Wednesday, 25 November 2015

Տոնական օր Գետաշենում

Նկարը՝ tv.mskh.am -ից
Այսօր մի փոքրիկ խմբով ներկա եղանք Արմավիրում գտնվող Գետաշեն համայնքի վերանորոգված դպրոցի բացման արարողությանը: Չիմանալով ճանապարհը՝ մենք առանց շփոթմունքների հասանք Գետաշեն:
Ես անկեղծորեն զարմացած էի, քանի որ սպասում էի տեսնել մի փոքրիկ, համեստ կահավորմամբ  դպրոց: Սակայն, ի զարմանս ինձ, դպրոցը շատ մեծ էր և շնորհիվ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի շատ գեղեցիկ էր կահավորված: Ապահովված էին սովորելու, ուսումնասիրելու, ստեղծագործելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Դպրոցն ուներ իր սեփական ջերմոցը, իր աշակերտների թվով տնկված ծիրանենու ծառերը, սովորողի նախասիրությունների զարգացմանը նպաստող տասնմեկ խմբակներ, որոնք անվճար էին, շատ գեղեցիկ ներքին բակ, ուր սովորողները կարող էին անցկացնել իրենց ազատ ժամանակը: Նախաձեռնության հեղինակները փորձել էին ստեղծել գյուղական դպրոցի մոդել, որտեղ սովորողն ինքը պետք է հողից բերք ստանար, հոգ տաներ իր տնկած ծառի, բույսի, ծաղկի համար, որը պետք է մի մասը կազմի իր ուսումնական-հետազոտական աշխատանքի: Դրան նույնիսկ պատերի վառ գույներն էին նպաստում:
Դպրոցին ծանոթանալուց հետո, հիմնադրամի՝ կրթության գծով տնօրենը, դպրոցի տնօրենը և մարզպետը պատմեցին իրենց զգացողությունների, ծրագրի իրականացման և հետագա նպատակների մասին: Այնուհետև դպրոցի սովորողները պարեցին, երգեցին, խաղացին իրենց բեմադրած ներկայացումից մի հատված, որի պրեմիերան պետք է տեղի ունենա դեկտեմբերի 4-ին:
Դպրոցի բարեկամ երիտասարդներն էլ էին եկել՝ իրենց երգով շնորահավորելու և իրենց ուրախությունը փոխանցելու համար: Չեմ կարող չառանձնացնել մի խմբի, որը ժողովրդական երգեր էր կատարում. ըստ իս, դա լավագույն լրացումն էր այն շնչի, որով լցված էր ողջ դպրոցը:

Այժմ ես էլ եմ ինձ երջանիկ զգում, որ սահմանամերձ գյուղում կարող է այսպիսի ծրագիր իրականացվել, այսպիսի դպորց ստեղծվել, որը նույնիսկ անծանոթ մարդուն կարող է ստեղծագործական շունչ և ձգտումներ փոխանցել:

No comments:

Post a Comment