Այսօր՝ մարտի19, «Տնտեսական միամսյակ»-ի շրջանակներում կրկին բացահայտումների
օր էր հայտարարված, բայց այս անգամ արդեն անծանոթ միջավայրում: Երեք սեմինարի հասցրել
եմ ներկա գտնվել, տպավորվել՝ նույնպես: Այսօրվա յուրօրինակ անակնկալը այցելությունն
էր Կենտրոնական բանկ: Զարմանալի կերպով պահպանված մետաղադրամներ, որոնցից շատերը հատվել
են հազարավոր տարիներ առաջ, արվեստի գործ դարձած թղթադրամներ, թղթադրամի ստեղծման բազմաթիվ
գաղտնիքներ և այլ հետաքրքիր երևույթներ կապված փողի և դրա պատմության հետ ներկայացվեց
մեզ շրջայցի առաջին մասում, իսկ երկրորդ մասում արդեն ծանոթացանք ֆինանսական շուկայի,
մեզ շրջապատող տնտեսական աշխարհի և դրա ղեկավարման հետ: Կենտրոնական բանկի աշխատակիցները
սիրով պատասխանեցին մեր բոլոր հարցերին, և չնայած նրան, որ այդքան շատ գիտելիքներ մեզ
տվեցին, դեռ վերջում էլ, որպես ուրախ ավարտ նվիրեցին օգտակար և համեղ նվերներ:
Հետաքրքիր էր թե՛ շրջայցը ցուցասրահներով, թե՛ երկար ճանապարհը
դեպի դպրոց: Միակ բանը, որ ինձ ավելորդ թվաց, դա չափազանց հոգածությունն էր թղթադրամի
և դրա ստեղծման համար անհրաժեշտ դետալների նկատմամբ: Կարծում եմ, որ արժե այն ջանքերից,
որ թափվում է այդ գործընթացի վրա, մի փոքր էլ հատկացնել տնտեսական ոլորտում բարենորոգումներ
կատարելու համար: Չէ որ Կենտրոնական բանկի գլխավոր գործառույթը գների կարգավորումն
է և եթե այն կատարվի ինչպես հարկն է, ապա դրա հետևանքով ոչ միայն կբարելավվի մեր տնտեսական
վիճակը, այլ նաև կվերականգնվի քաղաքացու վստահությունը և հավատը իր երկրի նկատմամբ,
որն իմ կարծիքով ամենակարևորն է: Եթե լինի վստահություն, ապա այլևս կարիք չենք ունենա
այդքան շատ պաշտպանական միջոցառումներ կիրառելու կեղծարարություններից խուսափելու համար,
քանզի քաղաքացին վստահ կլինի, որ պետությունը կարող է ապահովել իր բարեկեցիկ կյանքի համար անհրաժեշտ պայմաններ
և չի գնա նմանատիպ խարդախությունների` իր գոյությունը պահպանելու համար: Չնայած այս
ամենին, ես ուրախ եմ, որ դրամը որպես ազգային տարր անուշադրության չի մատնվել:
No comments:
Post a Comment