական չեն։
·        Լատինական, այս անունները հայերի մոտ տարածում են գտել Կիլիկիայի Հայկական Թագավորության ժամանակշրջանում։ Դրանցից են՝ Անտոն (առաջնորդ), Լևոն (առյուծ), Հեթում (ըստ Աճառյանի Օտոն Ա-ից), Ալիս, Զաբել և այլն։
·        Հայ կրոնական անունները սկզբում քրիստոնեական օտար անունների թարգմանություններն էին, ինչպես՝ Առաքել (հունարեն՝ Ապոստալ), Հարություն (հունարեն՝ Անաստաս), Աստվածատուր (հունարեն՝ Թեոդորոս), Խաչիկ (հունարեն՝ Ստավրի), Մխիթար (եբրայերեն՝ Սեթ)։ Դրան զուգընթաց ստեղծվել են նոր նմանակերտ անձնանուններ, օրինակ՝ Համբարձում, Զատիկ, Գալուստ, Մարգար, Կարապետ, Մկրտիչ, Ավետիս Ավագ, Մաքրուհի, Սրբուհի, Տիրուհի և այլն։
·        Հայ ժողովրդական անուններ, որոնք գործածվել են շինական ժողովրդի շրջանում և պահպանվել են առ այսօր։ Դրանք արտահայտել են մարդու արտաքին և ներքին բարեմասնությունները։ Օրինակ՝ Վարդիթեր, Հնազանդ, Համեստ, Քնարիկ, Հրանուշ, Պատվական, Գեղուհի, Լուսիկ, Փայլակ, Արփենիկ, Ազնիվ և այլն։
·        Սելջուկ-թաթարական տիրապետության ժամանակ հայերը քիչ թվով անձնանուններ են փոխառել, օրինակ՝ Ասլան (առյուծ), Ջիվանշիր (մատաղ առյուծ), Հախնազար (աստվածատես), Թամամ (կատարյալ) և այլն։ Դրանցից պահպանվել են բացառապես մեկ-երկուսը։
·        Եվրոպական անունները փոխառվել են ֆրանսերենից, իտալերենից, գերմաներենից և անգլերենից։ Սկզբում բացառապես գործածական էին արևմտահայերի, հիմնականում կաթոլիկների մոտ (Ժոզեֆ, Վալենտին, Ալբերտ, Էդուարդ, Վիկտորիա, Էժեն, Վերժին, Ադոլֆ, Ռուդոլֆ և այլն)։ Ծանոթությունը եվրոպական մշակույթի հետ իր հետ բերեց անձնանունների մեծ հոսանք։ Շատ գործածական դարձան՝ Էմմա, Էլենորա (կարճ՝ Նորա), Ջուլիետա, Օֆելյա, Նապոլեոն, Համլետ, Հենրի և այլն։
·        Ռուսական անձնանունները հայոց լեզվի մեջ ներթափանցել են նոր ժամանակներում։ Դրանցից շատերը վաղուց ունեն հայերեն տարբերակներ, սակայն օգտագործվում են ռուսերեն կամ դրան մոտ ձևով, օրինակ՝ Նիկոլայ (Նիկողայոս), Գեորգի, Եգոր (Գևորգ), Իվան (Հովհաննես) և այլն։ Երբեմն նմանահնչյուն տառի առկայության դեպքում օգտագործվում է ռուսական անձնանուններ, որպես հայակական անվան համարժեք, թեև դրանք մեկը մյուսի թարգմանությունը չեն, օրինակ՝ Մկրտիչը դառնում է Նիկիտա, Հարությունը՝ Արտեմ կամ Արտյոմ, Մարտիրոսը՝ Մարտին, Արշակը՝ Արկադի, Վաղարշակը՝ Վոլոդյա և այլն։ Տարածված են նաև ռուսական փաղաքշական անունները, օրինակ՝ Միշա (Միքայել), Սաշա (Ալեքսանդր), Մաշա (Մարիամ), Լիզա (Եղիսաբեթ), Կոլյա (Նիկողայոս)։
·        Հայ ազգային անունները արդյունք են ինքնագիտակցության զարթոնքի։ Դրանք նորաստեղծ անուններ են՝ Հայաստան, Արմեն, Արմենուհի, Արաքսի, Մասիս, Արարատ, Սևան, Հայկուհի, Ազատ, Սիրանուշ, Հրազդան, Հրայր, Հրաչուհի, Հայկազն, Հայկարամ, Ռազմիկ և այլն։
«Հայերէն Արմատական Բառարան» - Հրաչյա Աճառյանի ամենաարժեքավոր աշխատանքներից է։ Բառարանում ստուգաբանուած 5,602 բառ կա։ Առաջին հրատարակությունը ապակետիպ է` յոթ հատորով (1926-1935)։ Երկրորդ անգամ հրատարակվել է 1971թ.-ին Երևանում։
Հ. Աճառյանի «Հայերեն արմատական բառարանում» տիպական բառահոդվածները ներկայանում են հինգ բաժնով՝
  • Բառագիտություն:  Գլխաբառ արմատի դիմաց տրված են քերականական նշումներ, բացատրվում է իմաստը, ուղենշվում նրա պատմական էվոլյուցիան, բերվում են համապատասխան վկայություններ (գրավոր աղբյուրներից), որոնց մեջ երևում է արմատի բառակազմական պլանը, ցուցադրվում են նրանից կազմված բառերը, հնչյունափոխված ձևերը, տարբեր գրչությունները և այլն:
  • Ստուգաբանություն:  Բնիկ հայերեն բառի դիմաց տրվում են հնդեվրոպական նախալեզվի վերականգնված ձևը, ցեղակից լեզուների վկայությունները, իսկ եթե բառը փոխառյալ է, նշվում է աղբյուրը (փոխատու լեզուն)՝ համապատասխան բառի (արմատի) ցուցադրումով:
  • Ստուգաբանությունների պատմություն:  Բերվում են տվյալ արմատի վերաբերյալ անցյալում արված բոլոր ստուգաբանությունները: Այս բաժինը հիմնականում տեղեկատու նշանակություն ունի:
  • Բարբառագիտություն:  Բերվում են արմատի համապատասխանությունները նոր հայերենի բարբառներում՝ ցուցադրելով դրա հնչյունական, իմաստաբանական, բառակազմական զարգացումները, փոփոխությունները: Գավառական ձևերը վերցված են հայերենի մի քանի տասնյակ բարբառներից:
  • Փոխառություն հայերենից:  Այստեղ նշվում է, թե տվյալ արմատը՝ իբրև հայերենից կատարված փոխառություն, որ լեզվում է առկա:

Բառարանի առաջաբանում հեղինակը հանգամանորեն պարզաբանում է իր աշխատության կառուցվածքը, մեկնաբանում ստուգաբանական այն սկզբունքները, որոնցով ղեկավարվել է ինքը: Առաջաբանին կից տրված են համառոտագրական ընդարձակ ցանկեր: Բառարանի առաջին հրատարակության 7-րդ հատորը հավելվածային է, և երկրորդ հրատարակության ժամանակ այն մուծվել է համապատասխան բաժինների մեջ: Հ. Աճառյանի այս աշխատությունն անգնահատելի ներդրում է հայերենագիտության մեջ. այն իր նմանը չունի նաև համաշխարհային բառարանագրության մեջ:

No comments:

Post a Comment