Friday 5 February 2016

Տպավորություններ օլիմպիադայից


Փետրվարի երեքին տեղի ունեցավ հայոց լեզվի օլիմպիադայի տարածաշրջանային փուլը: Կյանքումս առաջին անգամ էր, որ այդպիսի պատասխանատու պահին այդքան հանգիստ էի. ոչ մի լարվածություն չկար, ավելորդ մտքեր չկային: Գուցե նրանից էր, որ ես մենակ չէի, ինձ հետ էին իմ ընկերները, կամ մտածելակերպի փոփոխությունից էր, կամ էլՉգիտեմ: Առավոտյան՝ ընդհանուր պարապունքից և ընկեր Լուսինեի հետ պարելուց հետո, գնացինք Բանգլադեշում գտնվող մեկ այլ դպրոց: Այնտեղ մեզ սիրով հյուրընկալեցին: Մեզ՝ տասնմեկերորդ դասարանցիներիս մի մասին և մեկ տասներկուերորդ դասարանցու ուղեկցեցին մաթեմատիկայի դասարան: Հաճելի էր կրկին տեսնել գրատախտակը, նստարանները, պատի մոխրագույն ներկը, սովորողների կողմից պատրաստված պատի թերթերըՀին ու բարի հիշողություններ: Նույնիսկ սեղանի կողքերին գրիչով բացված անցքերն էին հաճելի դարձել: Բայց, այնուհանդերձ, այդ ամենից հետո ինձ էլ ավելի պարզ դարձավ,, թե որքան շատ եմ սիրում մեր դպրոցի միջավայրը և որ չէի ցանկանա սովորել մոխրագույն պատերի մեջ: Բավական երկար սպասեցինք, մինչև հարցաթերթիկները կբերեին: Բերելուն պես սկսեցինք աշխատել: Ի զարմանս ինձ՝ բավական հեշտ էին հարցերը և նույնիկ հետաքրքիր: Նախքան այդ ես մտածում էի, թե ինչ շարադրություն պետք է գրեմ տրված թեմայով, այն էլ 2 էջի սահմանում: Արդեն անսովոր է դարձել գրել շարադրություն, որի թեման ինքդ չես ընտրում: Մտքերը փոխվեցին թեման տեսնելուն պես: Ամենասիրովը հենց շարադրությունը գրեցի: Անկեղծ ասած՝ մեծ պատմվածք էի որոշել գրել, բայց ձեռքս սկսել էր ցավել. վաղուց գրիչով այդքան երկար չէի գրել, ներքևում սպասում էին ընկերներս, և այդպիսով ես չգրեցի պատմվածքն ամբողջությամբ, բայց դա ամենևին էլ չփոխեց իմ տրամադրությունը: Ավարտեցինք և զրուցելով, քննարկելով վերադարձանք դպրոց: Հետաքրքիր և օգտակար փորձառություն էր. Օգնեց՝ տեսնելու թերություններս, որոնց վրա պետք է աշխատեմ:

No comments:

Post a Comment