Thursday 24 March 2016

Պատրաստվում ենք ճամփորդության

Մոտ մեկ ամիս է, ինչ մեր անգլերենի դասաժամերը օգտագործում ենք մարդու իրավունքները ուսումնասիրելու համար: Մեզ՝ 11-րդ դասարանցիներիս հետ, աշխատում է ընկեր Շուշանը: Նրա և Միսիս Իրինայի նախաձեռնությամբ մարտի 25-ին իրականացնելու ենք այս ճամփորդություն-նախագիծը.
Գնալու ենք Աշտարակի Կարմրավոր, Սպիտակավոր, Ծիրանավոր և Սուրբ Մարիանե եկեղեցիները և տեղի հին ջրաղացը:
Ըստ ավանդությանԱշտարակում ապրող երեք քույրեր սիրահարվում են Սարգիս անունով մի երիտասարդի։ Ավագ երկու քույրերը որոշում են իրենց զոհաբերել՝ կրտսեր քրոջ երջանկության համար և ծիրանագույն ու կարմիր զգեստ հագնելով իրենց նետում են ձորը։ Այս լուրն իմանալով, փոքր քույրը սպիտակ զգեստ հագնելով, նույնպես իրեն ձորն է նետում, իսկ Սարգիսը այս ամենի պատճառով դառնում է ճգնավոր։ Հետագայում ձորի եզրին կառուցում են երեք՝ Սպիտակավոր(V-VI դդ.), Կարմրավոր(7-րդ դար) և Ծիրանավոր(V-VI դդ.) եկեղեցիները:
Սուրբ Մարիանե եկեղեցին կառուցվել է 1281թ.-ին: Ստեղծման պատմության մասին տեղեկությունների չհանդիպեցի: Մի հետաքրքիր փաստ կար, որ մինչև հիմա հարավային ճակատին պահպանվել է արևային ժամացույցը:
Իսկ ջրաղացը կառուցել են Աղումյանները, որը հետագայում գնել են Շահազիզյանները և անվանել Մուխսոնց ջաղաց։ Դա Արագածոտնի մարզի ամենամեծ ջրաղացներից է, որը ժամանակին սպասարկել է Արարատյան դաշտի այլ բնակավայրեր նույնպես:
Ճամփորդությունից զատ մեր նպատակն է այցելել հատուկ դպրոց, շփվել և հետաքրքիր ժամանակ անցկացնել նրանց հետ՝ միասին մուլտֆիլմեր դիտել, պարել, երգել…
Հուսով եմ, որ ճամփորդությունից մեզ կմնան նոր ընկերներ և լավ հուշեր:  


Ավելին իմանալու համար աղբյուրներ՝ 1, 2, 3, 4

Sunday 20 March 2016

Արգենտինայի սառցադաշտերը

Նկարը՝ www.pinterest.com կայքից
Բազմաթիվ զբոսաշրջիկների ֆոտոխցիկներ ֆիկսել են, թե ինչպես է արգենտինական Պերիտո Մորենո սառցադաշտի հսկայական հատվածը պոկվում և ընկնում:  
Սպիտակ Հսկա անունով և 18 մղոն երկարությամբ սառցե գետը երկրի, զբոսաշրջիկներին գրավող, տեսարժան վայրերից մեկն է: Սառցադաշտից՝ մոտ չորս տարին մեկ, սառցե կտորներ են պոկվում և այդ տեսարանը դիտելու համար մոտակա օրերին բազմաթիվ տեղացիներ և զբոսաշրջիկներ են եկել այստեղ :
Ըստ տեղական լրատվամիջոցների, սառցե թունելի տանիքի փլվելու ժամանակ 3500 և 4500 մարդ եղել են դիտման համար նախատեսված տախտակի վրա: Ըստ տեղեկությունների, փլուզումը սկսվել է երեքշաբթի՝ որոշակի մասնատումներից հետո, սակայն այն ակնկալվում էր փետրվարին:
Արգենտինական սառցադաշտերի պարկն ավելին քան 200 սառցադաշտերի տուն է: Ըստ պարկի կայքէջի այն ամենամեծ ցամաքային սառցապատ տարածքն է՝ Անտարկտիկայից հետո:

Thursday 17 March 2016

Հասարակագիտական ստուգատես. 2-րդ վեբինար

Մարտի 16-ին «Տիգրան Հայրապետյան» հասարակագիտական ստուգատեսի շրջանակներում տեղի ունեցավ հերթական վարպետության դասը: Սա երկրորդ դեպքն էր, որ վարպետության դասն անցկացվում էր տեսազանգի միջոցով: Այդ ձևաչափով անցկացվող դաս-պարապունքները կոչվում են վեբինար:
Վեբինարը վարում էր Արտակ Բեգլարյանը՝ ԼՂՀ վարչապետի մամլո խոսնակը: Թեման կոնֆլիկտային հաղորդակցությունների և տեղեկատվական անվտանգության մասին էր: Մեզ հետաքրքիր էր, թե ինչ է իրենից ներկայացնում տեղեկատվական պատերազմը, ինչ դեր ունի պետությունների հարաբերություններում և հատկապես ԼՂՀ, ՀՀ- Ադրբեջան հակամարտության մեջ: Արտակ Բեգլարյանը սիրով և ամենայն մանրամասնությամբ ներկայացրեց թեման, պատասխանեց մեզ հուզող հարցերին: Որոշ հետաքրքիր փաստեր իմացանք ԼՂՀ լրատվական դաշտից. ես չգիտեի, որ ԼՂՀ-ն ունի հանրային հեռուստաընկերություն՝ 4 ժամ եթերաժամանակով:
Ցավոք, ժամանակը սուղ էր, և դեռ մնացել են անպատասխան հարցեր: Արտակ Բեգլարյանն իր պատրաստակամությունը հայտնեց, ցանկության դեպքում, օգնելու յուրաքանչյուրիս, որպեսզի էլ ավելի լավ ուսումնասիրենք այս թեման:

Sunday 13 March 2016

Չարենցյան...

Ի՜նչ լավ է, որ Մարիամը «Հայաստանի թանգարաններ» նախագիծն է իրականացնում և ես հնարավորություն ունեմ նրա հետ այցելել ամենատարբեր թանգարաններ: Հերթը Եղիշե Չարենցի թանգարանինն էր և ի՜նչ ուրախ եմ, որ «Էթիկետ» ռադիոյի անդամների՝ Մարիամ Գևորգյանի, Բելլա Մարտիրոսյանի, Էրիկ Ոսկանյանի և ընկեր Հասմիկի հետ միասին ես էլ գնացի հանդիպում- ծանոթությանը: Մեկ անգամ արդեն եղել էի այդտեղ և դա էլ ավելի էր մեծացնում ցանկությունս կրկին հայտնվելու այդ «աշխարհում»: Չարենցին հասկանալը դժվար է ու հիմա, երբ մենք Չարենց ենք անցնում, փորձում հասկանալ, մտնել նրա պատկերների մեջ, կտոր-կտոր հավաքել պատկերը, իմ համար շատ կարևոր մաս ավելացավ հավաքածս պատկերների մեջ: Ստեղծագործություններն ավելի հասկանալի են լինում, երբ երևում է դրանց սկիզբը, կյանքի ընթացքի մեջ եղած կետը, պատճառը: Անձնական իրեր, կյանքից պատմություններ, միջադեպեր հարազատներ, սովորություններ, ամեն ինչ կապված նրա ու նրա մտքերի հետ բերում է մի կետի, հանգույցի, որը քանդելով սկսում ես փնտրել քոնը նրա մեջ:
Մեր գիդը Չարենցի թոռնուհին էր՝ Գոհար Չարենցը: Նա ամենայն հոգատարությամբ պատմեց-ներկայացրեց Չարենցին: Ես տեսնում էի թե ինչպես է նրա ներկայությունը շոյում ներկաների սրտերը, հետաքրքիր զգացողություն, մոտիկություն առաջացնում... կապում Չարենցի հետ:
Մանրամասներն արդեն կպատմի Մարիամը՝ ռադիոնյությում, իսկ ինձ մնում է շնորհավորել մեզ բոլորիս, չէ որ 119 տարի առաջ ծնվեց Չարենցը, որ խտացնի իրականությունը, անցկացնի իր մտքերի միջով ու տա մեզ՝ մեր խառնաշփոթը հարթելու կամ ավելի խորացնելու...

Thursday 10 March 2016

Չարենցյան պատկերներ

Տպավորություն է թե, Չարենցից հետո ոչինչ չի փոխվել մեր կյանքում, նույն պատմությունն է, նույն ընթացքը: Ժամանակների փոփոխությունից չի փոխվում մարդու էությունը, ցանկությունները, միայն թե փոխվում է արտաքին տեսքը, գույները, էությունը մնում է նույնը: Ամեն ինչ նորից ու նորից նույնն է, Չարենցն էլ նույնն է…Դրան նպաստում են Չարենցի՝ երբեք չհնացող պատկերները: Գույներ, կրակ, զգացմունքների բուռն պոռթկում… երբ գտնվում ես զգացմունքների կիզակետում՝ սկսում ես չզգալ դրանք ու փորձում ես ավելի ու ավելի ուժեղացնել զգացողությունները, որ հասնի քեզ, որ զգաս այն ամբողջությամբ: Դա կերակուրի պես է` համեմված կծվով ու որքան շատ է այդ կծուն, այնքան չես զգում համն ու էլ ավելի շատ ցանկանում՝ անտեսելով կոկորդիդ ցավը: Այսպիսի պատկեր է Չարենցի «Ութնյակներ արևին» շարքում: Կյանքի ընթացքի մեջ մի պահ, առանձնացված կետ, որ ընդգծելու համար պիտի վառես, որ զգաս գոյությունը, կոպիտ մի բան պիտի լինի, դիպչի ու ցավեցնի, պինտի փայլի, ու իր լույսով կուրացնի:
Չարենցը մատչելի չէ, ցավն էլ բոլորը տանել չեն կարողանում: