Saturday 13 February 2016

Քննարկում «Տարրական դպրոցներում Հայոց եկեղեցու պատմության դասավանդում» թեմայով

Փետրվարի 12-ին առաջին անգամ ներկա եղա մի հանդիպման, որը հրավիրված էր և լուսաբանվում էր բազմաթիվ լրատվամիջոցների կողմից, և ինչպես հետո իմացա՝ հեռարձակվում էր ուղիղ եթերով: Բավականին տպավորիչ էր, մթնոլորտն էլ՝հաճելի: Քննարկաման թեման 2-4-րդ դասարաններում Հայոց եկեղեցու պատմություն առարկայի ուսուցումն էր: Մենք գնացել էինք տիկին Մարիետի հետ՝ ով բանախոսներից մեկն էր: Բանախոսների մեջ էին նաև կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը, Անանիա Շիրակացու անվան ճեմարանի կրտսեր դպրոցի ավագ մանկավարժ Գոհար Սարգսյանը և կրթության հարցերով փորձագետ Արմինե Դավթյանը: Յուրաքանչյուրը ներկայացրեց իր տեսակետը, երևույթի լավ և վատ կողմերը:
Փորձագետ Արմինե Դավթյանը ներկայացրեց իր ուսումնասիրությունները, որի արդյունքում պարզ դարձավ, որ կան շատ խնդիրներ, և ինքը կողմ չէ այս որոշմանը, այս երևույթը համարում է քարոզչություն: Ի պատասխան այս կարծիքին՝ Անահիտ Բախշյանը մեր առանձնազրույցի ժամանակ կես կատակ, կես լուրջ ասաց, որ այդպես էլ կա: Այսպիսի որոշում է կայացվել Սովետական Միության տարիներին Աստծո և մարդու միջև կորցրած կապը վերականգնելու համար: Քննարկման ընթացքում պարզ դարձավ, որ Անահիտ Բախշյանը մեր՝ հայերիս անբաժանելի արժեք է համարում քրիստոնեական հավատքը, կողմ է այս ծրագրին և կարծում է, որ այն պետք է անցնել առաջին դասարանից սկսած: Իհարկե,այդ ամենևին էլ չի նշանակում, որ ծրագիրն անթերի է և աշխատելու կարիք չկա:

Տիկին Մարիետը և Գոհար Սարգսյանը ներկայացրին սեփական փորձը և տեսակետները Հայոց եկեղեցու պատմության դասավանդման վերաբերյալ:
Բավականին հետաքրքիր և ուշադրության արժանի հարց է, որն իր հետ առաջ է քաշում շատ այլ խնդիրներ՝ինչպես պետք է մատուցվի Հայոց եկեղեցու պատմությունը երեխաներին, ինչ թեմաներ պետք է ընդգրկի ուսուցումըինչպիսիք՝ոչ, արդյոք այն չի խախտի անհատի խղճի ազատությունը։
Հարկավոր է մասնագետների վերապատրաստում անցկացնել կամ նոր մասնագետների ներառում իրականացվող ծրագրի մեջ: Այն իր հերթին առաջացնում է ևս մեկ հարց՝ արդյոք ավելի նպատակահարմար չէ, որ այս առարկան դասավանդի քահանան, ոչ թե ուսուցիչը, քանի որ ուսուցիչն անհատ է, ով կարող է դասավանդման մեջ ներառել նաև իր անձնական կարծիքը, իսկ քահանան, լինելով Հայ առաքելական եկեղեցու անմիջական ներկայացուցիչ, կարող է ամբողջապես փոխանցել եկեղեցու տեսակետները:
Շատ ու շատ հարցեր են առաջանում, որոնց պատասխանների կարիքը շատ է զգացվում, որովհետև անորոշությունն ու անտեղյակությունը ծնողների շրջանում բերում է անվստահության:
Ինքս, անցնելով Հայոց եկեղեցու պատմություն, իհարկե միջին դպրոցում, ոչ կրտսեր, պետք է ասեմ, որ այս առարկան քարոզչություն անվանել չեմ կարող, քանի որ այն, ըստ իս, Աստվածաշնչից որոշակի պատմությունների և Հայոց պատմության ներկայացումն է եկեղեցու տեսանկյունից և, որն ամենևին էլ չի կարող հանդիսանալ կրոնական տեսակետների պարտադրանք անհատի նկատմամբ: Իսկ ինչ վերաբերում է այս առարկայի դասավանդմանը կրտսեր դպրոցներում, կարծում եմ, դա ավելորդ ծանրաբեռնում կլինի երեխաների համար: Եթե այնուամենայնիվ որոշվի մտցնել այն կրտսեր դպրոցի ծրագրի մեջ, ապա պետք է արվի այնպես, ինչպես մեր դպրոցում՝ երգերի, խաղերի, ծեսերի միջոցով:
Կարծում եմ՝ երեխայի հոգևոր կրթությամբ առաջին հերթին պետք է զբաղվի ընտանիքը, իսկ դպրոցի պարտքը ծանոթացնելն է մարդուն աշխարհի և առկա տեսակետների հետ՝ապահովելով ընտրության բազմազանություն

No comments:

Post a Comment