Կրոնական
ֆանատիզմ և իրական հավատ
Սկսենք ֆանատիզմից: Հիշեցնեմ, որ մեր նախնիները ֆանատիկ են
անվանել հեթանոսական քրմերին, ովքեր տրանսի մեջ էին մտնում՝ ապագան գուշակելու համար:
Այդ ժամանակ մարդիկ կարծում էին, թե այդ անձանց միջոցով աստվածներն են խոսում
իրենց հետ: XVII դարի կաթոլիկ եպիսկոպոս Ժակ Բոսյուեն, հիմք ընդունելով անմիջական կապը
հոգեկան աշխարհի հետ, բողոքականներին, ովքեր նախընտրում էին անմիջական՝ առանց միջնորդների
շփումը Աստծո հետ, անվանել է ֆանատիկներ: XVIII դարի վերջում լույս տեսած «Ֆրանսիական բառարանում»
Վոլտերը սկզբունքորեն նոր սահմանում է տալիս «ֆանատիզմ» հասկացողությանը. «Նրան, ում
հատուկ են էքստազները և տեսիլքները, ով իր երազները ընդունում է որպես իրականություն
և իր երևակայության պտուղները՝ որպես մարգարեություն, կարելի է անվանել էնտիուզաստ,
իսկ նրան, ով սպանելով է պաշտպանում իր խելագար մտքերը՝ ֆանատիկ»:
Հավատը՝ լայն իմաստով, կապ է, որը կապում է մարդուն՝ իրեն
շրջապատող իրականությանը: Այդ կապը ստեղծվել
է կամքի, զգացմունքի և գիտակցության ներգործությամբ: Հավատի միջոցով մարդը մոտեցնում,
կենդանացնում և լցնում է իր աշխարհը ինչ-որ շատ կարևոր բանով:
Քսաներորդ դարի դասական դարձած
հոգեբանների՝ Ջեյմսի, Յունգի, Օլպորտի, Էրիկսոնի և այլոց աշխատություններում ակնհայտորեն
ասվում է, որ հավատի և կրոնի ձևերը մեծապես կապված են անձի յուրահատկության և նրա ձևավորման
պայմանների հետ:
Ֆանատիկի
հոգեբանական նկարագիրը
Փորձենք
տալ ֆանատիկի նկարագիրը: Ֆանատիկը համակարգի արդյունքն է: Մասսայական մշակույթը ծնում
է թերհաս, ինքն իրեն և իր նպատակները չգիտակցող մարդու: Այսպիսի անձը մի կողմից կարիք
է ունենում, որ կառավարեն, թելադրեն իրեն, թե ինչպես հավատա, ինչի համար պայքարի, ինչ
ասիլ, ինչ մտածի… Բայց մյուս կողմից, նա ուզում է ինքնուրույն, անկախ և ուժեղ լինել:
Տիպիկ
ներանձնական կոնֆլիկտ, որը չի գիտակցվում տվյալ անձի կողմից: Այս երկատվածությունը
դարձնում է նրան խոցելի և տարբեր տեսակի ազդեցությունների հեշտությամբ ենթարկվող: Նրա
գիտակցությունն այն աստիճան է սահմանափակվում, որ կյանքի բարդությունն ու ամբողջականությունը,
որը հատուկ է առողջ մարդուն, զիջում է մոլագարությանը և որևիցե գաղափարի կամ առաջնորդի
ենթակայությանը:
Այստեղ
մենք կարող ենք մի սահման անցկացնել ֆանատիզմի և սնահավատության մեջ: Ընդգծենք, որ
այս երկու տեսակի հավատին էլ բնորոշ է անհասկանալի վախը՝ կապված անհատի նյարդային խանգարման
հետ: Սակայն սնահավատությունը նախամարդու վախն է, ով պաշտպանում է իրեն մոգական ծեսերով
ահաբեկող և թշնամական բնությունից: Ծեսերի միջոցով մարդը փորձում է կարգավորել ներքին
չգիտակցված տագնապը:
Ֆանատիզմի դեպքում մենք առնչվում ենք մեկ այլ տեսակի վախի հետ: Դա վախ է մարդու հոգեկան աշխարհի քաոսի, անգիտակցականի
հանդեպ: Այդ «անգիտակցական»-ի էներգիայի շնորհիվ է, որ նյարդային պաշտպանողականությունը վերածվում է հարձակման: Ներքին նյարդային վախը վերածվում է արտաքին իրականության:
… Ֆնատիկի աշխարհում չկա տեղ մեկ ուրիշ անձի, մտքի, կարծիքի, ապրելակերպի համար:
Ֆանատիզմը կրոնակա՞ն ֆենոմեն է
Հաճախ ֆանատիզմն
ընդունվում է որպես կրոնական երևույթ: Սակայն Բերդյաևը կարծում էր, որ ֆանատիկները ի զորու չեն ունենալու իրական կրոնական զգացմունքներ
և համարում էր, որ նրանք հոգեախտաբանության և հոգեվերլուծության առարկա են:
Արյո՞ք հնարավոր է հաղթահարել
հավատի և կրոնականության այդպիսի քայքայիչ միջոցները, որոնք հաճախ թաքնվում են Աստծուն նվիրվելու
մեջ: Հենց այստեղ են համընկնում հավատի և անհատի առողջության հարցերը:
«Սիրիր ընկերոջդ քո անձի պես»: Կարդալով այս բառերը՝ մենք պետք է հասկանանք, որ սերը ինքդ քեզ արտոնություններ տալը և հաճույք պատճառելը չէ, այլ ընդունելն ինքդ քեզ այնպիսին՝ ինչպիսին, որ կաս: Իսկ դա համարձակություն ու ազնվություն է պահանջում։ Եվ միայն այդպիսի բաց և սերն ընդունող հայացքից է հնարավոր հանդիպումն ինքն իր հետ՝ հաղթահարելով անհատի նյարդային աղավաղումները, ինչպես նաև հավատի տարաբնույթ ապակառուցողական ձևերը, որ կանգնում են մարդու և Աստծո միջև։
«Սիրիր ընկերոջդ քո անձի պես»: Կարդալով այս բառերը՝ մենք պետք է հասկանանք, որ սերը ինքդ քեզ արտոնություններ տալը և հաճույք պատճառելը չէ, այլ ընդունելն ինքդ քեզ այնպիսին՝ ինչպիսին, որ կաս: Իսկ դա համարձակություն ու ազնվություն է պահանջում։ Եվ միայն այդպիսի բաց և սերն ընդունող հայացքից է հնարավոր հանդիպումն ինքն իր հետ՝ հաղթահարելով անհատի նյարդային աղավաղումները, ինչպես նաև հավատի տարաբնույթ ապակառուցողական ձևերը, որ կանգնում են մարդու և Աստծո միջև։
No comments:
Post a Comment