Thursday 7 May 2015

Ա.Իսահակյան «Լիլիթ»

Լիլիթին տրված էր ամեն ինչ՝ այն ամենն ինչ կար դրախտում: Բազմագույն քարեր, անուշաբույր ծաղիկներ, հավատարիմ ամուսին: Ինչպես երևում է, նրան ոչինչ չի պակասում երջանիկ լինելու համար, բայց... Ինչպես բոլոր մարդիկ, չնայած նրան, որ Լիլիթը ստեղծված էր կրակից, և, ըստ Ադամի, լավն ու բարձր էր բոլոր արարածներից, միևնույնն է, հասարակ մարդ էր և ինչպես բոլորիս, նրան ևս հատուկ էին մարդկային բնավորության գծերը:  Լիլիթն ոչ միայն չէր գնահատում իրեն տրվածը, այլ ավելին էր պահանջում: Նա ձգտում էր ունենալ այն, ինչ չկար դրախտում, ինչ արգելված էր և այն միակ երևույթը, որ նրանը չէր՝ սատանան էր: Մեկն ում մասին ոչ ոք չէր խոսում, ումով ոչ ոք չէր հետաքրքրվում, և, որ ամենակարևորն է, նա դրախտից չէր, ամեն վայրկյան պատրաստ չէր հալչել նրա ոտքերի տակ, ինչպես Ադամը: Չճաշակված մի բան էր, առեղծվածային երևույթ: Ագահությունը տեղի տվեց... Նա ամենասովորական մարդն էր, իր սովորական թերություններով, որից օգտվեց սատանան: Ընչաքաղցությունից կուրացած, ավելինին ձգտելով, ունեցածն էլ կորցրեց: Իսկ Ադամի համար Լիլիթն այդպես էլ մնաց անհասանելի, չհասկացված գեղեցկություն:
Եթե խոսեմ «Լիլիթ» պատմվածքի գրելաոճի մասին, ապա պետք է նշեմ, որ այն մեր ժամանակի արագ ընթացքի համար չէ նախատեսված. ավելորդ բառարանային բառերը ծանրացնում են ընթերցանության ընթացքը: Երբեմն չափից շատ նույն բառը օգտագործելը՝ նույնիսկ եթե այն արտահայտում է ամենանուրբ ու գեղեցիկ զգացմունքները, միևնույնն է առաջանում է հակառակ տպավորությունը, բառը կորցնում է իր իմաստը:

 Գուցե Իսահակյանի ժամանակաշրջանում առավելություն է համարվել պերճաշուք բառերի օգտագործումը, կամ պարզապես ցանկացել է ամբողջական ներկայացնել իր մտքերը, բայց կարծում եմ որ մեր ժամանակաշրջանում այդ այլևս չի գնահատվում: Այժմյան պահանջները շատ ավելի խիստ են: Ստեղծագործությունը պետք է ունենա դինամիկ ընթացք, քիչ նկարագրություններ, բայց միևնույն ժամանակ կարողանա ստեղծել գունավոր պատկերներ, ընթերցողին կարողանա փոխանցել էմոցիոնալ հոսք և որ ամենակարևորն է պետք է մտածելու առիթ տա: Այժմյան ընթերցողը չափազանց պահանջկոտ է, նա չի ընդունում միայն գեղեցիկ պատկերներ: 

No comments:

Post a Comment