Նախաբան
Կցանկանայի նշել, որ այս թեման ինձ սկսել է հետաքրքրել դեռ ամառվանից`երբ
առաջին անգամ տեսա Լոռի բերդը(կառուցվել է
1005-1020թթ.-ին Դավիթ Անհողին արքայի կողմից): Այդ
գեղեցիկ տեսարանը, անսահման ազատության ու կյանքի հանդեպ այդ յուրօրինակ սիրո զգացումը
և նորը բացահայտելու մեծ ցանկությունը մինչև այսօր չեմ կարողանում մոռանալ: Բայց չնայած
այս ամենին իմ հետաքրքրասիրությունը և մի շարք
հարցեր ծնվեցին այն ժամանակ, երբ լսեցի, որ տեղացիները Լոռի բերդը անվանում
էին <<Աշոտ երկաթի ամրոց>>: Գուցե այդպես էին անվանում, քանի որ Աշոտ Երկաթը
ժողովրդի սիրելի արքաներից մեկն է, կամ որ Լոռու թագավորությունը եղել է Բագրատունյաց
թագավորության ենթակա թագավորությունը...
Հետաքրքիր է ինչպե՞ս Բագրատունյաց իշխանական տոհմը երկրի փաստական կառավարումը վերցրեց իր ձեռքը`ունենալով ուժեղ հակառակորդներ, ինչպիսիք են Արծրունիները, Սյունիները...
Հետաքրքիր է ինչպե՞ս Բագրատունյաց իշխանական տոհմը երկրի փաստական կառավարումը վերցրեց իր ձեռքը`ունենալով ուժեղ հակառակորդներ, ինչպիսիք են Արծրունիները, Սյունիները...
Բագրատունյաց թագավորության ամրապնդումն ու զարգացումը
7-րդ դարում Հայաստանը մտնում է Արաբական խալիֆայության կազմի մեջ և հարևան Վրաստանի, Աղվանքի ու Դերբենդի հետ կազմում է մեկ վարչատարածքային
միավոր՝ Արմինիա կուսակալություն:
7-8-րդ դարերում քաղաքական գերիշխանության համար մրցակցությունն ընթանում էր
հայկական երկու հինավուրց իշխանական տների`Բագրատունիների և Մամիկոնյանների միջև: 7-րդ
դարի վերջին Հայոց իշխան է դառնում Աշոտ
Բագրատունին (685-689թթ.)։Քաղաքական
պայքարն ավարտվում է Բագրատունիների հաղթանակով, ովքեր իրենց տիրույթներին են
միացնում Կամսարականների (Շիրակ) և
Մամիկոնյանների (Տարոն) կալվածքները: 8-րդ
դարում Հայոց իշխանի պաշտոնը
մեծ մասամբ վարել են Բագրատունիները։ Նրանք քաղաքական ասպարեզից աստիճանաբար դուրս
են վանել Մամիկոնյաններին։
Աշոտ Ա-ն
դարձավ Բագրատունյաց թագավորության հիմնադիրը: Նա, որպես փորձված պետական գործիչ և զորավար, մեծ ուշադրություն էր դարձնում առաջին հերթին երկրի պաշտպանությանը: Նա քայլեր ձեռնարկեց հայկական տարածքներն իր իշխանության ներքո միավորելու համար: Սակայն այդ հարցում թագավորը հանդիպում էր ուժեղ դիմադրության: Նա ճնշեց Վանանդի իշխանների ելույթը և Վանանդ գավառը Կարս բերդաքաղաքով միացրեց իր տիրույթներին: Կարսը վերակառուցվեց և դարձավ հայոց սպարապետների աթոռանիստը: Ավելի բարդ էր Վասպուրականի Արծրունի և Սյունիքի Սյունի իշխանական տների խնդիրը: Դրանք իրենց կարողությամբ և ռազմական ուժով քիչ էին զիջում Բագրատունիներին: Սակայն Աշոտ Ա թագավորին հաջողվեց խաղաղ ճանապարհով, խնամիական կապեր հաստատելով, ավատատիրական այս հզոր տները ևս ենթարկել իր իշխանությանը:
Հայոց թագավորն իր իշխանությանը ենթարկեց Վասպուրականի, Գուգարքի, Սյունիքի, Արցախի հայկական իշխանությունները, ինչպես նաև Հայաստանի հարավի արաբական ամիրայությունները: Դրանով հայկական հողերի մեծ մասը միավորեց մեկ պետության մեջ:
Ենթակա թագավորություններ
Վասպուրականի թագավորություն
Հիմնադրվել է 908թ.-ին Գագիկ Արծրունու կողմից: XI դարի սկզբին
թագավորությունն ուներ 8 քաղաք, 72 բերդ ,115 վանք և 4000-ից ավելի գյուղեր:
Բագրատունի թագավորներից հետո
Հայաստանում մեծ հեղինակություն ունեին Վասպուրականի Արծրունիները:
Մինչև IX դարը Արծրունյաց նախարարական
տունը իշխում էր միայն տոհմական ոստան Աղբակում և Մարդաստանում: Բացի Արծրունիներից
Վասպուրականի որոշ մասերում իշխում էին նաև Ռշտունիները, Ամատունիները, Բագրատունիները,
Անձևացիք, Ակեացիք և ուրիշ տներ: Որոշ ժամանակ անց Արծրունիները այնքան ուժեղացան,
որ Վասպուրականն արդեն համարվում էր նրանց սեփական նահանգը:
Բուղայի արշավանքներից հետո Վասպուրականում
դրության տեր է դառնում Արծրունյաց տան երկրորդական ճյուղի ներկայացուցիչ Ապուպելճի
որդի Գուրգենը: Նա Վասպուրականը լրիվ մաքրեց արաբներից և Բուղան ստիպված էր նրան ճանաչել
Վասպուրականի իշխանապետ:
Արծրունիների տարեգրության միջոցին(852-858թթ.)
Գուրգեն Ապուպելճի ջանքերով դրվում է Վասպուրականի միավորման սկիզբը: Նրանից հետո Վասպուրականի
իշխանների միջամտությամբ գահերեց իշխան ճանաչվեց գերությունից վերադարձած Աշոտ Արծրունին:
Վասպուրականի քաղաքական կշիռն
էլ ավելի է մեծանում Աշոտ Արծրունու որդի` Գրիգոր-Դերենիկի իշխանապետության տարիներին(875-885թթ.):
Այդ միջոցին զորեղացել էին նաև Սյունաց իշխանները, և հայկական պետականությունը վերականգնելու
Բագրատունիների ջանքերն օգուտ չէին տա, եթե Արծրունիներն ու Սյունեցիները սատար չլինեին
նրանց: Բագրատունիները լավ էին ըմբռնում այս իրողությունը և ամեն կերպ ամրապնդում էին
բարեկամական կապերը իշխանական այդ երկու տոհմերի հետ: Այնուհանդերձ նրանք չկարողացան
վերացնել հակասությունները այդ տների, մանավանդ իրենց և Արծրունիների միջև: Դրությունը
բարդանում էր նաև այն հակասություններով, որ կային Վասպուրականի և հարևան արաբական
ամիրայությունների միջև: Այս Արծրունիներին մղում էր ուժեղացնելու Վասպուրականի պաշտպանունակությունը`
հարևան ամիրայությունների դավադիր խաղերին զոհ չգնալու համար: 860-ական թթ.-ին Աշոտ
Արծրունին Ութմանիկներից զենքով ետ խլեց հնավանդ Վարագա վանքը: Այնուհետև, Դերենիկի
օրոք, երբ Աշոտ իշխանաց իշխանը պայքարում էր Ահմադ ոստիկանի դավադրությանը մասնակից
ամիրաների դեմ, Վասպուրականին միացվեցին Հերի և Սալմաստի մահմեդական իշխանների տիրությունները:
Նրա օրոք Վասպուրականին միացվեց Տարոնը, որտեղ իշխում էին Աշոտ և Դավիթ Բագրատունի
եղբայրները: Դերենիկի և Տարոնի գահերեց իշխան Աշոտի միջև գժտություն է ծագում, որը
հարթվում է իշխանաց իշխան Աշոտ Բագրատունու վճռական միջամտությամբ: Այս տեսակի անհաշտությունները
երկար չտևեցին, քանի որ Դերենիկի սպանությունից հետո Աշոտ իշխանաց իշխանը Վասպուրականը
իր ձեռքն առավ Գագիկ Ապումրվանին նշանակելով Դերենիկի երեք անչափահաս որդիների խնամակալ:
Աշոտ Արծրունին, Վասպուրականի
որոշ իշխանների կամակցությամբ մեկնում է Ատրպատականի ոստիկան Ափշինի մոտ և հպատակություն
հայտնում նրան: Այս քայլից զայրացած Հայոց թագավորը Գուրգեն Անձևացուն և Գագիկ Ապումրվանին
իրավունք է տալիս ժառանգել Վասպուրականի իշխանությունը: Այս որոշումը անհետևանք չի
մնում: Տեղի են ունենում դավադրություններ, բանտարկություններ, որոշ իշխաններ դիմում
են Հայաստանի նկատմամբ նվաճողական ախորժակներ ունեցող Միջագետքի ամիրա Ահմադ Շայբանիի
միջամտությանը: Այս ամենի հետևանքը դարձավ Հայոց զորքերի պարտությունը ամիրա Ահմադ
Շայբանիի զորքերին`Թուղխի ճակատամարտում, Ապումրվանիի սպանությունը, Սնբատ Ա-ի կողմից
Աշոտ Արծրունու վերահաստատումը Վասպուրականի գահերեցի դիրքում: Այս դեպքերից հետո,
մինչև Աշոտ Արծրունու մահ Բագրատունյաց և Արծրունյաց տոհմերի միջև տիրեց խաղաղություն
և համերաշխություն: Հարկ եղած դեպքում նրանք պատրաստակամ էին միմյանց օգնելու:
Աշոտի մահից հետո, երբ գահ են
բարձրանում նրա եղբայրներ Գագիկը և Գուրգենը, կառավարման առաջին տարիներին զգում են
Բագրատունիների պաշտպանության կարիքը, բայց հետո պատկերն ամբողջովին փոխվում է: Հայաստանի
քաղաքական մասնատվածության և պառակտման առաջին օրինակը տվեց Վասպուրականը: Այս հանգամանքից
օգտվեց Յուսուֆը, որի հաջողությունները սակայն քիչ տևեցին, քանի որ Գակիկը սկսել էր
ինքնուրույն քաղաքականություն վարել, և որը շարունակվեց նաև Յուսուֆին հաջորդած Սբուքի
օրոք:
Գագիկի թագավորության տարիներին
բարենպաստ հանգամանքների բերումով կատարվեցին շինարարական ծավալուն աշխատանքներ:
Վասպուրականի թագավորությունն
Հայաստանի գավառական թագավորությունների շարքում ամենախոշորն էր: Գագիկ Արծրունու օրոք
նրա տարածքը ձգվում էր հյուսիսից հարավ`Արաքսից մինչև Կորդվաց լեռները և արևմուտքից
արևելք`Վանա լճից մինչև Կապուտան(Ուրմիո) լիճը: Հարավում նրա սահմանային գավառներն
էին Մոկաց աշխարհի հարավային շրջանները, Կորճայքի Ճահուկ գավառի հարավային սահմանը
կազմող Մեծ Ջավ գետը, արևելքից`Պարսկահայքի արևմտյան մի քանի շրջանները` Կարմիր գետր
ավազանով: Այնուհետև Կարմիր գետի և Արաքսի միախառնման կետից սահմանը արաքսով ձգվում
էր մինչև Արտաշատի մոտերքը, ապա թեքվելով դեպի հարավ-արևմուտք`Աղիովիտ գավառի արևմտյան
մասով հասնում Վանա լճին:
Թագավորության հիմնական մասն
էր Վասպուրականը, որը Մեծ Հայքի խոշորագույն նահանգն էր, ուներ 35 գավառ: Դրանցից
33(բացի Գաբիթյանն ու Պարսպատունիքը) մտնում էին Վասպուրականի թագավորությա մեջ:
Բացի Վասպուրականից Արծրունյաց
թագավորության կազմի մեջ մտնում էին նաև Մոկք նահանգը, Պարսկահայքի Տամբեր և Ըռնա գավառները,
Հեր և Զարևանդ գավառների մի մասը: Կորճայք նահանգից Վասպուրականի թագավորության մեջ
մտնում էին Ճհուկ և Փոքր Աղբակ գավառները: Գագիկ Արծրունու օրոք Վասպուրականի թագավորությանը
միացվեցին Այրարատի Կոդովիտ, Բագրևանդ և Մասիացոտն գավառները, որոնք հետագայում անջատվեցին.
1000թ.-ին թագավորությանը միացվեցին նաև Խիաթը, Մանազկերտը, Բերկրին, Արճեշը և Արծկենը:
Գագիկ Արծրունու և նրան հաջորդած
գահակալների օրոք էլ ավելի լավացան նրանց և Բագրատունյաց թագավորության հարաբերությունները:
Այսպիսի հարաբերությունների ձևավորումը անհրաժեշտ էր և՛ Բագրատունիներին, և՛ Արծրունիներին:
Վասպուրականի թագավորությունը
բացի Բագրատունիներից նաև դաշնակցում էր քրդական ցեղերի հետ, սակայն որը նույնպես չփրկեց
նրանց Բյուզանդիայի մտադրություններից:
Այսպիսով ներքին գահակալական
պառակտումները և արտաքին նվաճողական ձգտումները հանգեցրեցին Վասպուրականի մասնատվածությանը
և նկատելիորեն թուլացմանը:
Վանանդի(Կարսի)
թագավորություն
Հիմնադրվել է 963թ.-ին Մուշեղ Բագրատունու կողմից(Աշոտ Գ Ողորմածի
եղբայր): Գոյատևել է 963-1065թթ.:
Կարսի թագավորությունը ստեղծման
օրից սերտ քաղաքական և տնտեսական կապերի մեջ
է եղել Անիի Բագրատունյաց թագավորության հետ: Այն նաև կախման մեջ է գտնվել Բագրատունիներից,
որի վառ արտահայտումն էր Մուշեղի կողմից Աշոտ Գ Ողորմածի գերագահության ընդունումը
: Այսպիսով այն համարվում է Բագրատունյաց երկրորդ
թագավորություն:
Թագավորության մայրաքաղաքը Կարսն
էր, որն ավելի վաղ ժամանակ`նախքան Կարսի թագավորության ստեղծումը Անիի Բագրատունիների
մայրաքաղաքներից է եղել (Աբաս Բագրատունու օրոք):
Ի տարբերություն մնացած բոլոր
ենթակա թագավորությունների Կարսի թագավորությունը միշտ հավատարիմ է եղել Անիի Բագրատունիներին
և հարկ եղած դեպքում աջակցել:
Թագավորության վիճակը անկայունություն
է ապրել Բյուզանդիայի և վրաց Բագրատունիների միջև տեղի ունեցող արյունահեղ պատերազմների
ժամանակ: Բայց դրա ավարտից հետո կարողացավ պահպանել համեմատական խաղաղ և կայուն իրավիճակ:
Կարսի Բագրատունյաց թագավորները
միշը ձգտել են կրել <<շահնշահ>> տիտղոսը`ինչպես Անիի Բագրատունիները: Այս
ձգտումները կարճ ժամանակով, բայց հնարավոր
եղավ իրականացնել Անիի վերջին թագավոր` Գագիկի Կոստանդնուպոլսում գտնվելու ժամանակ: Այս տիտղոսը
կրեց Գագիկ Կարսեցին, ով շուտով սելջուկյան արշավանքներից վախենալով իր պետությունը
կտակում է Բյուզանդական կայսրությանը, դրա դիմաց ստանալով Գամիրքում Ծամնդավի իշխանությունը:
Հենց այսպես էլ ավարտվում է և՛ Անիի Բագրատունյաց, և՛ Կարսի Բագրատունյաց թագավորությունների
գոյությունը:
Տաշիր-Ձորագետի կամ Լոռու թագավորություն
Հիմնադրվել է 982թ.-ին Գուրգեն Բագրատունու կողմից (Կյուրիկյան
թագավորություն): Ամենանշանավոր արքան եղել է Դավիթ Անհողինը(989-1065թթ.), մայրաքաղաք`
Լոռի բերդաքաղաք:
Բագրատունըաց Հայաստանում X դարում
առաջացած քաղաքական միավորումներից էր Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորությունը,
որն առաջացավ երկրի հյուսիսային ծայրամասում, ընդգրկելով պատմական Գուգարքի արևելյան
շրջանները:
IX դարի վերջում Աշոտ Ա Բագրատունին
մաքրեց արևելյան Գուգարքը արաբներից ու միացրեց Բագրատունյաց ոստանին որպես պետական-արքունական
հող`նշանակովի կառավարիչների իշխանության ներքո:
Տաշիրը և Աղստևի լեռնահովիտը
X դարի առաջին քառորդում կարևոր նշանակություն ունեին Հայաստանի համար, նրանք պաշտպանում
էին երկիրը հարևան արաբական ամիրայություններից: Ատրպատականի ամիրաները(Ափշինը, Յուսուֆը)
կամ նրանց զորապետերը հաճախ այս գավառների վրայով էին ներխուժում Հայաստան: Այսպես
օրինակ, Ատրպատականի ամիրաների 896 և 899 թթ. արշավանքները Հայաստան ձեռնարկվեցին Աղստև-Տաշիրի
վրայով, բայց շուտով Աշոտ Բ-ն ամբողջ Տաշիրն ու Աղստևի լեռնահովիտը մաքրեց արաբներից
և նորից միացրեց իր տերությանը:
Նկատի ունենալով այս մարզերի
կարևոր ռազմա-ստրատեգիական նշանակությունը Բագրատունյաց արքունիքը հատուկ ուշադրություն
է դարձնում նրանց պաշտպանությանը: Այդ նպատակով էր ստեղծվել տեղական(գավառական) իշխանություն,
որի ղեկավարները միաժամանակ զորապետներ էին:
Իշխանության կառավարումը վերակացուների
կողմից լրացուցիչ խնդիրներ էր առաջացնում: Նրանք հաճախ խառնակ իրավիճակների ժամանակ
ըմբոստանում էին, ձգտելով ինքնուրույնության:
X դարի կեսերից իշխող դինաստիան
արևելյան Գուգարքի կառավարումը հանձնեց իր տոհմակիցներին, այդ եղանակով երկրամասը կապեց
կենտրոնի հետ: Տաշիր-Ձորագետի գավառները միավորվեցին մեկ վարչական մարզի մեջ և ստացան
քաղաքական ու եկեղեցական հատուկ իրավասություն:
Հայոց Աշոտ Գ թագավորի որդի Գուրգենը
կառավարիչ էր նշանակված այդ մարզում: Նրան թագավոր ճանաչելով Բագրատունի թագավորները
ձգտում էին Գուգարքը ավելի զորեղացնել, դարձնելով կենտրոնական իշխանության հենարանը,
պետության հյուսիսային սահմանների պաշտպանությունը ամրապնդելու համար:
Եթե Վասպուրականի կամ Սյունիքի
թագավորությունների ձևավորումը հետևանք էր տեղական հզոր ֆեոդալական տների կենտրոնախույս
ձգտումների`պայմանավորված վեջիններիս քաղաքակն-տնտեսական հզորությամբ կամ թշնամիների
Հայաստանը մասնատելու և թուլացնելու քաղաքականությամբ, ապա Գուգարքի ձևավորումը պայմանավորված
էր հայոց արքաների ծրագրերով. Հայաստանի հյուսիսային դարպասները պաշտպանելու նպատակով:
Ընդգրկելով Գուգարքի արևելյան
մասը Տաշիր-Ձորագետի թագավորությունը արևմուտքից սահմանակից էր Շիրակին, հարավից`Նիգ
գավառին և Ծաղկունյաց լեռներին, հյուսիսից նրա սահմանները տարածվում էին մինչև Վրաստան:
Թագավորության կենտրոններն էին նախ Շամշուլգեն, ապա Լոռե բերդաքաղաքները:
Ինչպես նշվեց Տաշիր-Ձորագետի
առաջին թագավորը Գուրգենն էր: Նրան հաջորդեց Դավիթը(մոտ 996-1048/49թթ.), ով ընդարձակեց
երկրի սահմանները հյուսիսային ուղղությամբ, գրավեց Դմանիսը և իրեն ենթարկեց Տփխիսի
արաբ ամիրային: Նա նաև հաջողությամբ պայքարեց Գանձակի Շադդադյան ամիրայության դեմ,
Գուգարքից ետ շպրտեց Փատլունին և ճնշեց կենտրոնախույզ ուժերին:
Լոռվա թագավորության ներքին և
արտաքին դրության ամրապնդումը նախադրյալներ էր ստեղծում տեղական գահակալի անջատողական
ձգտումների համար: Դավիթը փորձ է կատարում ազատվելու շահնշահի գերիշխանությունից, բայց
Գագիկը արշավանք է ձեռնարկում դեպի Գուգարք և ուժի միջոցով ճնշում ըմբոստությունը:
Դավիթը ստիպված էր Գագիկին զիջելու որոշ բերդեր և հողեր: Այս պատճառով Դավթին տրվեց
<<Անհողին>> մականունը:
XI դարի 30-ական թթ.-երին Կյուրիկյանների
դիրքը Անդրկովկասում զգալիորեն ուժեղացել էր շնորհիվ այն բանի, որ Գուգարքին և Քարթլիին
սահմանամերձ Կախեթում իշխանությունն անցել էր Կյուրիկյան տան նոր ճյուղին: Դա Դավիթ
Անհողինի քաղաքական խոշոր հաջողությունն էր: Լոռվա թագավորն ամուսնացել էր Կախեթի իշխաի
քրոջ հետ, ուստի իշխանի մահից հետո իշխանությունը ժառանգեց Դավթի որդի Գագիկը, որը
և Կախեթի Կյուրիկյան հարստության հիմնադիր հանդիսացավ:
1040-ական թթ.-երին Կյուրիկյաններին
սպառնում էր լուրջ թորձություն`Դվինի ամիրա Աբու-լ-Ասվարը մեծ զորքով ներխուծում է
Գուգարք, սակայն օգնական զորքերի հետ միասին Դավիթը պարտության է մատնում նրան:
Դավիթ Անհողինը աչքի է ընկել
նաև իր շինարարական գործունեությամբ: Նա կառուցել
է բազմաթիվ բերդեր, այդ թվում Լոռվա նշանավոր բերդը:
Դավթին հաջորդեց նրա ավագ որդին`Կյուրիկեն:
Նրա օրոք Լոռի բերդը դարձավ թագավորանիստ քաղաք:
XI դարի առաջին կեսում Կյուրիկյանները
նշանակալից դեր էին խաղում երկրի կյանքում: Դավթի և նրան հաջորդած Կյուրիկե Ա-ի գահակալության
տարիները կազմում են Կյուրիկյան թագավորության առավել հզորության ժամանակաշրջանը:
Կյուրիկյանների քաղաքական, հոգևոր
և մշակութային կենտրոնն էր Տաշիր գավառը: Գավառի անունով X-XI դարերում ամբողջ թագավորությունը
անվանում էին <<Տաշրա երկիր>>:
Սյունիքի թագավորություն
Հիմնադրվել ` 987թ.-ին Սյունիքի իշխան Սմբատի կողմից: Թագավորության
կենտրոնը Սյունի ավանն էր, այնուհետև Կապանը: Թագավորության նշանավոր արքաներից է Վասակը:
IX դարի երկրորդ և X դարի առաջին
կեսերին Սյունյաց իշխանությունը հանդիսանում էր հայ Բագրատունիների թագավորության հավատարիմ
վասալը, քանի որ անմիջականորեն սահմանակից լինելով Ատրպատականի արաբական ամիրայությանը,
Սյունիքը զգում էր Բագրատունիների զորեղացած թագավորության հովանավորության անհրաժեշտությունը:
890-ական թթ.-երին լքելով Սմբատ
արքային Սյունյաց Վասակ Իշխանիկը հպատակվել էր ատրպատականի ոստիկան Ափշինին: Սակայն,
երբ վտանգն անցել էր, Վասակը կրկին ճանաչեց հայոց արքայի գերիշխանությունը:
Պառակտման նոր առիթը Նախճավանի
հարցը եղավ, երբ Ապահունիքի Կայսիկների անհնազանդությունը 902թ.-ին ճնշելուց հետո Սմբատ Ա-ն Նախճավան քաղաքն իր շրջակայքով
հանձնեց Վասպուրականի իշխանին: Սյունիքը զրկվում էր շատ կարևոր տիրույթից, ուստի մի
տարի անց Սյունյաց Սմբատ իշխանը գժտվեց թագավորից, բայց գտնվելով Սմբատ Ա-ի և Վասպուրականի
իշխանի զորքերի Սյունիք ներխուժելու սպառնալիքի ներքո և գիտակցելով իր թուլությունը,
Սմբատ Սյունին կրկին հնազանդվեց հայոց թագավորին:
Սյունյաց Սմբատ իշխանի կյանքի
վերջին տարիներին նկատվում էր գահերեց իշխանության թուլացում և Բաղքի գահակալ իշխանների
քաղաքական ու տնտեսական զորեղացում: Այս բանն իրեն առավել զգացնել է տալիս 10-րդ դարի
70-80 –ական թթ.-ներին: Սմբատի մահից հետո, որը տեղի ունեցավ 342-349թթ. միջև ընկած
շրջանում նրան հաջորդում է որդին` Վասակը, որը հորից ժառանգեց գահերեցությունը. Վայոց
Ձորն ու Ճահուկը և հավանաբար որոշ տիրույթներ հարակից գավառներում: Չնայած այն հանգամանքին,
որ գահերեցության իրավունքը ավելի ու ավելի անվանական էր դառնում, Վասակը դեռևս նկատելի
ազդեցություն ուներ սյունիքի մեծ մասում:
Դվինի և նրանից հարավ-արևելք
ընկած Արաքսի հովտի համար պայքարը, հայկական պետության և արաբական ամիրայությունների
միջև, բախտորոշ նշանակություն ունեցավ Սյունքի անջատական ձգտումների համար:
Ըստ վեզիր Աբու-լ-Կասիմ Ալի իբն
Ջաֆարի հիջրայի 344թ. կազմած հարկացուցակի երևում է, որ Սյունիքը ավելի մեծ կախման
մեջ էր Սալարյաններից, քան Վասպուրականը կամ Արցախը:
Աշոտ Գ Ողորմած թագավորը 953թ.-ին
Դվինը գրավելու անհաջող փորձից հետո նոր քայլեր է կատարում նրան տիրելու ուղղությամբ:
Նա 976թ.-ին զորքով Մաղարդա Սուրբ Ստեփանոս Նախավկայի վանքն է գալիս և եկեղեցուն նվիրում ընդարձակ կալվածներ շրջակա Նախճավան, Ոստան
և այլ գավառներում: Սա փաստացի Դվինից հարավ ընկած Արաքսի հովիտը Բագրատունյաց թագավորությանը
միացնելու կամ նվազագույնը գերիշխանությանը ենթարկելու փորձ էր, որը ստացվեց:
Ըստ Ստ. Օրբելյանի տվյալ տարածքները չէին մտնում Բագրատունյաց
թագավորների կալվածների մեջ: Թագավորը կալվածները գնել էր և նոր միայն նվիրել վանքին:
Իրեն ենթարկելով Արաքսի հովտի
արաբական ամիրայությունները և բազմաթիվ այլ գավառներ, Աշոտ Գ-ն իր թագավորության սահմանները
հասցնում է մինչև Սալմաստ, Զարևանդ, Դարաշամբ(Շամբիձոր) և Մարանդ: Աշոտ Գ-ի այս խոշոր,
բայց ժամանակավոր հաջողությունը կրկին ամրապնդեց հայ Բագրատունիների գերիշխանությունը
Սյունիքում, որն արդեն սկսել էր ձևական բնույթ ստանալ: Միայն այս հաջողությամբ կարելի
է բացատրել այն հանգամանքը, որ հայոց թագավորն ի վիճակի եղավ Բյուզանդական Չմշկիկ կայսեր
դեմ դուրս բերել 80.000-անոց բանակ, որովհետև նրա դրոշի տակ հանդես էին գալիս Հայաստանի
հմարյա թե բոլոր արքայիկներն ու իշխանները, դրանց թվում և Սյունյաց գահերեց իշխան Վասակն
իր զորքերով:
Վասակի մահից հետո գահերեցությունը
անցնում է Բախքի իշխան Սահակի որդի Սմբատ իշխանին, չնայած այն փաստին, որ Վասակը ուներ
երկու որդի`Սմբատ և Գագիկ: Նրանք ընդունում
են Սմբատի գահերեց իշխանությունը և շարունակում իշխել իրենց կալվածներում որպես սովորական
իշխաններ:
Սյունիքի քաղաքական կենտրոնը
970-ական թթ.-երի վերջին կամ 980-ական թթ.-երի սկզբին Վայոց Ձորից տեղափոխվում է Բախք:
Սալարյան Աբու-լ-Հայջայից կրած
պարտությունից հետո Հայոց թագավոր Սմբատ Բ-ի դիրքերը բավական թուլացան և դրանից օգտվելով
իրենց զգացնել տվեցին Սյունիքի անջատողական ձգտումները: Սյունիքի Սմբատ գահերեց իշխանը
Ատրպատականի ամիրայի օժանդակությամբ, 10-րդ դարի 80-ական թթ.-երին իրեն հռչակում է
թագավոր:
Սյունիքի թագավորություն հռչակելուց
շատ չանցած քաղաքական իրադրությունը փոփոխվեց: 988թ.-ին մահացավ Աբու-լ-Հայջա Ռավվադյանը:
Դրանից օգտվելով Գողթնի ամիրա Աբու- Դուրաֆը կրկին տիրեց Դվինին ու նրանից հարավ ընկած
մերձարաքսյան հողերին: Այսպիսով Սմբատ Սահակյանը
ստիպված ճանաչեց Սմբատ Բ շահնշահի վերադաս իրավասությունը Սյունիքի նկատմամբ:
Գագիկ Ա-ի օրոք արշավանք է ձեռնարկվում
դեպի Սյունիք, որի արդյունքում Անիի Բագրատունյաց թագավորությանն է միացվում Վայոց
Ձորը, Ճահուկը, Ծղուկք գավառի նի մասը(Այլախ գավառ) և մի շարք այլ շրջաններ:
Այս արշավանքից հետո Սյունյաց
թագավորության <<նոր>> սահմանները պահպանվեցին մինչև XII դարի սկիզբը:
Հարավ-արևելքում թագավորության սահմանը հասնում էր մինչև Հագարի գետը, իսկ հյուսիս-արևելքում
մինչև Արցախի լեռների ջրբաժանը: Հյուսիսում սահմանն անցնում էր Բռնակոթից հյուսիս-արևմուտք
ընկած ջրբաժանով , արևմուտքում սահմանն իջնում էր հարավ`Սյունյաց լեռների ջրբաժանով,
իր մեջ էր վերցնում Երնջակ գավառի մեծ մասը, Շոռոթ նշանավոր բնակավայրը և հասնում մինչև
Երասխ գետը:
12-րդ դարում Սյունիքի թագավորությունը
ստիպված է լինում պատերազմել սելջուկ թուրքերի դեմ, որով էլ պայմանավորվում է թագավորության
կործանումը:
Եզրակացություն
Այս ամենը ուսումնասիրելուց հետո
պարզ դարձավ, որ հայոց իշխանական տներից համեմատաբար ամենահզորը Բագրատունյաց իշխանական
տոհմն էր: Այդպես եմ կարծում, քանի որ հենց այս տոհմը հաղթեց հայոց գահին տիրելու համար պայքարում`ասպարեզից
հեռացնելով Մամիկոնյաններին: Չնայած այս փաստը դեռ չի նշանակում, որ նրանք միայնակ
կարող էին պաշտպանել Հայաստանը օտար զավթիչներից: Այս պատճառով նրանք ընդանուր լեզու
էին փորձում գտնել մնացած իշխանական տների հետ: Թույլ տալով նրանց ստեղծել իրենց սեփական
թագավորությունը կամ նույնիսկ իրենք այդ անելով (ինչպես Տաշիր-Ձորագետի դեպքում) ցանկանում
էին ամրացնել երկրի պաշտպանությունը, կայունացնել երկրի ներքին սոցյալ-քաղաքական իրավիճակները:
Եթե ստացվում էր համագործակցությունը, ապա Հայաստանը կրկին ձգտում էր բարգավաճելու
և ուժեղ ղեկավարում ձեռք բերելու: Ցավոք իշխանական տների շահերը և ցանկությունները
ոչ միշտ էին համնկնում, այդ իսկ պատճառով Բագրատունիները այդպես էլ չկարողացան դառնալ
իրական, հզոր թագավորություն, միավորել պետությունը մեկ իշխանության ներքո և իմ կարծիքով
հենց այդ անկայունությունը դարձավ նրանց իշխանության ավարտի պատճառը:
Այսպիսով Բագրատունյաց արքայատոհմի
և մնացած իշխանական տոհմերի միջև եղած տարբերությունը կայանում էր միայն անվան և սեփական
ձգտումների իրականացման համար ընտրվող տարբերակների միջև:
Իսկ ինչ վերաբերվում է Լոռի բերդի
<<տեղական անվանը>>, ապա ոչ մի պատմական պատճառ չկարողացա գտնեմ, այդ իսկ
պատճառով կարծում եմ այն ևս մեկ անգամ ապացուցում է ժողովրդի մեծ սերը իր մեծագույն
արքաներից մեկի `Աշոտ Երկաթի նկատմամբ`վերագրելով նրան ժամանակի շատուշատ հաջողություններ:
Աղբյուրներ` Հայ ժողովրդի
պատմության ակադեմիական հատորներ(Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1976թ., III հատոր)
www.findarmenia.com,
hy.wikipedia.org
No comments:
Post a Comment