Լուսատիտիկները եղեգների մեջ (երկրաշարժից առաջ) Հեղինակ՝ Իտո Սոզան Fireflies in Reeds (pre-earthquake) by Ito Sozan |
Շատ վաղուց, իսկ ավելի կոնկրետ՝ տասնչորս-տասնհինգ տարի առաջ, ես ապրում էի ուսանողական
հանրակացարանում: Այդ ժամանակ տասնութ տարեկան էի և նոր էի ընդունվել համալսարան: Տոկիոն ընդհանրապես
չէի ճանաչում և երբեք մենակ չէի ապրել, այդ պատճառով էլ հոգատար ծնողներս էին ինձ համար բնակարան գտել: Բնականաբար, գինը վերջին տեղում չէր, բայց, միայնակ մարդու ծախսերի համեմատ, այն մի կարգ էլ պակաս էր:
Թե իմ կամքով լիներ, ինքս բնակարան կվարձեի ու կապրեի իմ հաճույքի համար: Չնայած՝ հիշելով, թե որքան արժեցավ համալսարան ընդունվելը, դրան գումարած ամսական վարձավճարը և ամենօրյա ծախսերը, այլևս ընտրելության տեղ չէր մնում:
Հանրակացարանը Տոկիոյում էր՝ բլուրի վրա, որտեղից երևում էր քաղաքի կենտրոնը: Հսկայական տարածությունը շրջապատված էր բետոնե ցանկապատով: Անմիջապես դրա հետևի երկու կողմերից բարձրանում էին հսկայական թեղիներ, որոնց տարիքը հատում էր կես դարը: Նրանց միջից չէր երևում երկինքը․ կանաչ սաղարթն այն ամբողջությամբ ծածկում էր:
Բետոնե ճանապարհը թեքվում էր՝ շրջանցելով ծառերը, հետո կրկին ուղղվում ու հատում ներքին բակը: Երկու կողմից իրար զուգահեռ ձգվում էին երկու- երեք հարկանի, երկաթբետոնե
մասնաշենքերը: Հսկայական շինություններ
էին:
Բաց պատուհաններից հնչում էր ռադիոն: Բոլոր սենյակներում
կախված էին միանման մարմնագույն վարագույրներ.
այնքան էլ նկատելի չէր, որ վաղուց անհույս գունաթափվել էին:
Ճանապարհը հարում էր կենտրոնում տեղակայված գլխավոր շինությանը: Առաջին հարկում ճաշարանն ու մեծ բաղնիքն էին, երկրորդում՝
դասախոսությունների դահլիճը, մի քանի լսարաններ և նույնիսկ սենյակ՝ հյուրերի համար, բայց թե ինչ հյուրերի՝ անհայտ էր: Այս մասնաշենքին հարակից կար ևս մեկ հանրակացարան՝
նույնպես երեք հարկանի: Բակը շատ մեծ էր: Կանաչ խոտածածկի վրա՝ արևի ճառագայթներով ծածկված, պտտվում էին ջրցողիչ սարքերը: Գլխավոր շինության հետևում կային բեյսբոլի, ֆուտբոլի, և թենիսի վեց դաշտեր: Ավելին պետք չէր:
Հանրակացարանի միակ խնդիրն այն էր, որ այն կառավարում էր ինչ-որ կասկածելի իրավաբանական
ներկայացուցչություն՝ առավելապես խիստ աջակողմյան տարրերից կազմված : Դա հասկանալու համար բավական էր ընթերցել գովազդային թերթիկը և կեցության կանոնները.
«Հանուն հայրենիքի ամրապնդման իդեալ դառնալ՝ տաղանդավոր կադրեր կրթելու համար»:
Սա որպես կարգախոս է ծառայել հանրակացարանի ստեղծման համար: Կարգախոսի բովանդակությունից ելնելով էլ ֆինանսիստներն
անձնական միջեցներ են ներդրել… Բայց սա երևացող կողմն է: Ինչ վերաբերում է հակառակ կողմին՝ իրականությանը՝
ոչ ոք չգիտեր: Ոմանք ասում էին, որ հարկերից խուսափելու տարբերակ է, ուրիշները՝ խաբեություն՝
հանրակացարան կառուցելու գաղափարի ներքո առաջնակարգ հողատարածք ստանալու համար, մնացածն էլ կարծում էին, որ հասարակ ինքնագովազդ
էր: Վերջին հաշվով, ոչ մի էական տարբերություն
չկար:
Ամեն դեպքում, ուղիղ երկու տարի ապրեցի այդ կասկածելի վայրում՝
1968 թվականի գարնանից մինչև
1970 թվականի գարուն:
Իրականում աջակողմյանների և ձախակողմյանների, կեղծավորության
և ուրիշի տխրության վրա ուրախանալու
միջև տարբերությունն այդքան էլ մեծ չէ:
Հանրակացարանի օրը սկսում էր պետական դրոշի հանդիսավոր բարձրացմամբ` բնականաբար պետական օրհներգի ներքո: Ինչպես սպորտային նորություններն
էլ անբաժան են քայլերգից, այնպես, ինպես դրոշի բարձրացումը՝ օրհներգից:
Դրոշաձողով հրապարակը տեղակայված էր բակի կենտրոնում և բոլոր մասնաշենքերի
բոլոր պատուհաններից տեսանելի էր:
Դրոշի բարձրացումը արևելյան մասնաշենքի (որտեղ ես ապրում էի) պետի պարտականությունն էր՝ բարձրահասակ, հիսունամյա տղամարդու՝ խորաթափանց հայացքով: Կոշտ մազերը սպիտակել էին, այրված վիզը երկար սպի էր հատում: Լսել էի, որ նա Նականոյի զինվորական դպրոցն էր ավարտել:
Որպես դրոշը բարձրացնողի
օգնական՝ նրան մի ուսանող էր հետևում: Այդ ուսանողին ոչ ոք պարզ չգիտեր: Գլուխը սափրած էր, միշտ կրում էր ուսանողական
համազգեստ: Ես ո՛չ նրա անունը գիտեի, ո՛չ էլ սենյակի համարը՝ որտեղ ապրում էր: Եվ երբեք չէի հանդիպել ո՛չ ճաշարանում, ո՛չ բաղնիքում: Ես նույնիսկ չգիտեի՝ նա իրոք ուսանող է, թե ոչ: Եթե կրում է ուսանողական համազգեստ, ուրեմն ուսանող է. էլ ի՞նչ կարելի է մտածել: Ի տարբերություն
Նականոյեցու, նա կարճահասակ, ամրակազմ, գեր և գունատ էր: Եվ այս երկու բացարձակ հակապատկերների
զույգն ամեն օր՝ առավոտյան՝ ժամը վեցին՝ հանրակացարանի
բակում բարձրացնում էր դրոշը:
Սկզբում՝ հետաքրքրությունից դրդված, հաճախ էի վաղ արթնանում՝ հետևելու այդ չափազանց հայրենասիրական
արարողությանը: Առավոտյան՝ ժամը վեցին՝ համարյա ռադիոյի ազդանշանի հետ միասին, զույգը հայտնվում էր բակում: Համազգեստավորը բերում էր ադամածառից պատրաստված տուփը, իսկ Նականոյեցին՝
«Սոնի» նվագարկիչը: Նա նվագարկիչը դնում էր դրոշաձողի հրապարակի աստիճանին, իսկ համազգեստավորը՝
բացում տուփը, ուր կոկիկ ծալված դրոշն էր: Նա հարգանքով փոխանցում էր դրոշը Նականոյեցուն,
ով կապում էր այն պարանին: Համազգեստավորը միացնում էր նվագարկիչը:
Պետական հիմն… դրոշը թեթևորեն բարձրանում էր դրոշաձողով:
«…Քարերից…» բառի ժամանակ այն դեռ կես ճանապարհին էր, իսկ
«…մինչ այն ժամանակ» հատվածում արդեն հասնում էր գագաթին:
Այդ երկուսը կանգնում էին զգաստ և հայացքներն ուղղում վեր բարձրացող կտորին: Պարզ եղանակին, երբ փչում էր քամին․ նույնիսկ հաճելի էր նայելը:
Երկոյան դրոշի իջեցումը տեղի էր ունենում նույն արարողակարգով, միայն թե հակառակ հերթականությամբ. դրոշն իջեցվում էր, ծալվում և դրվում ադամածառից պատրաստված տուփի մեջ: Գիշերը դրոշը չէր բարձրացվում:
No comments:
Post a Comment