Friday 28 October 2016

Սիլվա

Իմ ազգանունը Ռիչվիկ է, և եթե ես արձագանքում եմ Ալբերտ անվանը, միակ պատճառը հարգանքն է: Տանել չեմ կարողանում այդ անունը: Միշտ ցանկացել եմ, որ ինձ Բրյուս անվանեն: Իմ ծննդյան վկայականը գտնվում է Մեծ Բրիտանիայում՝ Սոմերսեթի՝ Ուորլիք- Քորթի քաղաքապետարանի գրանցամատյաններում ՝ 1892 նահանջ տարվա ներքո: Ծնվել եմ փետրվարի 29-ին: Այս տեղեկությունները մատնանշում եմ, որպեսզի յուրաքնաչյուր անհավատ մարդ՝ ցանկության դեպքում, կարողանա հաստատել իմ գոյության հավաստիությունը:Ես ծնվել եմ Ռիչվիկների ընտանեկան ամրոցում: Ինձ տատիկս է մեծացրել՝ մորս մայրը, քանի որ ծնողներս մահացել են որսորդության ժամանակ՝ Արդենյան անտառի սրտում, ուր նրանց հրավիրել էր Բարոն Անտուան Վան-Վերպենը, ով, ինչպես հայտնի է, ազգակցական կապեր ուներ Նիդերլանդների արքայական ընտանիքի հետ: Իմ հայրը բուծած՝ կիսավայրի, աղվեսներ էր մատակարարում բարոնին:Նրա և մորս մահից հետո (նրանք՝ երկուսն էլ ընկել էին ձիուց և պատառ-պատառ եղել գազազած վայրի խոզերի կողմից) այդ ձեռնարկության գործունեությունը կանգ առավ: Կորցնելով երեխաներին՝ դժբախտությունից կուրացած, տատիկս հրամայեց քաղաքից դուրս տանել ֆերմաները և աղվեսները փախան: Ես մեծացա նրա խնամակալության ներքո՝ ամրոցում՝ հին, ընդարձակ տանը՝ կորած մարգագետինների և անտառների մեջ: Տատիկս մահացավ, երբ ես հասա որսորդությամբ զբաղվելու տարիքին: Մահվան մահճում նա ինձ ստիպեց երդվել հավիտյան հրաժարվել որսորդությունից: Ես ուրախությամբ հնազանդվեցի, որովհետև նրա՝ ծնողներիս մահվան մասին պատմություններից, անհաղթահարելի զզվանք էի ձեռք բերել այդ արյունալի սպորտի նկատմամբ: Եվ այսպիսով, աշխատանքս չհաշված (ես վերականգնեցի աղվեսներ բուծող ֆերման), ընթերցանությունը դարձավ իմ գլխավոր և մշտական զբաղմունքը:Ես մանկուց եղել եմ գրքերով շրջապատված: Դրանք ձևավորել են իմ բնավորությունը: Իմանալով այնքան, որքան առհասարակ հնարավոր է, որ մարդ իմանա իր մասին, ինձ այսպես կնկարագրեի. բարի քրիստոնյա, բայց ավելի շուտ՝ սովորության համաձայն, քան թե Աստծո հանդեպ ունեցած եռանդուն սիրուց: Գրքեր ընթերցելուց հետո՝ ես այդքան էլ գովելի պատկերացում ձեռք չբերեցի մարդկային ցեղի և նրա մտածելակերպի մասին: Մարդիկ փախչում են դառը ճշմարտությունից՝ ցանկալի մոլորությունների ստվերում թաքնվելով: Ինչպե՞ս կարելի է համոզված լինել, որ մարգարեներն որոշ աստվածային հայտնություններ ճիշտ՝ առանց որևիցե սխալի են մեկնել, չէ որ նրանք ընդամենը մարդիկ են եղել: Ունենալով նմանատիպ անվստահություն, ես խուսափում եմ եկեղեցիներից և հոգևորականներից, ինչպես նաև փիլիսոփաներից  և գիտնականներից: Եվ միայն մեկ բան կա հաստատված մարդկանց կողմից, որ իմ կարծիքով արժանի է վստահության. ամենաքիչ տրամաբանականը, առավել համեստը, բայց միևնույն ժամանակ ամենահինը և ամենակայունը՝ ավանդույթը: Դրա հետ միասին պարկեշտությունը, վերջինիս հետ ՝կրոնը. այդ պատճառով է, որ շատ չապավինելով նրա դոգմաներին, ես միևնույնն է մնում եմ նրան հավատարիմ: Այն մարդկային հարաբերությունները դարձնում է ավելի հաճելի և թեթև, խուսափում է դաժանությունից և բռնությունից, և վստահ եմ, որ դրանից ավելին պահանջել չես կարող՝ առանց պատրանքների մեջ ընկնելու:Ճանապարհորդությանս ընթացքում էլ ավելի համոզվեցի դրանում: Այսօր ես սկսում եմ իմ պատմությունը, չնայած չեմ պատրաստվում այն հրատարակել. ես իրականում որոշել էի երեսուն տարի սպասել այս էջերը գրելուն: Այն պահանջում է տարրական զգուշություն և շրջահայացություն՝ չէ որ մարդիկ հակված են հավատալու միայն այն հրաշքներին, որոնք արտացոլված են Աստվածաշնչում, և հրաժարվել՝ մնացած բոլոր հրաշքներից, նույնիսկ եթե դրանք սեփական աչքերով տեսնեն: Եվ միայն այն դեպքում կհավատան, եթե դրանք հավանության արժանանան իշխանությունների կողմից, կամ հաստատվեն սեփական արժեքներով : 

Շարունակելի... 
Վերկոր. «Սիլվա» 
Թարգմանիչ՝ Աննա Մաթևոսյան

No comments:

Post a Comment