Sunday 11 October 2015

Նախագիծ. «Դարձվածքներ»

1. Ժամանակը՝ մինչև մարտի 8-ը
2. Նպատակը՝ ուսումնասիրել դարձվածքների առաջացման աղբյուրները, դրանց գործածության ոլորտները
3. Արդյունքը՝ կազմել ժամանակակից հայ երիտասարդի բառապաշարում գործածվող դարձվածքների բառարան, այդ թվում ` դեռ չգրանցված դարձվածքների։
Փուլերը՝
1) Ի՞նչ է դարձվածքը:
2) Որտեղի՞ց են հայտնվում դարձվածքները:
3) Դարձվածքների ի՞նչ տեսակներ կան։
4) Ինչո՞վ են դարձվածքները տարբերվում մյուս կայուն կապակցություններից։
5) Դարձվածքներ, որ առաջանում են հենց հիմա՝ ոտքի վրա։
 6) Այս բոլորից՝ հետևություն և որպես արդյունք՝ այսօրվա դարձվածքների բառարան։
7)Պաշտպանություն։

                                          
                        «
Դարձվածքներ. ինչ են դրանք և որտեղից են առաջանում»                                                                             
                     1.  Ի՞նչ է դարձվածքը
Համադրելով գրականության մեջ առկա շատ սահմանումներ՝ Պ. Բեդիրյանը գրում է. «Դարձվածքը բառերի կայուն, պատրաստի վերարտադրելի, վերաիմաստավորված կապակցություն է, ուր բաղադրիչ բառերի ինքնուրույնությունը ձևական է, շարահյուսական կապը՝ մթագնած»:
Անդրադառնալով նշված հատկանիշներից յուրաքանչյուրին առանձին-առանձին, նախ պետք է նշել, որ դարձվածքը բառակապակցություն է, նրա յուրաքանչյուր բաղադրիչ ունի առանձին բառի արժեք: Բեդիրյանը սա փաստող մի օրինակ է բերում. անձնատուր լինել (իրեն պարտված ճանաչել՝ հանձնվել) արտահայտությունն ունի փոխաբերական իմաստ, սակայն այն դարձվածք չէ, և ոչ էլ բառակապակցություն, քանի որ նրա բաղադրիչներից մեկը՝ «անձնատուր»-ը առանձին բառի արժեք չունի: Այն նույնպիսի կազմություն է, ինչպիսիք են «շուռ տալ»-ը, «ման գալ»-ը, «ման ածել»-ը և այլն:[1]
Իսկ  խոսքը կտուրը գցել, ոտքը վերմակին համապատասխան մեկնել, թիկունքին/մեջքին կանգնել արտահայտությունները, որոնց բաղադրիչներից յուրաքանչյուրն ունի առանձին բառի արժեք, համարվում են դարձվածքներ (նաև բառակապակցություններ):
 Դարձվածքներն ամենից առաջ կապակցություններ են, սակայն կան նաև բառ-դարձվածքներ, որոնք ունեն կապակցության, նախադասության արժեք: Օրինակ՝  ներեցե՜ք  կամ թքա՛ծ  և այլն:
Դարձվածքի մեկ այլ հատկանիշը՝ կայունությունը, ցույց է տալիս տվյալ կապակցության կայունությունը թե՛ բառային, թե՛ ձևաբանական և թե՛ շարահյուսական առումներով:
Դարձվածքների կայունությունը դրսևորվում է մի շարք կտրվածքներում. 1)հնչերանգային,  2)բառային(լեքսիկական), 3)իմաստային, 4)ձևաբանական, 5)շարահյուսական, 6)կառուցվածքային, 7)գործառական:
1) Որոշ դեպքերում դժվար է hնչերանգի միջոցով դարձվածքի կայունությունը ցույց տալը: Այս կտրվածքով նայելիս, հիմնականում բառ-դարձվածքներն են, որ օժտված են «հնչերանգային հաստատուն պատկեր»-ով:[2]
2) Բառային(լեքսիկական) կտրվածքով կայունությունն արտահայտվում է նրանով, թե արդյոք կարելի է տվյալ կապակցության բաղադրիչները փոխարինել դրանց հոմանիշներով կամ համարժեքներով(օր.՝աչքի ընկնել, աչք զարնել, աչք կտրել, դրանք բոլորն էլ նշանակում են նկատվել, երևալ: Գլուխը դատարկ, կոկոշը դատարկ, պարապ գլուխ, որոնք նշանակում են անխելք, հիմար): Այս առումով կարևոր նշանակություն ունի նաև այն հանգամանքը, թե որ ոճական շերտին է պատկանում դարձվածքի այս կամ այն բաղադրիչը. ընդհանուր գրակա՞ն(որ վերաբերում է դարձվածքների մեծամասնությանը), փոխառյա՞լ(կուրս վերցնել), բարբառայի՞ն(աչքին թոզ փչել), թե՞ արխայիկ(անարգանքի սյունին գամել):
3) Իմաստային կտրվածքում երկու հանգամանքով է պայմանավորվում դարձվածքի կայունությունը. նախ, բազմիմաստ բառը, որպես կանոն, իր նշանակություններից մեկով կարող է որևիցե մի դարձվածքի բաղադրիչ դառնալ (օրինակ՝ գլուխ հանել: «Գլուխ»-ը բազմիմաստ է, վերցված է միայն «մարդու գլուխ» նշանակությամբ):
Երկրորդ հանգամանքը նրա ամբողջության արտահայտած նշանակության կայունությունն է( օրինակ՝սիրտ տալ-մխիթարել, աչքը մտնել-սիրաշահել, քթից բռնած ման ածել-խաբել, մոլորեցնել):
4) Ձևաբանական կտրվածքում դարձվածքի կայունությունն ապահովվում է նրա բաղադրիչներից յուրաքանչյուրի ձևաբանական ձևավորումով, նրանով, թե ինչ աստիճանի հաստատուն է այդ ձևավորումը: Նաև նրանով, թե դարձվածքն ամբողջությամբ վերցրած խոսքի մեջ զրո՞, թերի՞, թե՞ լիակատար հարացույցներով է հանդես գալիս:[3] Օրինակ՝ «Խելքը մտնել», «Գլուխը մտնել», «Խելքում պառկել», (թերի հարացույց)
«Ոսկե միջին», «Մի սանրի կտավ» (լիակատար՝ ոչ փոխարկելի):
5) Շարահյուսական կտրվածքում դարձվածքի կայունությունն արտահայտվում է կապակցության շարահյուսական ձևավորման մեջ, թե բաղադրիչները շարահյուսական ինչ հարաբերությամբ են առնչված իրար հետ, ավարտուն նախադասությա՞ն ձևավորում ունեն, թե՞ քերականորեն փոփոխելի: Դրա հետ մեկտեղ կարևոր է նաև շարադասության կայունությունը: Օրինակ՝ «Մկան ծակը հազար թումանով առնել» (կայուն է): «Կախվածի տանը պարանից չխոսել» ,«Պարանի մասին կախվածի տանը չխոսել» (փոփոխելի է շարահյուսորեն)։ Երկրորդ դեպքում շարահյուսական փոփոխությունից իմաստային փոփոխություն չի լինում, իսկ առաջին դեպքում լինում է:
6) Կառուցվածքայինը շարահյուսականի և ձևաբանականի հանրագումարն է: Դարձվածքի իմաստն ամրանում է կոնկրետ բաղադրիչներից կազմված կառույցին: Թվում է թե այս կետն իրենից պետք է ենթադրեր բաղադրիչների շարահյուսական, ձևաբանական և շարադասության առումով կայունություն, անխախտություն: Սակայն որոշ դեպքերում կարող են բաղադրիչներից որոշները փոփոխվել(օր.՝ մեկի վարվեցողության ճկունությունն ու մարդասիրությունը նշելու համար ասում են. մեծի հետ մեծ է, փոքրի հետ փոքր, մեկ այլ դեպքում՝ գյուղացու հետ գյուղացի է, մտավորականի հետ՝ մտավորական) կամ այլ դեպքերում ձևաբանական փոփոխություններ լինեն(օր.՝ խելքում նստել, խելքին նստել, խելքի մեջ նստել դարձվածքները միևնույն իմաստն ունեն. դրանք պարզապես միևնույն դարձվածքի կառուցվածքային տարբերակներն են), սակայն դրա հետևանքով դարձվածքի իմաստն ամենևին էլ չի փոխվում:
7) Գործառական կտրվածքում դարձվածքի կայունությունն ապահովվում է այն խոսքային միջավայրով, ուր սովորաբար հանդես է գալիս տվյալ կապակցությունը: Միջավայրից է կախված դարձվածքի իմաստի պահպանումը (իհարկե կան դարձվածքներ, որոնք ունեն ընդհանրական կիրառություն և անմիջապես ընկալվում են իրենց դարձվածքային իմաստով): Օրինակ՝ Երկրաշարժից տունը քանդվեց: Մայրն ասում է. «Տղաս երկրից գնաց, տունս քանդվեց»: «Տունը քանդվել» արտահայտությունը դուրս է բերված իր ոլորտից և դրված է օտար  միջավայրում և այդ իսկ պատճառով փոխաբերական իմաստ է ձեռք բերել:
Բացի այդ, կիրառման միջավայրի շնորհիվ է, որ իմաստազատվում են համանիշ և համանուն դարձվածքները (օր.՝«Ձեռքը բռնել» 1. Օգնեել, 2.Խանգարել, թույլ չտալ՝ միաբանվելու (համանուն)։ «Հրեաների շուկա», «Կանանց բաղնիք»  = աղմկոտ վայր (համանիշ)):
Նաև պակաս կարևոր չէ խոսքի մեջ դարձվածքի ընդմիջման աստիճանը, որով կապակցությունը կարող է կորցնել իր կիրառությունը կամ ոչ(օր.՝ «Աչքը ճամփին մնալ»(անհույս սպասել)- Աչքը տարիներով եղբոր ճամփին մնաց։):
Դարձվածքի հաջորդ հատկությունը պատրաստի վերարտադրելիությունն է: Այս հատկության էությունն այն է, որ դարձվածքն իբրև կայուն կապակցություն խոսքի մեջ միշտ նույն, կայուն, պատրաստի ձևով է օգտագործվում (իհարկե, ըստ անհրաժեշտության ենթարկվելով քերականական փոփոխությունների): Եվ որքան էլ որ, խոսքի մեջ, բառի և դարձվածքի ներմուծման տեխնիկան նման լինի, բառը կարող է (հնարավոր է նաև ամողջական կապակցությունը) կիրառվի փոխաբերական առումով, բայց այն չի կարող մեկ անգամյա կիրառմամբ դառնալ դարձվածք (օր.՝«Հորդ մազերը գետ գիշերվա…»՝ փոխաբերություն է, բայց դարձվածք չէ։ «Տառապանքս փորձ ունի»-ն դարձվածք է, արդեն անընդհատ կիրառվում է հարմար պահին:) :
Վերոհիշյալ առանձնահատկությունների կողքին, որոնք այս կամ այն չափով հատուկ են առհասարակ կայուն կապակցություններին ևս, կա մի հստակ սահմանազատում. դա կապակցության վերաիմաստավորումն է:[4]
Առանձին-առանձին այս կամ այն նշանակությունն ունեցող բառերը, միանալով, արտահայտում են մի իմաստ, որն արդեն բառերից ոչ մեկինը չէ, այլ նոր է և գերիշխում է դրանցից յուրաքանչյուրի նշանակության վրա («Գլուխ ջարդել» -«չարչարվել». ոչ գլուխն է իր իմաստով, ոչ ջարդելը։) :
   2.    Որտեղի՞ց է առաջանում դարձվածքը
Հարց, որին միանշանակ պատասխան տալն անհնարին է, քանի որ դարձվածքներն առաջանում են խոսքի հետ, ցանկացած վայրում և ցանկացած պահի: Սակայն կարելի է գտնել առաջացման որոշ ուղիներ, որոշ դարձվածքների համար՝ առաջացման աղբյուրներ: Օրինակ՝ «Ի խորոց սրտի» դարձվածքն առաջացել և մտել է մեր լեզվի մեջ Գրիգոր Նարեկացու՝ «Մատյան ողբերգության» շնորհիվ, «դառը դատել՝ դատարկ նստելը»՝ Ավ.Իսահակյանի բանաստեղծություններից մեկի[5], որն արդեն դարձվածքի իմաստով օգտագործել է Վ. Տերյանը «Ի՞նչ է ասում Լենինը գյուղացիներին» հոդվածում(1918թ.), կամ «նրբացուցիչ դեպք հանցաց» դարձվածքը, որը գալիս է Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար»-ից(Պոլիս, 1886-1887թթ.[6]) և այլն:
Իհարկե այս արտահայտությունները նախքան այդ էլ են օգտագործվել, բայց դարձվածքային իմաստ ձեռք են բերել գրական ստեղծագործություններում հայտնվելուց հետո:
Չհաշված պատմական, գրական ծագում ունեցող դարձվածքները, մնացածի համար դժվար է նշել կոնկրետ առաջացման աղբյուր: Դրանց ստեղծման համար Պ.Բեդիրյանն առանձնացնելով անհրաժեշտ պայմանները, գրում է.
1.      Նախ տվյալ կապակցությունն առաջին անգամ պետք է կիրառվի փոփոխված իմաստով:
Այստեղ արտահայտությունը դուրս է գալիս իր կիրառության դաշտից և հայտնվում մեկ այլ իմաստային դաշտում: Օրինակ՝ «հակադարձ համեմատական» արտահայտությունը» դուրս է եկել մաթեմատիկայի ոլորտից և մտել առօրյա:
2.      Այնուհետև
ա. ամրապնդվում է կապակցության՝ պատրաստի վերարտադրելիության հատկությունը,
բ. կապակցության նոր իմաստը համընդհանուր ճանաչում է գտնում,
գ. կապակցությունը մտնում է ընդհանուր լեզվի ոլորտ (եթե միայն այնտեղ չի կազմվել),
դ. տեղի է ունենում բաղադրիչների «զտում»: Սա նշանակում է, որ որոշ բաղադրիչներ կարող են փոխարինվել հոմանիշներով կամ ընդհանրապես դուրս գան: Հոմանիշների առումով, «հաղթում է այն բառ-հոմանիշը, որն առհասարակ ավելի կենսունակ է լեզվի մեջ: Օրինակ «անկողնուն գամվել» դարձվածքը, որ նշանակում է անկողնային հիվանդ դառնալ, ժամանակին տարբեր հոմանիշներով է արտահայտվել՝ անկողնակալին
~, մահճակալին~, անկողնուն բևեռվել, անկողնակալին~, և ինչպես երևում է «հաղթել» է , «անկողնուն»-ը՝ որպես գոյական և «գամվել»-ը՝ որբես բայ-բաղադրիչ:
Կան այնպիսի դեպքեր, երբ բաղադրիչը կամ բաղադրիչները կարող են ընդհանրապես դուրս գան: Օրինակ.
 «-Ախար շատ ես երկար կապում, է՜, ընկեր լեյտենանտ:»(Հր.Մաթևոսյան, «Մենք ենք՝ մեր սարերը), ինչպես երևում է ՝«ախար շատ ես»  բաղադրիչը դուրս է եկել և մնացել է «երկար կապել» դարձվածքը, որը «կարճ կապել» դարձվածքի հակադարձ նմանակությամբ է կազմվել(դրա մասին հաջորդիվ), նշանակում է խոսքը երկարացնել:
Նույն հատկությունները կարող են ունենալ նաև պատճենված՝ այլ լեզուներից վերցված դարձվածքները: Օրինակ «աքիլլեսյան գարշապար» դարձվածքին զուգահեռ եղել են նաև «աքիլլեսյան կրունկ», «Աքիլլեսի կրունկ», արևմտհ. «Աքյուլլեսի վիրավորելի կետ»…
Պետք է նշել, որ երկրորդ աստիճանի բոլոր կետերը տեղի են ունենում զուգահեռաբար:
3. Այս վերջին՝ երրորդ աստիճանում, դարձվածքն արդեն վերջնականապես մշակված և բյուրեղացված է:
Իհարկե դարձվածքի ձևավորումը կարող է և չընթանալ այս օրինաչափությամբ: Կան նաև այնպիսի դարձվածքներ, որոնք լեզվի մեջ են մտնում արդեն իրենց կայուն, դարձվածքային իմաստով՝ առանց անցնելու այս երեք փուլերը: Օրինակ այդպիսին են այլ լեզուներից փոխառված դարձվածքները. «կոտրած տաշտակ», «լինե՞լ, թե՞չլինել», «ոսկե ձկնիկ»… Դարձվածքներից շատերն էլ ստացվում են խոսքում կիրառվող ազատ կապակցություններից և դրանից ելնելով կարող ենք ասել, որ դրանցից շատերը կարող են խոսքի մեջ մտնել արդեն փոխաբերական իմաստով, ինչպես՝ եփած հավի ծիծաղը կգա, հինգերորդ տարր, վեցերորդ զգայարան, քարը պար կգա և այլն: Սրանից էլ ելնելով կարող ենք ասել, որ այսպիսի դարձվածքներն էլ չեն անցել այս երեք աստիճանները, այլ խոսքի մեջ մտել են միանգամից երրորդ աստիճանից:
Այստեղ առաջանում է դարձվածաբանության մեջ նմանակության հարցը: Սա մի երևույթ է, որի ժամանակ արդեն գոյություն ունեցող դարձվածքների կաղապարների ծավալմամբ ստեղծվում են նորերը: Օրինակ կարող է լինել նույն դարձվածքի՝ «արյունը երակներում եռալ»-ի երեք նմանակություն՝ «արյունը սուրալ երակների մեջ», «արյունը ոստոտել երակներում», արյունը զրնգալ երանգներում»:
Երբ այս կամ այն բառի դարձվածքային իմաստն ընդհանուր ճանաչում է գտնում ու շատ տարածվում, նրա համապատասխան նշանակությամբ կազմվում են ամբողջ շարքեր: Օրինակ՝ ընդգծելու համար, որ չեն կարող շռայլություններ թույլ տալ, օգտագործում են հետևյալ կաղապարը.

Կա նաև հակադարձ նմանակություն, որի դեպքում նմանակությունը կայանում է արդեն գոյություն ունեցող դարձվածքի հակադրությամբ նոր դարձվածքի ստեղծման մեջ: Օր. խելքին մոտ(իկ)- խելքից հեռու, տաք գլխով-սառը գլխով, կրակի գին- ջրի գին, ոտն իր կարպետին համեմատ մեկնել- ոտն իր կարպետից դուրս մեկնել, ոսկե տառերով գր(վ)ել-սև տառերով գր(վ)ել… Ինչպես երևում է՝ պարտադիր չէ, որ հակադիր դարձվածքները հականիշ բառերով ստեղծվեն (կրակի գին- ջրի գին, ոսկե տառերով գր(վ)ել-սև տառերով գր(վ)ել ):
Որո՞նք են ժամանակակից հայերենի դարձվածքների պաշարի աղբյուրները: Պ.Բեդիրյանը համարում է.
1. Կենդանի լեզուն՝ իր կիրառության բոլոր ոլորտներով: Այդ ոլորտները կարող են լինել բժշկությունից մինչև հումանիտար գիտությունները, գրականությունից մինչև կենդանաբանություն, քաղաքականությունից մինչև կենցաղ: Օրինակ՝ «հակադարձ համեմատական»-ը մաթեմատիկական տերմին է, բայց դուրս գալով իր կիրառության միջավայրից և կիրառվելով կենցաղում՝ ասելու համար որ ինչ որ բանի հետ չի ներդաշնակվում[7], չի համապատասխանում: Կամ երկրագործության ոլորտից դուրս եկած և կենցաղ մտած «խոփը քարին դեմ առնել»-ը, որ նշանակում է խոչընդոտի՝ արգելքի հանդիպել. ձախողվել:[8]
2. Գրաբարը, միջին հայերենը: Դարձվածքների անցումը գրաբարից/միջին հայերենից աշխարհաբարի տեղի է ունենում երկու ձևով.
ա.Դարձվածքի բաղադրիչներն ու նրանց քերականական ձևավորումը փոխվում՝ դառնում են աշխարհաբար: Օրինակ՝ ի ոտք ընկնիլ(միջին հայերեն)- ոտքերը/ոտքը(ոտքերի առաջ) ընկնել: Այստեղ երևում է թե՛ լեքսիկական(անկանիմ-ընկնիլ-ընկնել), թե՛ քերականական(առ ոտս, առաջի ոտից-ի ոտք-ոտքերը) փոփոխությունները:
Հեղում (զ)արիւն (գրաբար…«… Զիա՞րդ հեղաւ արիւն ի տարապարտուց…» - Բուզանդ)- արիւն հեղուլ=զարիւնն վաթել(միջին հայերեն…«… Որքա՞ն արիւն հեղան յերկրի, Քանի՞ առնեն բան խոտելի» -Ֆրիկ; «Չարկամն որ ի գալ տեսնում, քո արևդ , որ լաւ ջանամ ես.  Զարիւնս ի վերայ վաթեմ, Թուխ աչեր, դու կանգնե ու տես» -Ք) - արյուն թափել(աշխարհաբար):
բ. Դարձվածքն իր բաղադրիչներով ու քերականական ձևավորմամբ նույնությամբ անցնում է աշխարհաբարին: Օրինակ՝ Աստված մի արասցե, առակս զի՞նչ ցուցանե, ձայն բարբառո հանապատի, քավ լիցի, մահ իմացյալ և այլն: Արդի հայերենում միջին հայերենից անցած դարձվածքներ չկան: Պատճառներից մեկն այնն է, որ դարձվածքների քարացած ձևերը լեզվի մի վիճակից մյուսին անցնում են հիմնականում գրականության միջոցով: Երկար տարիներ գրաբարն էր պաշտոնական գրական լեզուն և միջին հայերենին շատ ուշադրություն չէր դարձվում: Բացի այդ՝ միջին հայերենն իր կառուցվածքով շատ նման է աշխարհաբարին և նրանից բառեր անցել են աշխարհաբարին, բայց բառաձևեր, քերականական քարացած ձևեր՝ գրեթե ոչ:
3. Արդի հայերենի դարձվածքների աղբյուրներ են նաև բարբառներն ու խոսակցական լեզուն: Օրինակ. խոսակցական- տակով անել, մեկի գլխի վրա տեղ ունենալ, ոչ բարով, գլուխը քար, փորը վեց-վեց անել…, բարբառային- իզն ու թոզը չերևալ, բանը խարաբ լինել, քեֆդ քոք/ լավ պահիր, ի՞նչ խաբար է, առանց դես՝ առանց դեն= առանց դեսուդենի, փասափուսան հավաքել/քաշել(երբեմն հեշտ չէ խոսակցականն ու բարբառայինը տարբերել իրարից) և այլն:
4. Այլ լեզուներից փոխառված դարձվածքներ: Դրանք իրենց հերթին լինում են ամբողջապես փոխառյալ, մասնակի փոխառյալ և պատճենյալ:
ա. Ամբողջապես փոխառյալները հիմնականում փոխանցվում են գրականության միոցով: Օրինակ Սուրեն Սպանդարյանն իր ստեղծագործություններում(ելույթներ, հոդվածներ, նամակներ) օգտագործել է իր ժամանակին բավականին հայտնի tutti frutti(իտ.) «ամբողջ մնացյալը, բոլոր մնացածները», alma mater «սնուցող մայր» և այլ դարձվածքներ, Հակոբ Պարոնյանը՝ victis honos «հարգանք՝ փառք պարտվածներին»: Այս կարգի դարձվածքներն այժմ նախնտրում են կիրառել հայերեն տառադարձությամբ: Դրանցից ավելի շատ են կիրառվում՝ դե ֆակտո(փաստացի կերպով), դե յուրե(իրավական տեսակետից), պոստ ֆակտում /լատ./(կատարվել-վերջանալուց հետո, հետին թվով) և այլն:
2. Մասնակի փոխառյալի դեպքում դարձվածքի բաղադրիչներից մեկը կամ մի քանիսը տառադարձվում են, իսկ մյուսը/մյուսները՝ թարգմանվում-պատճենվում: Օր.՝ զենիթին հասնել, կուրս վերցնել, ընտանեկան դրամա և այլն: Բայց միշտ չէ, որ փոխառյալ բառ-բաղադրիչ ունեցող բոլոր դարձվածքներն են փոխառյալ, օրինակ, ջանը դող ընկնել, ամբիոնից ճառ ասել, գլխին հարամ անել, չին(ը)դ վե՞ր կընկնի դարձվածքներն ամենայն հավանականությամբ հայկական կազմության են:
Կան խոսակցական և բարբառային այնպիսի դարձվածքներ, որոնք պարունակում են փոխառյալ բաղադրիչներ, սակայն դրանք պատճենված են գրականությունից, այլ ոչ թե շփվող որևէ լեզվից: Օր.՝ թոփի պես տրաքել/ կասենաս թոփ տրաքեց, ղրաղը կտրել, ոտը յորղանի գյորա մեկնել/պարզել և այլն:
3. Պատճենյալ: Օր.՝ արգելված պտուղ, երկնային մանանա, աջ ձեռքը չգիտե, թե ձախն ինչ է անում(այս բոլորի աղբյուրը Աստվածաշունչն է), վարագույրը բարձրացնել, ձեռքը խնդրել…
Ես էլ փորձեցի առանձնացնել մեր օրերում ստեղծվող որոշ դարձվածքներ.
«Տակ տալ»- ձախողել,
«Ինչ-որ բանի տակը մնալ»՝ մի բանից շատ տպավորվել,
«Մառոզ անել»- շատ խիստ լինել,
«Տեռոր անել»- ահաբեկել,
«Դու թքիր...»- վիճակդ շա՜տ վատ է՝ մահացու,
«Դեղերը չխմել/մոռանալ»- անսովոր, տարօրինակ վարքագիծ ցուցաբերել:
Աղբյուրներ՝
Պ. Ս. Բեդիրյան, «Ժամանակակից հայերենի դարձվածաբանություն», «Լույս» հրատ., Երևան, 1973թ.:
http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=64



[1] Այս արտահայտությունները կարող են դարձվածքների կազմի մեջ մտնել՝ ունենալով մի բառի արժեք: Օր.՝ երես + « շուռ տալ », քթից + բռնած + « ման ածել »:
[2] Գ. Յա. Դեմենտևա, Ավտոռեֆերատ, Ալմա-Աթա, 1955, էջ 2-3
[3] Հմմտ. «Դարձվածքներից շատերի կայունությունը (անտարրալուծելիությունը-неразложимост та) վերաբերում է առաջին հերթին նրանց փոխաբերական կիրառությանը» (Николов Божил, Френска лексикология, София, 1959, стр. 127, прим.)
[4] «Բառերի…նորիմաստ կապակցությունները սովորաբար կոչվում են դարձվածքներ…» (Մ. Աբեղյան, Հայոց լեզվի պատմություն, Ե., 1965, էջ151):
[5] Ավ.Իսահակյան, գրվել է 1898թ. Օդեսայում, տպագրվել՝ 1901թ.(Ավ. Իսահակյան, «Երկերի ժողովածու», Հ.1, Ե., 1950, ծան., էջ 341
«Ա՜խ, մեր սարերը լիքը դարդ, ցավ…»)
[6] Հ.Պարոնյան, «Երկերի ժողովածու», Հ. 1, Ե., 1962, ծան., էջ 459- 460:
[7] Պ. Ս. Բեդիրյան, «Հայերեն դարձվածքների ընդարձակ բառարան», ԵՊՀ Հրատարակչություն, Երևան 2011:
[8]  Նշվ. աշխ.

No comments:

Post a Comment