Սկզբնական շրջանում արաբական փիլիսոփայությունը հանդես է եկել որպես մահմեդական աստվածաբանական մետաֆիզիկա՝ կազմելով իսլամի փիլիսոփայական հիմքը։ Հետագայում հնդկական, հունական և սիրիական փիլիսոփայության ագդեցության տակ ձևավորվել են իդեալիստական և մատերիալիստական ուղղություն ունեցող հոսանքները։ Գոյություն ունեցող մահմեդական աստվածաբանական մետաֆիզիկային՝ քալսումին, հակադրվեցին մութազիլիթները(«մեկուսացածները»)՝ առաջին մահմեդական մտածողները, որոնք ուսումնասիրեցին հունական անտիկ փիլիսոփայությունը։ ժխտելով Աստծո էությունը լրացնող դրական ատրիբուտները՝ մասնավորապես խոսքի ատրիբուտը, մութազիլիթները ժխտում էին Ղուրանի հարատևության վերաբերյալ պատկերացումը։ Մութազիլիթները գտնում էին, որ մարդը բանականությամբ է ճանաչում տիեզերքը և Աստծուն, որ արարիչն անընդունակ է փոխելու իրերի բնական կարգը։ Նրանք հենվում էին ժամանակի բնական և ճշգրիտ գիտությունների արդյունքների, մասնավորապես ատոմիստական ուսմունքի վրա։ IX դարից Բաղդադում սկսեց ձևավորվել արիստոտելականությունը և նորպլատոնականությունը։ Արաբալեզու փիլիսոփայության հետագա զարգացման վրա զգալի ազդեցություն է թողել սուֆիզմը, որը կրոնական ռեակցիայի արտահայտությունն էր։ Այդ կրոնամիստիկական հոսանքը սկզբնական շրջանում արտահայտում էր աշխատավորների պասիվ բողոքը ընդդեմ ֆեոդալական կարգերի և հոգևորականության։ Նրա հիմքում ընկած էին ասկետության, հայեցողական ինքնախորասուզմաև և ակտիվ հասարակական կյանքից հրաժարվելու գաղափարները։ Սուֆիզմի փիլիսոփայական սկզբունքներում իր յուրահատուկ արտահայտությունը գտավ նորպլատոնականությունը։ Այդ հոսանքի ականավոր ներկայացուցիչներն էին ալ-Գազալին (1059—1111) և Իբն ալ– Արաբին (1165—1240)։ Արաբալեզու փիլիսոփայության զարգացման համար շրջադարձային կետ էր Արիստոտելի փիլիսոփայության ժառանգության յուրացումը, որի արաբալեզու թարգմանությունները և մեկնաբանությունները հնարավորություն ստեղծեցին աթեիստական և նույնիսկ մատերիալիստական ըմբռնումների համար։ Արաբալեզու պերիպատետիկության հիմնադիր ալ-Քինդին(«արաբների
փիլիսոփա») (մոտ 800—879) առաջինը շարադրեց Արիստոտելի հիմնական աշխատությունների բովանդակությունը։ Արաբալեզու արիստոտելականությունը հատկապես ընդգծում էր կոնկրետ գիտությունների և բնագիտության նշանակությունը, պաշտպանում աշխարհի հավիտենականության գաղափարը, գտնում, որ աշխարհը չի ստեղծվել ոչնչից և հավերժ է ինչպես Աստված։ Սակայն պերիպաթետները չհրաժարվեցին կրոնական դոգմաներից և ձգտում էին իրենց գաղափարևերը համատեղել իսլամի հավատալիքների հետ, հնարավոր էին համարում կրոնի և նրանից հարաբերականորեն անկախ փիլիսոփայության ինքնուրույն գոյությունը։ Արաբալեզու գիտության և փիլիսոփայության մշակման ու զարգացման գործում մեծ դեր են խաղացել Աբու Ալի իբն-Սինան (Ավիցեննա) և ալ-Ֆարաբին։ XII դարից արաբական փիլիսոփայության մտքի կենտրոնը տեղափոխվում է արևմտյան մահմեդական աշխարհ՝ Իսպանիա։ Արաբ. Արևմուտքի փիլիսոփայության հիմնադիրն է համարվում բժիշկ-մաթեմատիկոս և փիլիսոփա Իբն Բաջան (XII դ.), ըստ որի, բարձրագույն իմացությունը իրականացվում է բանականության միջոցով, և հասարակության կատարելագործման միակ ուղին մարդու հոգեկան ինքնակատարելագործումն է։ Ամբողջ միջնադարյան արաբական փիլիսոփայությունը իր բարձրակետին հասավ Իբն Ռուշդի ( XII դ.) ուսմունքում։ Նշաևավոր մտածող էր նաև Իբն Խալդունը, որը իրավամբ համարվում է պատմության փիլիսոփայության հիմնադիրներից մեկը։ Միջնադարյան արաբական փիլիսոփայությունը նոր պայմաններում պաշտպանեց և զարգացրեց հունական փիլիսոփայության մշակույթը, ձևավորեց ճշմարտության երկվության սկզբունքը՝ հնարավորություն ստեղծելով գիտության և փիլիսոփայության հարաբերականորեն ազատ զարգացման համար։ Արաբական սկեպտիցիզմը քննադատության ենթարկեց կրոնը և իդեալիզմը՝ հող նախապատրաստելով աթեիստական և մատերիալիստական հայացքների ձևավորման, նոմինալիզմի սաղմնավորման համար։ Արաբական փիլիսոփայությունը, միաժամանակ, հանդիսացավ եվրոպական Վերածննդի գաղափարական ակունքներից մեկը։
Հայկական և արաբական միջնադարյան փիլիսոփայություններն ունեն ընդհանուր գծեր, որոնք նկատելի են հայկական և արաբական արիստոտելականների մեջ, հատկապես Արիստոտելի տրամաբանական և իմացաբանական ուսմունքի մեկնաբանման մեջ։ X–XIV դդ. հայ բնափիլիսոփայական միտքը զգալիորեն կրել է արաբական գիտության ազդեցությունը։ Այս տեսակետից հատկապես հատկանշական են Մխիթար Հերացու «Ջերմանց մխիթարություն» և Հովհաննես Երզնկացու «Ի տաճկաց իմաստասիրաց գրոց քադեալ բանք» աշխատությունները, որտեղ շարադրվել են, մեկնաբանվել են արաբական փիլիսոփաների և բժշկագետների որոշ հայացքներ։ Ընդհանուր գծեր նշմարվում են նաև Գրիգոր Մագիստրոսի, Գրիգոր Նարեկացու հայացքների և արաբական փիլիսոփայական հոսանքների միջև։