Tuesday 29 September 2015

Վերահսկենք մեր միջավայրը

Մենք ապրում ենք բնության մեջ, բայց այն բնության, որին մեր ձեռքն է դիպչել: Բնության մեջ տեղի ունեցող գործընթացներին միջամտելու նպատակը, մեր կյանքն ավելի հեշտացնելու, մեր կյանքի որակն ավելի բարձրացնելու մեջ է կայանում, բայց միշտ չէ, որ այդպես է ստացվում: Երբեմն մեր միջամտությունները սպասվածի ճիշտ հակառակ ազդեցությունն են ունենում: Դա կարող է լինել, նաև մեր չափի զգացողություն չունենալուց, որովհետև թեկուզ լավը, իր սահմաններից դուրս չարիք է բերում:
Մենք արդեն սկսել ենք քաղել մեր ագահության պտուղները, բայց դա ամենևին էլ չի ստիպում, որ շատերը վերանայեն իրենց արարքները: Եթե մարդիկ գիտակցեին, որ առանց ծառերի, խոտերի և առհասարակ առանց բուսականության մենք չենք կարող շնչել, որ եթե թթվածնի սինթեզ չկատարվի, մենք ուրիշ ոչ մի տեղից մեզ անհրաժեշտ քանակությամբ թթվածինը չենք կարողանա գտնել ու նույնիսկ գնել, երևի դադարեցնեին անտառներ հատելն ու դրանց փոխարեն ասֆալտապատ տարածքներ ստեղծելը:
Եթե մարդիկ չգնային շահի հետևից և գոնե մի քիչ մտածեին իրենց ու հաջորդ սերունդների առողջության մասին, գուցե այն գումարները, որ ծախսում են ատոմակայանների վրա, ուղղեին, օրինակ արևային էներգիա ստանալու ավելի արդյունավետ միջոցներ գտնելու ու դրանց օգտագործելու համար: Չէ որ ատոմակայանը վտանգավոր է համարվում՝ իր ճառագայթման համար, և եթե այն դառնա պատճառ հիվանդության ու մահվան, փողը չէ, որ մեղմելու է ֆիզիկական ցավն ու վերադարձնելու կորցրած կյանքը:
Մարդը ստեղծեց ավտոմեքենա, որ կարճ ժամանակում հասնի մի վայրից մյուսը և խնայի իր ժամանակն ավելի օգտակար գործերի համար, բայց արդյունքում, մեքենայի շարժիչի աշխատանքի ապահովման համար անհրաժեշտ վառելիքի այրումը հանգեցրեց օդի աղտոտման: Վառելիքի այրման հետևանքով առաջացած գազերը կուտակվելով մթնոլորտում ջերմոցային էֆեկտ են ստեղծում: Ստացվում է, որ մենք մի կողմից խնայում ենք մեր կյանքի ժամերը, իսկ մյուս կողմից կրճատում:
Երկրագնդի վրա բնակվում է 7մլրդ-ից ավել մարդ և երկրագունդը չի կարողանում կերակրել բոլորին: Մարդն այս հարցի լուծումն էլ գտավ՝ ստեղծելով պարարտանյութեր, որպեսզի բերքն առատ լինի, վնասատուների դեմ նյութեր՝ մեծ չափի վնասները կանխելու համար, համային և գունային նյութեր, որպեսզի որոշ մթերքներ ու խմիչքներ հասանելի լինեն ամենքին: Ստեղծվեցին ԳՄՕ-ներ՝ մթերքն ավելի դիմացկուն դարձնելու, նրա արտաքին տեսքն ավելի երկար պահելու համար: Այս ամենն իհարկե շատ կարևոր և օգտակար են մարդկության համար, բայց ցանկացած լավ բան՝ անցնելով թույլատրելի սահմանը, սկսում է հակառակ ազդեցությունն ունենալ: Այսպիսով, մարդկանց մեծամասնությունը սոված չի մնում, բայց իր կերած սննդի պատճառով, երբեմն կորցնում է իր առողջությունը:

Մեր օրերում խնդիր է հանդիսանում, ոչ միայն մարդկությանը կերակրելը, այլ նաև ապրելու համար կենցաղային պայմաններն ապահովելը: Այս հարցի լուծման համար անդադար նոր շենքեր են կառուցվում և այդ շինարարության հետևանքով առաջացած ձայների քանակն անցնելով նորմայի սահմաններից առաջացնում է միջավայրի ձայնային աղտոտում, որն ազդում է մարդու նյարդային համակարգի վրա, իսկ վերջինիս վնասման դեպքում հետևանքներն անդառնալի են: Նույն հետևանքն է թողնում նաև մեքենաների աշխատանքից առաջացած աղմուկը:
Ինչ վերաբերում է իմ միջավայրին՝ Նոր-Նորք վարչական շրջանին, ապա այն՝ իմ կարծիքով, Երևանի համեմատաբար քիչ վնասված միջավայր ունեցող տարածքներից է:
Օդի աղտոտվածությունն այդքան էլ մեծ չէ, քանի որ ընդամենը երկու փողոց կա ծանրաբեռնված երթևեկությամբ, այդ պատճառով ավտոմեքենաները և նրանց աշխատանքի հետևանքով առաջացած գազերը շատ չեն: Կանաչապատ տարածքներն էլ, համեմատած այլ համայնքների ավելի շատ են:
Մեր համայնքում կան գործող գործարաններ, սակայն դրանք մեծ չափերի աղտոտում չեն առաջացնում:
Վերջերս Նոր-Նորք համայնքում իրականացվող շինարարությունները շատացել են՝ երբեմն նույնիսկ կանաչապատ տարածքների հաշվին: Սակայն բնակիչները նման դեպքերում փորձում են միջամտել և թույլ չտալ կանաչապատ տարածքների կրճատումը: Հիմնականում բնակիչներին հաջողվում է դադարեցնել շինարական աշխատանքները և փրկել կանաչապատ տարածքները:
Աղբահանությունը, կարծում եմ այն խնդիրն է, որին ավելի մեծ ուշադրություն պետք է դարձվի: Ճիշտ է, վերջերս որոշակի աշխատանքներ տարվում են այդ ուղղությամբ՝ նոր և քանակապես ավելի շատ աղբամաններ են տեղադրվում, բայց միևնույնն է, որոշ տարածքներ մնում են անուշադրության մատնված:
Նոր-Նորքի 3-րդ զանգվածում մի ձոր կա, որն ամբողջությամբ աղբով էր լցված: Այդ իմանալով, գնացի նկարելու այն՝ էկոլոգիական հոլովակ պատրաստելու համար, բայց ի զարմանս ինձ, այնտեղ այլևս աղբ չկար: Հավատս չէր գալիս, որ վերջապես այս տարածքն էլ է ուշադրության արժանացել: Շուտով, մի փոքր հեռու տեսնելով շինարարական աղբ, իսկ դրանից այն կողմ՝ նոր սկսվող շինարարական գործընթացներ, ամեն բան պարզ դարձավ. ձորում էլ շուտով շինարարություն կսկսվի:
Չէի ցանկանա վատատեսի տպավորություն թողնել, սակայն տեսնելով նոր սկսվող շինարարությունը և նույն տարածքում գտնվող մի քանի ահռելի շինություններ, որոնք վաղուց չեն շահագործվում, սկսում եմ մտածել՝ արդյոք նպատակահարմար է մեծ գումարներ ծախսել մի բանի վրա, որից արդեն ունենք, սակայն չենք օգտագործում: Գուցե ես սխալվում եմ, բայց իմ կարծիքով, այժմ ավելի կարևոր խնդիրներ կան, որոնք սպասում են իրենց լուծմանը:

Մենք ենք մեր կյանքի, մեր միջավայրի պատասխանատուները և որքան տեղեկացված, գիտակից լինենք ու գործենք, այնքան մեր օգուտն է:


No comments:

Post a Comment