Monday 21 September 2015

Մեր անկախ օրվա պատմությունը

Սեպտեմբերի 20-ին մի խուբ սեբաստացիներով գնացել էինք Ապարան՝ ճանաչելու, հետազոտելու, վայելելու մեր հայրենիքը, հաղթահարելու մեր սեպտեմբերյան բարձունքը: Սկզբում այցելեցինք Ապարանի Սբ. Նշան եկեղեցին, որտեղ ինձ համար անսովոր մի բան տեսա. խորանի հետևի պատին վիտրաժով պատուհան կար: Անկեղծորեն զարմացա, քանի որ երբեք հայկական եկեղեցիներում չէի տեսել նմանատիպ բան: Այնուհետև գնացինք Լուսագյուղի Թուխ Մանուկ եկեղեցին: Այն բլուրի վրա է գտնվում: Այստեղից սկսվեց բարձունքների հաղթահարման շրջանը: Բլրի վրայից աննկարագրելի հարազատ տեսարան էր բացվում, մի ուրիշ շունչ էր, ուրիշ տրամադրություն: Իջանք գյուղ՝ «Կարմիր ժամ»-ը տեսնելու: Ճանապարհին հանդիպեցինք գյուղի բնակիչներին, ովքեր մեզ պատմեցին «Կարմիր ժամի» մասին, հյուրասիրեցին իրենց այգու մրգերից և ուղեկցեցին դեպի IV-րդ դարի քանված եկեղեցի: Հաջորդ կանգառն Ապարանի ջրամբարն էր և նրա կողքին գտնվող Պողոս- Պետրոս եկեղեցին, Վարդան զորավարի և Թուխ Մանուկ մատուռները: Ջրամբարի հսկիչ-ոստիկանները մեզ ասացին, որ դեպի Պողոս-Պետրոս եկեղեցի մեկ կիլոմետր ճանապարհ է, և մենք որոշեցինք ոտքով անցնել այդ ճանապարհը: Ընթացքում պարզվեց, որ ճանապարհն իրականում մեկ կիլոմետրից շատ ավելի է, բայց ես չեմ զղջում, որ անցել եմ այն: Փոշոտ ճանապարհով, եղևնիների անտառի կողքով ու դեղին դաշտի միջով էր անցնում մեր ճանապարհը: Եկեղեցին գտնելու հույսն արդեն քիչ էր մնում մարեր, երբ հանկարծ նկատեցինք այն: Ի դեպ, Պողոս- Պետրոս եկեղեցին տարվա մի որոշ ժամանակահատված մնում է ջրի մեջ, բայց այժմ ջրամբարի ջրի մակարդակը իջել է, այդ պատճառով էլ մենք կարողացանք մոտենալ նրան: Այն իր մեջ մեծ խաղաղություն է պարունակում: Չեմ կարող ասել, թե դա ինչից է, գուցե կողքին գտնվող ջրի հանդատ ու բազմագույն ալիքներից, գուցե օդում ազատ ճախրող որորներից, գուցե նրա առաստաղից, որ հենց երկինքն է ու դռնից, որ պատին կախված նկար է հիշեցնում: Ջերմությամբ ու խաղաղությամբ լիցքավորված վերադարձը չէր կարող այլ կերպ լինել, քան ամենաբուռն զգացմունքներով լի: Ճանապարհին բնությունը վայելելով քայլում էինք, երբ լսեցինք մերոնց ճիչերը. բեռնատար մեքենայի թափքին կանգնած գալիս էին: Մենք էլ միացանք նրանց և վերադարձանք մեր ավտոբուսի մոտ: Պարզվեց, որ անտառապահները իրենց մոտ էին հրավիրել, հյուրասիրել մերոնց ու օգնել էին, որ շուտ անցնեին վերադարձի ճանապարհը: Ապարանի անտառների նման այսպիսի գունավոր օր ստացվեց:

No comments:

Post a Comment