Wednesday, 10 June 2015

Ճամբարային առօրյայից

Ահա ևս մեկ ճամբարային օր էլ անցավ, բայց այս մեկ օրվա ընթացքում այնքա՜ն բաներ հասցրինք: Առավոտյան ընդհանուր պարապունքից հետո ընկեր Արշակի առաջնորդությամբ պատրաստվում էինք վաղվա ընդհանուր պարապունքին՝ պարում էինք իմ սիրելի ռազմապարերից մեկը՝ «Տալտալան», իսկ հետո փորձում էինք սովորել մեկ այլ ռազմապար, որն այնքան էլ լավ չէր ստացվում:
Դրական էներգիայի մեծ պաշար հավաքելուց հետո մեզ սպասվում էր անսպասելի իրավիճակներով հագեցած ֆուտբոլային խաղը. աշակերտները խաղում էին ընդդեմ ուսուցիչների: Ցավոք, ֆուտբոլային հանդիպմանը մինչև վերջ ներկա գտնվել չկարողացա. պետք է շտապեի Գեղարվեստի դպրոցի ցուցասրահ, ուր կայանալու էր «Ապաֆունկցիոնալ տարածքների ապամոնտաժում» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված էին Սուսան Ամուջանյանի և նրա խմբի լուսանկար- ուսումնասիրությունները՝ խորհրդային տարիներից մնացած և այժմ չօգտագործվող շինությունների մասին: Ցուցադրության ընթացքում երաժշտական կատարմամբ հանդես եկան Երաժշտական լաբորատորիայի ղեկավար Կարեն Խաչատրյանը և 10-րդ դասարանի սովորող Աստղիկ Մամիկոնյանը:

Ֆոտոխցիկի ֆիկսած իրականության ազդեցությամբ ու բազում մտքերով լցված՝ վերջապես ուղևորվեցինք դեպի այդքան սպասված խեցեգործական արհեստանոց: Առաջին անգամ պետք է կավը ձեռքս առնեի, փորձեի հոգումս եղած զգացմունքները փոխանցել նրան: Հիանալի հանդիպում ստացվեց, չնայած այն «իրը», որը փորձում էի պատրաստել, այդպես էլ ոչինչի չնմանվեց:
Օրն ավարտվեց գրքի քննարկմամբ: Կարծում եմ՝ քննարկումը ստացվեց, որովհետև նրանք, ովքեր դեռ չէին կարդացել այդ գիրքը, որոշեցին անպայման կարդալ։ Որոշվեց նաև ևս մեկ քննարկում կազմակեպել, բայց այս անգամ արդեն այլ՝ Հերման Հեսսեի «Ներսը և դուրսը» պատմվածքի շուրջ:
Այսպես արագ, անսպասելի և մտածելու տեղիք տվող օր ստացվեց:

No comments:

Post a Comment