Մենք ապրում ենք բնության մեջ,
բայց այն բնության, որին մեր ձեռքն է դիպչել: Բնության մեջ տեղի ունեցող գործընթացներին
միջամտելու նպատակը, մեր կյանքն ավելի հեշտացնելու, մեր կյանքի որակն ավելի բարձրացնելու
մեջ է կայանում, բայց միշտ չէ, որ այդպես է ստացվում: Երբեմն մեր միջամտությունները
սպասվածի ճիշտ հակառակ ազդեցությունն են ունենում: Դա կարող է լինել, նաև մեր չափի
զգացողություն չունենալուց, որովհետև թեկուզ լավը, իր սահմաններից դուրս չարիք է բերում:
Մենք արդեն սկսել ենք քաղել մեր
ագահության պտուղները, բայց դա ամենևին էլ չի ստիպում, որ շատերը վերանայեն իրենց արարքները:
Եթե մարդիկ գիտակցեին, որ առանց ծառերի, խոտերի և առհասարակ առանց բուսականության մենք
չենք կարող շնչել, որ եթե թթվածնի սինթեզ չկատարվի, մենք ուրիշ ոչ մի տեղից մեզ անհրաժեշտ
քանակությամբ թթվածինը չենք կարողանա գտնել ու նույնիսկ գնել, երևի դադարեցնեին անտառներ
հատելն ու դրանց փոխարեն ասֆալտապատ տարածքներ ստեղծելը:
Եթե մարդիկ չգնային շահի հետևից
և գոնե մի քիչ մտածեին իրենց ու հաջորդ սերունդների առողջության մասին, գուցե այն գումարները,
որ ծախսում են ատոմակայանների վրա, ուղղեին, օրինակ արևային էներգիա ստանալու ավելի
արդյունավետ միջոցներ գտնելու ու դրանց օգտագործելու համար: Չէ որ ատոմակայանը վտանգավոր
է համարվում՝ իր ճառագայթման համար, և եթե այն դառնա պատճառ հիվանդության ու մահվան,
փողը չէ, որ մեղմելու է ֆիզիկական ցավն ու վերադարձնելու կորցրած կյանքը:
Մարդը ստեղծեց ավտոմեքենա, որ
կարճ ժամանակում հասնի մի վայրից մյուսը և խնայի իր ժամանակն ավելի օգտակար գործերի
համար, բայց արդյունքում, մեքենայի շարժիչի աշխատանքի ապահովման համար անհրաժեշտ վառելիքի
այրումը հանգեցրեց օդի աղտոտման: Վառելիքի այրման հետևանքով առաջացած գազերը կուտակվելով
մթնոլորտում ջերմոցային էֆեկտ են ստեղծում: Ստացվում է, որ մենք մի կողմից խնայում
ենք մեր կյանքի ժամերը, իսկ մյուս կողմից կրճատում:
Երկրագնդի վրա բնակվում է 7մլրդ-ից
ավել մարդ և երկրագունդը չի կարողանում կերակրել բոլորին: Մարդն այս հարցի լուծումն
էլ գտավ՝ ստեղծելով պարարտանյութեր, որպեսզի բերքն առատ լինի, վնասատուների դեմ նյութեր՝
մեծ չափի վնասները կանխելու համար, համային և գունային նյութեր, որպեսզի որոշ մթերքներ
ու խմիչքներ հասանելի լինեն ամենքին: Ստեղծվեցին ԳՄՕ-ներ՝ մթերքն ավելի դիմացկուն դարձնելու,
նրա արտաքին տեսքն ավելի երկար պահելու համար: Այս ամենն իհարկե շատ կարևոր և օգտակար
են մարդկության համար, բայց ցանկացած լավ բան՝ անցնելով թույլատրելի սահմանը, սկսում
է հակառակ ազդեցությունն ունենալ: Այսպիսով, մարդկանց մեծամասնությունը սոված չի մնում,
բայց իր կերած սննդի պատճառով, երբեմն կորցնում է իր առողջությունը: