Նախաբան
Վերածննդի դարաշրջանը մշակույթի պատմության մեջ հանդիսանում է ավատատիրությունից
կապիտալիզմի անցման սկիզբը, Միջնադարից անցումը նոր դարաշրջանի: Դասական Վերածնունդը
վերագրվում է Իտալիային, բայց այդ գործընթացները տեղի են ունեցել նաև արևելյան Եվրոպայում
և Ասիայում:
Վերածննդի դարաշրջանը բաժանվում է 3 փուլի՝ Վաղ Վերածննդի(14-15դդ.), որի ներկայացուցիչներ
են համարվում Պետրարկան, Բոկաչոն, Դոնաթելլոն, Բոտտիչելլին, Դժոտոն և այլոք, Բարձր
Վերածննդի (15դ. վերջ-16դ. առաջին քառորդ), որի ներկայացուցիչներն են Լեոնարդո դա Վինչին,
Միքելանջելոն, Ռաֆայելը, Ֆրանսուա Ռաբլեն, և Ուշ Վերածննդի(16դ.), որի ներկայացուցիչներն
են Շեքսպիրը և Սերվանտեսը:
Անտիկ դարաշրջանում մարդու իդեալ էր համարվում այն անհատ-քաղաքացին,
ով ենթարկվում է իր քաղաքի օրենքներին, բայց միևնույն ժամանակ չի կորցնում բնության
հետ կապը, որը համարվում էր տիեզերքը: Այն հանդիսանում էր ամենի չափորոշիչը: Այդ չափորոշիչի
հիմքում ընկած են օրենքները, առկա ինչպես բնության, այնպես էլ հասարակության մեջ:
Միջնադարում Աստված էր համարվում աշխարհի արարիչը և ամենի չափանիշը:
Միջնադարում մշակույթն ընկալվում էր, որպես անվերջ առաջընթաց, ձգտումը հասնելու անսահմանությանը,
բացարձակին և կատարելությանը, որը հանդիսանում էր Աստված:
Ի տարբերություն Միջնադարի մտածելակերպի, Վերածննդի գաղափարախոսության
կենտրոնում էին մարդն ու բնությունը:
Հումանիստական
Փիլիսոփայություն
Այս ժամանակաշրջանում փիլիսոփայության մեջ նոր ուղղություն է առաջանում
՝ հումանիզմը, որի գաղափարախոսության հիմքում մարդն է:
Հումանիստական փիլիսոփայության զարգացման մեջ տարբերում են 2 փուլ՝
վաղ և հասուն հումանիզմ: Վաղ հումանիզմի ներկայացուցիչներից են՝ Դանթե Ալիգերին, Ֆրանչեսկո Պետրարկան և Կոլյուչո Սալյուտատին, իսկ
հասուն հումանիզմի ներկայացուցիչներից են՝ Ջանացո Մանետին, Պոջո Բրաչոլինին, Լեոնարդո
Բրունին, Լորենցո Վալլան, Լեոն Բատիստա Ալբերտին և ուրիշներ:
Դանթե Ալիգերին հայտնի է իր
«Աստվածային կատագերգություն» աշխատությամբ, իսկ Պետրարկան համարվում է Իտալիայում
հումանիզմի հիմնադիրը:
Հումանիստ է եղել նաև գրող, բանաստեղծ Ջովաննի Բոկաչչոն, ում ամենահայտնի
ստեղծագործությունը «Դեկամերոն»-ն է:
Ընդհանուր առմամբ՝ հումանիստական փիլսոփայությունն ուներ հակասխոլաստկական,
մարդակենտրոն և աշխարհիկ բովանդակություն: Առաջին հերթին հումանիստները փորձում էին
խզել կապերը եկեղեցու և սխոլաստիկական փիլիսոփայության հետ՝ դուրս գալ Միջնադարյան
մտածելակերպից:
Նորովի մեկնաբանելով Անտիկ ժամանակաշրջանի մշակութային արժեքները՝
հումանիստները օգտագործում էին դրանք աշխարհայացքի նոր սկզբունքների հիմնավորման համար:
Նրանք քննադատում էին սխոլաստիկական իմաստասիրման ոճը, ձևերը և եղանակները, բայց դա չէր նշանակում, թե հումանիստներն առհասարակ մերժում էին կրոնական փիլիսոփայության ավանդույթները: Հումանիստների աշխարհայացքը համադրական բնույթ ուներ:
Հումանիստները վերականգնում էին մարդկայինի, երկրայինի ու բնականի հեղինակությունն ու իրավունքները: Նրանց համոզմամբ՝ ոչ թե պետք էր իրար հակադրել աստվածայինն ու մարդկայինը, երկրայինն ու երկնայինը, հոգին և մարմինը, այլ բացահայտել դրանց միասնությունն ու ներդաշնակությունը:
Նրանք ոչ միայն վերածնում էին անտիկ գրականության և փիլիսոփայության
արժեքները, այլև փորձում դրանք հաշտեցնել քրիստոնեական աշխարհայեցողության սկզբունքների
հետ: Այնուհանդերձ, նրանց գաղափարների կիզակետում մարդն էր՝ իր երկրային ցանկություններով
ու ձգտումներով, աշխարհիկ իդեալներով ու նպատակներով:
Աստծո, տիեզերքի, բնության, հասարակության
և բարոյականության հարցերը դիտարկվում էին մարդու հիմնահարցի տեսանկյունից, դրանց լուծումները
ծառայեցվում՝ մարդու բնության և էության բացահայտմանը: Հումանիստական մարդակենտրոնությունը
ելնում էր մարդու, որպես գործունյա, արարող, ստեղծագործող, ինքնուրույն վճիռներ կայացնող,
ինքնավստահ, խիզախ և ինքն իրենով հպարտացող էակի մասին պատկերացումից: Մարդը դիտվում
էր ոչ թե փրկություն հայցող մեղսագործ էակ, այլ աստվածային արարչագործության պսակ,
բարձրագույն արժեք, անկրկնելի բնություն ունեցող արարած, որին Աստված օժտել է գեղեցկությամբ,
իմաստությամբ, ուժով և հզորությամբ՝ շարունակելու Աստծո արարչական գործունեությունը:
Հումանիստական փիլիսոփայության մեջ կարևոր տեղ էր զբաղեցնում նաև
սոցիալ-բարոյական ու քաղաքական թեմատիկան: Հումանիստները շեշտում են մարդու սոցիալական
ակտիվության, պետական-հասարակական գործում յուրաքանչյուր քաղաքացու մասնակցության գաղափարը:
Նրանք պաշտպանում են այն միտքը, որ մարդը պետք է կարողանա սեփական բարիքը և շահերը
ներդաշնակորեն զուգակցել հասարակական բարիքի և շահերի հետ:
Արվեստ
Վաղ Վերածննդի դարաշրջանում սկսեցին զարգանալ արվեստի ճյուղերը:
Գեղանկարչությունը մեծ վերելք ապրեց, այն դուրս եկավ Միջնադարում ստեղծված սահմաններից՝
կրոնական պատկերների մեջ աշխարհիկ տարրեր մցվեցին, հարթ պատկերները փոխարինվեցին ծավալային,
ավելի իրական պատկերներով: Պիզայում և Սիենայում բացվեցին Իտալիայի խոշորագույն նկարչական
դպրոցները:
Այս ժամանակաշրջանի արվեստագետներից են Մազաչչոն, Բոտտիչելլին,
Դոնաթելլոն, Բրունելլեսկին, Լեոն Բատիստա Ալբերտին և այլոք:
Մազաչչոյին համարում են Եվրոպական նոր ռեալիզմի հիմնադիր: Նրա
ամենահայտնի աշխատանքներից են «Աստվածամայրը մանկան, սուրբ Աննայի և հրեշտակների հետ»
(մոտ 1420թ.), Ֆլորենցիայում գտնվող Սանտա-Մարիա-դել- Կարմինե եկեղեցու համար կատարված
որմնանկարները(1425-1428թթ.), «Մեղանչում», «Արտաքսում դրախտից»:
Սանտա-Մարիա-դել-Կարմինե եկեղեցում նա առաջին անգամ օգտագործում
է գծային հեռանկաչության համակարգը, որի մշակման վրա այդ ժամանակ աշխատում էր Բրունելլեսկին:
Մազաչչոն իր ստեղծագործություններում, Քրիստոսին, Պետրոսին և
մնացած առաքյալներին պատկերում է երկրային մարդկանց պես, նրանց դեմքերն արտահայտում
են մարդկային զգացումներ:
Դոնաթելլոն զարգացրել և մշակել է «գեղանկարչական» հարթաքանդակի
տիպը (գծային հեռանկարչության միջոցով ստեղծվում է տարածության պատրանք):
1434-1443թթ. նա Ֆլորենցիայի Սան Լորենցո եկեղեցու հին ավանդական ներքին ձևավորման
մեջ զուգակցել է ճարտարապետությանը և քանդակագործությանը բնորոշ ձևեր, ստեղծելով արվեստների
համադրման նոր տիպ:
1447-1453թթ. Պադուայում
Դոնաթելլոն կերտել է Վերածննդի դարաշրջանի առաջին աշխարհիկ մոնումենտը՝ վարձկան հեծիալ
Գատամելատի հուշարձանը:
Նա առաջինն էր, ով կերտեց մերկ մարդկային մարմին՝ Դավթի բրոնզե
արձանը:
Նրա գործերից են նաև Մարիամ Մագդաղենացու արձանը(1450թ.), «Յուդիֆ
և Օլոֆերոն» խմբաքանդակը(1456-1457թթ.), որոնց մեջ արտացոլված են մարդկայի հատկանիշները:
Ֆիլլիպո Բրունելլեսկին ճարտարապետական արվեստ է վերադարձնում
մի շարք անտիկ տարրեր, հիմք է դնում գմբեթավոր եկեղեցիների կառուցմանը:
Նա է կառուցել Սանտա-Մարիա-դել-Ֆիորե տաճարի գմբեթը(1420-1436թթ.),
Պացցի մատուռը(1430-1443թթ.) և այլն: Բացի կրոնական կառույցներից նա կառուցել է նաև
պալատներ և այլ աշխարհիկ կառույցներ:
Լեոն Բատիստա Ալբերտին գրել է «Տասը գիրք ճարտարապետության մասին»
աշխատությունը: Այնտեղ խոսվում է ճարտարապետության նոր հայեցակարգի մասին, որում ներառված
է Բազիլիկ քրիստոնեական շինության վերաիմաստավորումը,
շենքի բազմահարկ ճակատային հատվածների ստեղծումը:
Նրա աշխատանքներից են Պալլացո Ռուչելլաին Ֆլորենցիայում(1446-1451թթ.)
և Սանտ-Անդրեա եկեղեցին Մանտույայում(1472-1494թթ.):
Բացի ճարտարապետական տեսություններից և վառ օրինակներից, Ալբերտին
ստեղծել է մի շարք փիլիսոփայական աշխատություններ և գրական ստեղծագործություններ, եղել
է հումանիստ:
Գիտություն
Վերածննդի դարաշրջանում ձևավորվում
է աշխարհի գիտական քարտեզը, ծնվում է փորձարարական բնագիտությունը, հանդես են գալիս
Կոպեռնիկոսը, Ջորդանո Բրունոն, Գալիլեո Գալիլեյը, առաջ է քաշվում արևակենտրոն համակարգի
գաղափարը, տեղի են ունենում շուրջերկրյա ճանապարհորդություններ՝ Կոլոմբոսի, Մագելանի
գլխավորությամբ, բացահայտվում են նոր աշխարհամասեր:
Մարդիկ փորձում են դուրս գալ
ավանդական տեսակետների սահմաններից, ուսումնասիրել, առաջ քաշել և ապացուցել իրենց տեսակետներն,
անկախ ճնշումներից:
Վերջաբան
Վաղ Վերածննդի ժամանակաշրջանը
կարևոր դեր է կատարել Միջնադարյան մտածողության սահմանները լայնացնելու, ճնշող սովորույթներից
ձերբազատվելու գործում: Միայն այն, որ սկսվել է կարևորվել անհատը և նրա ցանկությունները,
արդեն իսկ մեծ առաջընթաց է: Դրանից ելնելով սկսել է զարգանալ գիտությունը, որն ուսումնասիրում
է մարդուն և նրա շրջակա աշխարհը, արվեստը, որն արտացոլում է մարդկային գեղեցկությունը
և փիլիսոփայությունը, որի հետևանքն է մարդկային աշխարհայացքի լայնացմանը:
Այս ժամանակաշրջանում է, որ սկսել
են անտեսել հնացած կարծրատիպերը կոտրելու վախը և ստեղծել նորը: Հենց այս ամենի շնորհիվ
է, որ այսօր մենք կարողացել ենք այս մակարդակին հասնել:
No comments:
Post a Comment