Friday 19 June 2015

482-484թթ. ապստամբական Հայաստան: Վահան Մամիկոնյան

                                                          Ներածություն
Նախագիծը երկրորդ համաժողովրդական ապստամբական շարժման (482-484թթ.), դրա հետևանքների և այդ ժամանակաշրջանում Վահան Մամիկոնյանի դերի մասին է: Այստեղ ներկայացվում են մարզպանական Հայաստանի և Պարսկաստանի հարաբերությունները, հայերի դիրքորոշումները և գործողությունները, համագործակցությունը Վրացիների հետ:                           
                                   Իրավիճակը մարզպանական Հայաստանում
459թ. Սասանյան Պարսկաստանում գահ բարձրացավ Հազկերտ Բ-ի որդի՝ Պերոզը: Նա Հայաստանի հանդեպ շարունակում էր վարել իր հոր քաղաքականությունը: Նա գտնում էր, որ Ավարայրից հետո մարզպան Ատրմիզդը իր անելիքն արել է և նրա փոխարեն 464թ. նոր մարզպան է նշանակում Ատրվշնասպին (464-481թթ.): Հայաստանի տարբեր մասերում պարսիկները վերսկսում են հալածանքները հայերի դեմ և ձգտում են Հայաստանը դարձնել սովորական պարսկական մարզպանություն:
Նոր մարզպան Ատրվշնասպի շուրջը հավաքվեց հայ ֆեոդալական վերնախավի «ուխտանենգ» մասը, որն ավելի ուժեղացրեց պայքարը «ուղտապահների» դեմ: Առաջին հերթին որոշում են ասպարեզից հեռացնել Գյուտ կաթողիկոսին, որի մասին լուրեր էին պտտվում, թե նա գաղտնի բանակցություններ է վարում բյուզանդացիների հետ: Պերոզի հրամանով Տիզբոն է կաչվում կաթողիկոսը՝ քննելու նրա դեմ ուղղված Գադիշո Խոռխորունու ամբաստանագրերը և դատական պատասխանատվության ենթարկելու:
471թ. Տիզբոն ժամանեց Գյուտ կաթողիկոսը; Գործի նախնական քննարկումը հանձնվեց պարսիկ ավագանու ներկայացուցիչ Յըզատվշնասպ Միհրանին: Նրան առաջարկում են պաշտոններ և ոսկի, եթե նա կրոնափոխ լինի, մերժելու դեպքում սպառնում են զրկել կաթողիկոսությունից:


Տիզբոնից Գյուտը վերադառնում է հայերենիք իբրև Վանանդ գավառի եպիսկոպոս, քանզի արքան միայն իրավասու է զրկել կաթողիկոսությունից, և քաշվելով Ոդմսու ավան, այնտեղ մնում է մինչև իր մահը՝ 478թ., վայելելով ավելի մեծ հեղինակություն և պատիվ, քան առաջ:
Նոր կաթողիկոս ընտրվեց Հովհաննես Մանդակունին, ով ծագումով Արշամունիք գավառի Ծախնուտ գյուղից էր:
Գյուտ Ա կաթողիկոսին ասպարեզից հեռացնելուց հետո հալածանքներ են սկսվում Մովսես Խորենացու նկատմամբ: Նա կարգալույծ է արվում՝ զրկվում է թեմական եպիսկոպոսի պատվից: 
478թ. Սահակ Բագրատունին հանձնարարում է Մովսես Խորեացուն գրել Հայոց պատմություն, կամ «Պատմութիւն Հայոց Մեծաց»: Այս պատմության մեջ պիտի ցույց տրվեր հայ ժողովրդի զավակների անսահման նվիրվածությունը հայրենիքին:
Այս ժամանակաշրջանում սկսվեց համաժողովրդական շարժում, որի գլուխ էին կանգնած Սահակ Բագրատունին և Վահան Մամիկոնյանը: Տիզբոնից վերադարձաց Գադիշո մախղազի և ուխտանենգների հաջորդ զոհերը հենց նրանք էին:
Պարսից արքունիքում գտնվող Վահան Մամիկոնյանին վարկաբեկելու համար, որպես պատճառ ներկայացրեցին այն իրողությունը, երբ Դվինում(մոտ 476թ.) ժողովուրդը կործանում էր պարսկական համայնքի ատրուշանը: Նրանք դա վերագրում էին Վահան Մամիկոնյանին: Իսկ նա, որպեսզի վստահություն շահի, շտապում է ներկայանալ արքայից արքային և առերես կրոնափոխ լինել: Սակայն սա մենը չէր:
Վահան Մամիկոնյանիը, ըստ իր ժառանգական իրավունքի, Մամիկոնայն նախարարական տոհմի տանուտերն էր, որի կենտրոնն էր Տայքի Իշխանք (կոչվել է նաև «Իշխանանց գիւղ»)բնակավայրը՝ Ճակք գավառում: Նրանից ոչ հեռու գտնվում էր «Ոսկեհատը»՝ հռչակավոր ոսկու հանքերը, որոնք հույների մոտ հայտնի էին «Ֆարանգիոն» անունով: Պարսկական տիրապետության տակ գտնվող Հայաստանի մասի ընդերքի հարստությունները համարվում էին սասանյան արքայից արքայի սեփականությունը, չնայած նրան, որ այդ հանքավայրերը գտնվում էին Մամիկոնյանների կալվածքներում, այնտեղից հանվող ոսկին հիմնականում ուղարկվում էր պարսից արքունիք: Վահան Մամիկոնյանի մոտ իբրև «գործակից» նշանակվեց, ոմն ասորի Վրիվը, որը հատուկ գնում է Տիզբոն ամբաստանելու Վահան Մամիկոնյանին, թե իբր վերջինս երկրի ամբողջ ոսկին իր մոտ է հավաքում, որպեսզի գնա կա՛մ  կայսրություն, կա՛մ Հոնաց աշխարհ ամպստամբելու[1]: Ի պատասխան սրան, Վահան Մամիկոնյանը վերցնում է ոսկին և շտապ գնում Տիզբոն ու ներկայանում Պերոզին: Այս դեպքից հետո Վահան Մամիկոնյանը գիտակցում է, որ դժվար է համակերպվել թշնամու հետ[2]:
                                         482-484թթ. ապստամբությունը
Պերոզի անհաջողությունները Միջին Ասիայում հույս ներշնչեցին հայերին ու վրացիներին՝ թոթափելու օտար նվաճողների լուծը[3]: Ապստամբությունը սկսվում է Վիրքում: Հանկարց խռովությունէ ծագում Վրաց աշխարհում, որտեղ Վախթանգ Գորգասար(456-502թթ.) թագավորը 482թ. սպանում է բդեշխ՝ պարսկասեր կրոնափոխ Վազգենին(Վարսքենին): Վախթանգը ամստամբելով հույս ուներ, որ Ալանաց դռների կողմից կարող է օգնության կանչել հոներին: Նա գաղտնի պատգամավոր է ուղարկում հայերին, որպեսզի նրանք սկսեն շարժումը, իսկ ինքը պատերազմ է սկսում պարսից զորավար Զարմիհր Հազարավուխտի դեմ: Հայկական հեծելագունդը, որը Պերոզի հետ կռվում էր Միջին Ասիայում, վերադառնում է Շիրակ Գավառը ձմեռելու, այդ ժամանակ Հայաստան լուր է հասնու վրաց թագավորի ապստամբության մասին, որը ընդունվում է ուրախությամբ և ապստամբելու պատրաստականությամբ:
Շիրակում հայ նախարարները որոշում են ոտքի ելնել: Հայկական այրուձին առաջնորդ է ընտրում Վահան Մամիկոնյանին: Ուխտադրույժները շտապում են այդ մասին հայտնել հայոց մարզպանին: Վերջինս իր կողմնակիցների հետ փաղչում է Մաղխազ բերդը Ախուրյանի աջ ափին՝ Գադիշո Խոռխորունու դղյակը: Հայկական այրուձին՝ Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ ուղարկվում է հետապնդելու մարզպանին: Ճանապարհին ձերբակալվում է Գադիշո Խոռխորունին և սպանվում: Երկիրը մնում է ապստամբների ձեռքին:
Ապստամբ հայերը Դվինում նոր կառավարություն կազմեցին՝ ուխտապահ նախարարների գլխավորությամբ:Մարզպան նշանակվեց Սահակ Բագրատունին, որը կոչվեց «տանուտեր Հայոց»,իսկ Վահան Մամիկոնյանը՝ Հայոց սպարապետ: Մաղխազ Հայոց նշանակվեց Գարջոյլ Խոռխորունին, իսկ ուրացող Գդիհոն Սյունու փոխարեն, Սյունաց տանուտեր՝ Բաբգեն Սյունին:
Ապստամբ նախաարներն իրենց ընանիքներն ու գանձերը նախորոք տեղափոխել էին Բյուզանդիային սահմանակից դժվարամատչելի Տայք նահանգը, որը Մամիկոնյանների ժառանգական կալվածքն էր:
Սահակ Բագրատունին, Վահան Մամիկոնյանն ու Նրա եղբայրը՝ Վասակը(չնայած նրանց փոքր եղբայր Վարդը պատանդ էր Տիզբոնում) հանձն են առնում գլխավորել ապստամբական շարժումը: Այս միաբանության լուրը հասնում է Վաղարշապատ՝ Հովհաննես Ա Մանդակունի կաթողիկոսին(478-490թթ.):
Այդ ժամանակաշրջանում, երբ պետականության վերականգնման հույսեր էին արթնացել, Սահակ Բագրատունին կանչում է Մովսես Խորենացուն, ով արդեն ավարտել էր «Պատմությւն Հայոց Մեծաց» աշխատությունը, իսկ Վահան Մամիկոնյանն իր մանկության ընկեր Ղազար Փարպեցուն պատվիրում է գրել «Պատմություն Հայոց»-ը, որտեղ պետք է վեր հանվեր Մամիկոնյան նախարարական տոհմի դերը:
Այս ամենից ոգևորված ապստամբները Դվինում վերացնում են պարսկական զրադաշտական համայնքը և Դվինը դառնում է նախարարական Հայաստանի մայրաքաղաք: Հովհաննես Մանդակունին կաթողիկոսական աթոռը Վաղարշապատից փոխադրում է Դվին:
Ապստամբական շարժման ժամանակ ուխտադրույժներն ուխտապահների թիկունքում դավեր էին նյութում, տեղեկացնում էին պարսիկներին ապստամբների գործողությունների մասին:
Դեպի Ատրպատական նահաջող մարզպանն ու հազարապետը շտապում են անմիջապես սկսել ռազմական գոծողությունները, վճռական հարված հասցնել ապստամբներին, քանի դեռ նրանք չէին հասցրել ամրապնդել իրենց դիրքերը: Ատրպատականի սահմանին նրանց օգնության են գալիս լեռնցի կատիշների ռազմական ջոկատները: Փախուստի մատնված Ատրվշնասպ մարզպանը 7000-ոց զորքով մտնում է Հայաստան: Ապստամբները հավաքելով ընդամենը 400 հեծյալ, Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ թշնամուն հանդիպում են Ազատ-Մասիս լեռան ստորոտին գտնվող Ակոռ գյուղի մոտ: Այդ 400 հեծյալները բաժանվում են 4 մասի: Նրանց միջին մասը ղեկավարում էին Բաբգեն Սյունին և Վասակ Մամիկոնյանը, ձախակողմյանը Գարջոյլ Խոռխորունին և աջակողմյանը՝ Ատոմ և Առաստոմ գնունի եղբայրները, իսկ պահեստի թևը՝ Ներսեհ և Հրահատ Կամսարականները:
Չնայած ուժերի խիստ անհավասարությանը և կռվի ժամանակ Գարջոյլ Խոռխորունու դավաճանությանը, Ակոռի ճակատամարտն ավարտվեց հայ հայրենասերների կտարյալ հաղթանակով: Պարսկական զորքը կոտորվեց և ցրվեց, դավաճան Գդիհոն Սյունին փախուստի դիմեց, իսկ Ատրվշնասպը և կատիշների գնդի զորագլուխը սպանվեցին:
Ուրացյալների խմբից Վառգոշ Գնթունին և Վասակ Սահառունին իբրև գուժկան հասնում են Դվին և սուտ լուր տարածում ուխտապահների պարտության մասին: Դվինում գտնվող Սահակ Բագրատունին, Վահան Մամիկոնյանը և Հովհաննես Ա Մանդակունին մի պահ հավատում են այդ լուրին, սակայն հասնում է Առաստոմ Գնունին և հաղորդում ավետիսը:
Հայոց զորքի ձմեռելուն զուգընթաց, աշխատանքներ էին տարվում գարնանային կռիվներին պատրաստվելու ուղությամբ: Վահան Մամիկոնյանը հարավային Հայաստանի լեռնային շրջաններին՝ Անձևացիքին, Մոկքին, Ռշտունիքին, որոնք դեռ չէին ընգրկվել ապստամական շարժման մեջ, կոչ էր անում միանալ:
Գարնանը Պերոզը հայերի ու վրացիների դեմ մեծ բանակ է ժողովում, որի մի մասը ուղարկում է մարզպանական Հայաստանի սահմանը, իսկ մյուս մասը՝ Աղվանքի վրայով, Վիրք:
Դվինում 482թ. ապրիլի 25-ին, երբ տոնվել է Զատիկը, թշնամին մտել է Հայաստան՝ Հեր և Զարևանդ գավառների կողմից: Թշնամու բանակում էր Գդիհոն Սյունին: Սպարապետ Վահան Մամիկոնյանը 30000-ոց զորքով շտապում է կտրել թշնամու ճանապարհը: Հայկական բանակը պարսիկնեին հանդիպում է Արտազ գավառում, Ներսեհապատ գյուղի մոտ: Վահան Մամիկոնյանը բանակի կենտրոնը հանձնում է Սահակ Բագրատունուն, աջ թևը՝ Բարշղ Վահևունուն, օգնականներ տալով Բաբգեն Սյունի, Ատոմ Գնունի և Փափագ Պալունի իշխաններին: Վահան Մամիկոնյանն ստանձնում է ձախ թևի կառավարումը՝ օգնական ունենալով իր եղբար Վասակին և Ներսեհ ու Հրահատ Կամսարականներին: Պահեստի գուդը հանձնվեց Վրեն Վանանդեուն և Պապ Արտակունուն:
Ներսեհապատի կռիվը ապստամբության խոշոր ճակատամարտերից մեկն էր, որն ավարտվեց հաղթանակով: Այս հաղթանակին գումարվեց Վարդ Մամիկոնյանի փախուստը Տիզբոնից և վերադարձը հայրենիք:
Հայաստան է գալիս վրաց դեսպանը և հայտնում, որ վրաց Վախթանգ թագավորը օգնություն է խնդրում հայերից: Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ բոլոր ավագ տանուտերերը, սեպուհները և ամբողջ զորքը շտապեցին վրացիներին օգնության: Հայկական բանակը գալիս է Կանգարք գավառը: Վախթանգը տեղեկացնում է, որ հոների վարձու բանակը նույնպես պետք է օգնության հասնի, բայց նրանք այդպես էլ չեն գալիս և, քանի որ Կուրի հովտում գտնվող թշնամու դեմ հարձակումը չէր կարելի ուշացնել, հայ-վրացական զորքերի ղեկավարությունը տրվում է սպարապետ Վահան Մամիկոնյանին և երրորդ օրը Ճարմանայնի դաշտում՝ Հայաստանի, Աղվանքի և Վիրքի սահմանագլխին տեղի է ունենում հայ-վրացական համատեղ բանակի և պարսիկների միջև ճակատամարտը: Հայ և վրացական ավագանիների շարքերում կայն դավճաններ, ովքեր գաղտնի կապեր հաստատեցին իրանական զորապետ Միհրանի հետ, որի պատճառով և դաշնակիցները ծանր պարտություն կրեցին:
Այդ ճակատամարտում զոհվեցին մարզպան Սահակ Բագրատունին, Վասակ Մամիկոնյանը, իսկ Հրահատ Կամսարականը գերի վերցվեց:
Սպարապետ Վահան Մամիկոնյանն իր ուժերը ոչնչացումից փրկելու նպատակով նահանջեց, հավաքելով ցրված զորագնդերը, ամրացավ հայրենական կալվածք Տայքում: Պարսից զորապետ Միհրանը շարժվեց նրա հետքերով և կանգ առավ Բասեն գավառի Դու գյուղում, իսկ Վահան Մամիկոնյանը գտնվում էր նրանից շուրջ 12 կմ հյուսիս՝ Տայքի սահմանակից Մկնառինճ գյուղում: Հայ-պարսկական բանակցութունների ժամանակ զորավար Միհրանը համոզում է սպարապետ Վահան Մամիկոնյանին հնազանդվել արքայից արքա Պերոզին, բայց նա չէր համաձայնվում: Բանակցությունները դեռ չավարտված, Միհրանը շտապ կանչվեց Պարսկաստան: Նա իր հետ տարավ գերի ընկած Հրահատ Կամսարականին և Յազդ Սյունուն: Ներսեհ Կամսարականը ճանապարհին կարողանում է փրկել իր եղբորը և հեռանալ իր հայրենի Շիրակ, իսկ Յազդ Սյունուն պարսիկներն իր կյանքի դիմաց առաջարկում են կրոնափոխ լինել, բայց մերժում ստանալով գլխատում են նրան:
Վահան Մամիկոնյանը անմատչելի Տայքից վերադառնում է երկրի կենտրոնը՝ Այրարատ նահանգը: Այստեղից  Վահան Մամիկոնյանը և նրա հետ եղածները գնում են Դվին և այնտեղ մնում մինչև գարուն:
Դվինում Վահան Մամիկոնյանը ստանձնում է երկրի կառավարչի՝ մարզպանի և «տանուտեր Հայոցի» պարտականութունները: Ուխտադրույժ նախարարները փորձելով թուլացնել Վահան Մամիկոնյանի դիրքերը և ռազմական ուժը, սուտ լուրեր են տարածում թե իբր Սահակ Բագրատունին և Վասակ Մամիկոնյանը չեն մահացել և նրանց վիրավորված վիճակում բերել են ապահով տեղ և մի քահանայի շնորհիվ ապաքինվել են և գտնվում են լեռներում, ինչ-որ անմատչելի տեղում: Վահան Մամիկոնյանը համոզված էր, որ այդ լուրերը ճիշտ չեն, բայց սեպուհ Գրիգորի խնդրանքը չմերժելով, որոշ թվով հեծյալներ է տալիս, թուլացնելով փոքրաքանակ զորքը: Շուտով պարզվում է, որ դա թշնամու պատրաստած դավն էր, որպեսզի ամստամբները չկարողանային դիմադրել պարսիկների նոր հարցակմանը:
483թ. սկզբին Դվինում Վահան Մամիկոնյանը փոքրաթիվ մի զորախմբով էր, երբ Զարմիհր Հազարավուխտի հրամանատարությամբ պարսկական բանակն Ատրպատականի կողմից ներխուժում է Հայաստան, հասնելով մինչև Արտաշատ: Թշնամու զորքերը Տափերական կամրջով անցնում են Երասխը և ցրվում Հայոց ամբողջ ոստանով: Հազարավուխտը իր բանակը դասավորում է Խոսրովակերտ անտառում, որտեղից մի մասը գնում է Դվին, իսկ մի մասը հասնում է մինչև Ջրվեժ գյուղը: Վահան Մամիկոնյանն իր փոքրաթիվ զորքով, դուրս գալով Դվինից հանդուգն հարցակմամբ պարտության է մատնում թշնամու՝ հարթավայրում գտնվող զորքերին, և կրկին նահանջում Տայք, այնտեղից էլ անցնում Խաղտիքի անառիկ լեռները: Պարսից բանակը շարժվում է նրանց ետևից: Պարսիկները գերի են վերցնում Կամսարական երկու տիկիններին, հույս ունենալով, որ Կամսարական եղբայրներն անձնատուր կլինեն, սակայն իզուր: Հազարավուխտը Տայքից վերադառնում է Բասեն գավառը և ճամբար դնում Դու գյուղի մոտերքում՝ Մուրց գետի ակունքների մոտ, Ախպերականաց դաշտում[4]: Սակայն  Հազարավուխտը Պերոզից հրովարտակ է ստանում ամբողջ ուժով գնալ հեփթաղների դեմ, որ Ալանաց դռների կողմից բերել էր վրաց թագավոր Վախթանգ Գորգասարը: Արքայից արքան հրամայում է Հազարավուխտին գնալ Վիրք, վրաց Վախթանգ թագավորին կամ ձերբակալել, կամ սպանել և կամ վտարել երկրից, իսկ Շապուհ զորավարին թողնել Հայոց աշխարհում, որպես մարզպան[5]:
Շապուհը Ոքաղե գավառում փորձում է զանազան միջոցներով Վահանին իր ձեռքը գցել: Վահան Մամիկոնյանը կտրելով  բյուզանդապարսկական սահմանը մտնում է Կարնո գավառը: Պարսկական զորագունդը չի հանդգնում մտնել կայսրության հողը: Վահան Մամիկոնյանն անցնում է Հաշտենից գավառի սահմանը և այնտեղից գալիս մարզպանական Հայաստանի Արշամունիք գավառի Երեզ գյուղը: Այստեղ տեղի է ունենում հայկական պարտիզանական ջոկատների և պարսիկների ընդհարում, որտեղ թշնամին պարտություն է կրում և նահանջում:
Ռազմական այս գործողությունները տեղի էին ունենում այնպիսի ժամանակ, երբ Միջին Ասիայում հոները-հեփթաղները Սասանյաններին ծանր հարված էին հասցրել: 484թ. ամառվա վերջին Իրանից անսպասելիորեն սուրհանդակներ են գալիս և հայտնում արքայից արքա Պերոզի սպանվելու և հոների ներխուժման լուրը: Պարսից զորապետը դադարեցնում է կռիվը հայերի և վրացիների դեմ և շտապում Տիզբոն: Հայաստանում և Վիրքում կրկին դրության տերը դառնում են ապստամբ հայերն ու վրացիները:
Վահան Մամիկոնյանը կարգի է բերում երկրի ռազմական և քաղաքական իրավիճակը: Երկրի գործակալությունները մաքրում է անվստահելի ու կասկածելի նախարարներից և ղեկավարությունը հանձնում մյուսներին՝ ժառանգական իրավունքի խիստ պահպանման սկզբունքով: Նրա օրոք վերաշինվեցին ավերված քաղաքներն ու գյուղերը, վերանորոգվեցին եկեղեցիներ:
Պերոզի եղբայր Վաղարշը (484-491թթ.)գահ բարձրացավ պարտված ու թուլացած բանակով, պատերազմներից ավերված երկրով ու դատարկ գանձարանով: 484թ.-ի վերջին Դվին է ժամանում Վաղարշի դեսպանությունը, հայտնելով, որ արքայից արքան ցանկանում է բարեկամություն ու խաղաղություն հաստատել հայերի հետ: Վահան Մամիկոնյանն ու կառավարող շրջաններն ընդառաջ են գնում այդ առաջարկությանը:
Ըստ Ղազար Փարպեցու բանակցությունները սկսելու համար ապստամբները Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ առաջադրում են երեք հիմնական պատճառ: Առաջին՝ ոչ մի ոտնձգություն հայերի քրիստոնեական դավանանքի նկատմամբ, հայերը համարձակ և աներկյուղ պետք է պաշտեն իրենց բնիկ դավանանքը: Երկրորդ՝ պետք է անխախտ պահպանվեն Հայաստանում  հաստատված նախարարական  կարգերը, հարգվեն տոհմիկ ազնվականների իրավունքներն ու արտոնությունները: Երրորդ՝ հայ նախարարները ճանաչում են միայն պարսից արքայի սյուզերեն իշխանությունը և հայերի գործերը տնօրինել կարող է միայն նա՝ անձամբ, առանց ուրիշներին լսելու կամ ուրիշների միջամտությամբ: Հայերը պնդում էին, որ այս պայմանները պետք է հաստատվեին գրով և կնիքով:
Պարսից բանակի հրամանատար Նիխորը և արքան հարկադրված էին ընդունել այդ պայմանները: Հաշտության պայմանագիրը կնքվում է Հայաստանի հարավում գտնվող սահմանամերձ Նվարսակ գյուղում:
485թ. գարնանը Վահան Մամիկոնյանը մեկնում է Տիզբոն, Վաղարշը հաստատում է հաշտության պայմանագրի կետերը, իսկ հետո հատուկ հրովարտակով Հայաստանի սպարապետ ու տանուտեր է ճանաչում Վահան Մամիկոնյանին: Մարզպան է նշանակվում պարսիկ Անդեկանը, բայց հայկական ավագանու ճնշման տակ գերագույն կառավարիչ է ճանաչվում Վահան Մամիկոնյանը:
Այսպիսով Հայաստանը ոչ միայն չդարձավ Իրանի մի սովորական մարզ, այլև ճանաչվեց կիսաանկախ երկիր, որն ուներ իր ինքնավարությունը և տնտեսական ու մշակույթային զարգացման հնարավորություններ:
                                 Հայաստանը՝ Տանուտիրական երկիր
Կավատ Բ-ն (488-531թթ.), որը գահ էր բարձրացել Հոների շնորհիվ, գահի հետ ժառանգեց դատարկ գանձարան: Միակ աղբյուրը, որով նա կարող էր մեղմացնել ստեղծված իրավիճակը, այդ այն «ոսկին» էր, որ Բյուզանդիան, համաձայն պայմանագրի, ամեն տարի պիտի մուծեր պարսից գանձարանը, բայց դադարեցրել էր մուծումը՝ մինչդեռ հոները, որոնք սովոր էին հեշտ ճանապարհով՝ թալանով, ձեռք բերել ուզածը, տուրք էին պահանջում պարսից արքայից: Ստեղծված վիճակը հարկադրեց Սասանյաններին պատերազմ սկսել Բյուզանդիայի դեմ:
491թ. Կավատ Բ-ն Բյուզանդիա ուղարկեց իր դեսպաններին, պահանջելով հերթական «ոսկին», որ կայսրությունը վճարում էր պարսիկներին՝ կովկասյան լեռնանցքների պահպանության համար: Անաստաս կայսրը կտրականապես մերժեց այդ պահանջը[6]: Դրա հետևանքով 492թ. Կավատի դեմ ապստամբեցին իրանական ազնվականներն ու զրադաշտական մոգերը՝ նրան գահնկեց անելու նպատակով: Իրանում ծայր առած երկպառակտություններից  օգտվեց Տանուտիրական Հայաստանը. Այն հրաժարվեց ճանաչել Սասանյանների գերիշխանությունը: Ապստամբ հայերը հատուկ դեսպանություն ուղարկեցին Բյուզանդիա, կայսր Անաստաս Ա-ից խնդրելով ռազմական օգնություն և հովանավորություն: Նա մերժեց հայերի խնդրանքը:
Որոշ ժամանակ անց, երբ Կավատին անհրաժեշտ էր պատերազմել Բյուզանդիայի դեմ, նա սկսում է հաշտության բանակցություններ վարել հայերի հետ: Ապստամբական իրադրությունը հարթելու համար Կավատն առաջարկում է հետևյալ պայմանները. Նախ՝ Բյուզանդիայի դեմ մղվելիք առաջիկա պատերազմի ժամանակ հայերը պետք է իրենց զորքերով միանային պարսիկներին և կռվեին բյուզանդական բանակի դեմ, երկրորդ՝ Հայաստանի տարածքը պետք է բաց լիներ սասանյան զորքերի առաջ, որպեսզի այդտեղից նրանք ներխուժեին Բյուզանդիայի սահմանները: Վահան Մամիկոնյանը մերժում է այդ առաջարկները և Կավաը պատերազմ է սկսում հայերի դեմ, որը վերջանում է հայերի պարտությամբ: Այս պատերազմի ժամանակ ոչ մի օգնություն չստանալով Բյուզանդիայից, հայերը հարկադրված ընդունեցին Կավատի առաջարկները՝ միաժամանակ առաջարկելով իրենցը:
Պատերազմի ընթացքում, երբ առավելությունն անցավ բյուզանդացիների կողմը, հայերն այդ առիթն օգտագործելով նույնպես անցան նրանց կողմը:
Պատերազմն ավարտվեց 504թ., իսկ դաշնագիրը կնքվեց 506թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Ըստ այդ պայմանագրի վերականգնվեց Բյուզանդական կասրության նախկին սահմանագիծը, սակայն կայսրությունը վճարելու էր 11 կենտինար ոսկի:
Այս ժամանակաշրջանում բյուզանդացիներն  իրենց տեր ու տիրական էին զգում  Տանուտիրական Հայաստանում, և երբ Վահան Մամիկոնյանը մահացավ, Անաստաս կայսրը երկրի կառավարիչ հաստատեց նրա եղբայր Վարդ Մամիկոնյանին՝ «պատրիկ» տիտղոսով:
                                                          Վերջաբան
Այսպիսով ամփոփելով այս ժամանակաշրջանը, պետք է նշեմ, որ սկզբում թվում էր թե Վահան Մամիկոնյանը վախենում էր պարսից արքայից և այդ պատճառով կուլ էր տալիս նրա բոլոր դավադրությունները: Բայց հետագայում նրա, իր եղբոր՝ Վասակի և Սահակ Բագրատունու գլխավորությամբ սկսված ապստամբությունը, անկախ այն փաստից, որ նրա կրտսեր եղբայր Վարդը պատանդ էր Տիզբոնում, հակառակն ապացուցեց: Լավ էր, որ նրանք սկզբում աշխատում էին ոչ մեկի վրա հույս չդնել և այդ դեպքում արդյունքներն էլ գոհացուցիչ էին ստացվում, իսկ վրացիների հետ համագործակցությունը ոչ միշտ էր հաջողությամբ ավարտվում, քանի որ միասնականություն չկար:
Իհարկե մեր խնդիրը հենց մեր մեջ է, քանզի թշնամիները՝ ուխտադրույժները, հենց մեր միջից էին, ովքեր դավադրություններ էին լարում ապստամբների դեմ և տեղեկացնում պարսիկներին նրանց ծրագրերի մասին: Բացի այդ մեր ընտրությունը պաշտոնյաների դեպքում սխալ էր, քանի որ իմանալով Գադիշո Խոռխորունու դավաճանության մասին, մենք նրա պաշտոնում ընտրեցինք հենց իր ազգից Գարջոյլ Խոռխորունուն, ով նույնպես դավաճանեց ապստամբներին, այն էլ ճակատամարտի ժամանակ:
Կարևորն այն է, որ գոնե այս ամենից հետո, Վահան Մամիկոնանը մաքրում է երկրի գործակալությունները անվստահելի մարդկանցից:
Իմ կարծիքով Վահան Մամիկոնյանը լավ քաղաքական գործիչ է, քանի որ նա մինչև վերջ փորձեց պայքարել իր հայենիքի ազատության համար:

Աղբյուր՝ «Հայոց ժողովրդի պատմություն», Երևան 1984թ.



[1] Փարպեցի, Գ, կե (աշխ. Թարգմ., էջ 283):
[2] Նույն տեղում, էջ 283-285:
[3] Վրաց բդեշխների տոհմը ազակցական կապերի մեջ էր հայ նախարարական տների՝ Արծրունիների, Մամիկոնյանների և Կամսարականների հետ: Հմայակ Մամիկոնյանը և Աշուշա բդեշխն ամուսնացած էին՝ առաջինը՝ Ձվիկի, երկրորդը՝ Անուշվռամի հետ, որոնք Աղան Արծրունու դուստրերն էին: Աշուշայի որդի Վազգենը և Արշավիր Կամսարականն ամուսնացած էին՝ առաջինը՝ Վարդենի-Շուշանիկի, երկրորդը՝ Վարդանույշի հետ, որոնք Վարդան զորավարի դուստրերն էին: Երբ Աշուշա բդեշխը վերադարձավ պանդխտությունից, նա մեծ կաշառքներ տալով կարողացավ պատանդությունից ազատել նաև Մամիկոնյան Հմայակ և Արշավիր նախարարների որդիներին: Նրանք բոլորը դաստիարակվում և խնամվում էին Աշուշա բդեշխի տանը: Այդ եղբայրական մթնոլորտը Ցուրտավի ապարանքում փոխվում է Աշուշա բդեշխի մահից հետո (467թ.), երբ Վազգենը գնում է Տիզբոն և Զրադաշտական դառնում: Ծագում է ընտանեկան ողբերգություն, որի զոհն է դառնում Շուշանիկը:
[4] Փարպեցի, Գ, հը, հթ (աշխ. թարգմ., էջ 349-355):
[5] Նույն տեղում, էջ 355:
[6] Լեո, Հայոց պատմություն, երկերի ժողովածու, հ. Բ, Երևան, 1967թ., էջ 132:

No comments:

Post a Comment