Tuesday 29 September 2015

Վերահսկենք մեր միջավայրը

Մենք ապրում ենք բնության մեջ, բայց այն բնության, որին մեր ձեռքն է դիպչել: Բնության մեջ տեղի ունեցող գործընթացներին միջամտելու նպատակը, մեր կյանքն ավելի հեշտացնելու, մեր կյանքի որակն ավելի բարձրացնելու մեջ է կայանում, բայց միշտ չէ, որ այդպես է ստացվում: Երբեմն մեր միջամտությունները սպասվածի ճիշտ հակառակ ազդեցությունն են ունենում: Դա կարող է լինել, նաև մեր չափի զգացողություն չունենալուց, որովհետև թեկուզ լավը, իր սահմաններից դուրս չարիք է բերում:
Մենք արդեն սկսել ենք քաղել մեր ագահության պտուղները, բայց դա ամենևին էլ չի ստիպում, որ շատերը վերանայեն իրենց արարքները: Եթե մարդիկ գիտակցեին, որ առանց ծառերի, խոտերի և առհասարակ առանց բուսականության մենք չենք կարող շնչել, որ եթե թթվածնի սինթեզ չկատարվի, մենք ուրիշ ոչ մի տեղից մեզ անհրաժեշտ քանակությամբ թթվածինը չենք կարողանա գտնել ու նույնիսկ գնել, երևի դադարեցնեին անտառներ հատելն ու դրանց փոխարեն ասֆալտապատ տարածքներ ստեղծելը:
Եթե մարդիկ չգնային շահի հետևից և գոնե մի քիչ մտածեին իրենց ու հաջորդ սերունդների առողջության մասին, գուցե այն գումարները, որ ծախսում են ատոմակայանների վրա, ուղղեին, օրինակ արևային էներգիա ստանալու ավելի արդյունավետ միջոցներ գտնելու ու դրանց օգտագործելու համար: Չէ որ ատոմակայանը վտանգավոր է համարվում՝ իր ճառագայթման համար, և եթե այն դառնա պատճառ հիվանդության ու մահվան, փողը չէ, որ մեղմելու է ֆիզիկական ցավն ու վերադարձնելու կորցրած կյանքը:
Մարդը ստեղծեց ավտոմեքենա, որ կարճ ժամանակում հասնի մի վայրից մյուսը և խնայի իր ժամանակն ավելի օգտակար գործերի համար, բայց արդյունքում, մեքենայի շարժիչի աշխատանքի ապահովման համար անհրաժեշտ վառելիքի այրումը հանգեցրեց օդի աղտոտման: Վառելիքի այրման հետևանքով առաջացած գազերը կուտակվելով մթնոլորտում ջերմոցային էֆեկտ են ստեղծում: Ստացվում է, որ մենք մի կողմից խնայում ենք մեր կյանքի ժամերը, իսկ մյուս կողմից կրճատում:
Երկրագնդի վրա բնակվում է 7մլրդ-ից ավել մարդ և երկրագունդը չի կարողանում կերակրել բոլորին: Մարդն այս հարցի լուծումն էլ գտավ՝ ստեղծելով պարարտանյութեր, որպեսզի բերքն առատ լինի, վնասատուների դեմ նյութեր՝ մեծ չափի վնասները կանխելու համար, համային և գունային նյութեր, որպեսզի որոշ մթերքներ ու խմիչքներ հասանելի լինեն ամենքին: Ստեղծվեցին ԳՄՕ-ներ՝ մթերքն ավելի դիմացկուն դարձնելու, նրա արտաքին տեսքն ավելի երկար պահելու համար: Այս ամենն իհարկե շատ կարևոր և օգտակար են մարդկության համար, բայց ցանկացած լավ բան՝ անցնելով թույլատրելի սահմանը, սկսում է հակառակ ազդեցությունն ունենալ: Այսպիսով, մարդկանց մեծամասնությունը սոված չի մնում, բայց իր կերած սննդի պատճառով, երբեմն կորցնում է իր առողջությունը:

Thursday 24 September 2015

Տասը պատճառ՝ աշունը սիրելու համար

Աշունը տարվա առանձնահատուկ ժամանակներից է, երբ ջերմաստիճանն իջնում է, օրն էլ կարճանում: Այստեղ ներկայացված է բնության առաջարկն այս եղանակի համար:
Մենք բոլորս էլ սիրում ենք աշունը, այդպես չէ՞: Սա տարվա այն առանձնահատուկ ժամանակն է, երբ եղանակը զգալիորեն սառում է, գիշերն էլ նկատելիորեն երկարում:
Աշունն ազդարարում է անցումը սառը, մութ և տխուր ձմեռվա ամիսներին, բնությունը կատարում  է իր վերջին զարմանալի գործունեությունը՝ նախքան տաք ու արևոտ գարնան դանդաղ վերադարձը:
Ինչպես շատ երկրներ,Միացյալ Թագավորությունը նույնպես պարծենում է իր վայրի բնության գեղեցկությամբ:
Այսպիսով, եթե դուք այնքան էլ չեք սիրում աշունը, ահա ձեզ տասը հրաշալի պատճառ, որ սիրեք այն:
                                                  

Կարդալով հուշեր Կոմիտասի մասին

Ընթերցելով Կոմիտաս վարդապետի մասին Հրաչյա Աճառյանի հուշերը և Մուշեղ Գալշոյանի «Սպասում»-ը, հայտնի է դառնում, որ Կոմիտասը շատ սիրելի է եղել նրանց երկուսի համար: Նրանք Կոմիտասին որպես բարի, հայրենասեր, մարդասեր, աշխատասեր և տաղանդավոր մարդ են հիշում իրենց հուշերում, և, որքան էլ որ զարմանալի էր ինձ համար, Հ. Աճառյանը գրում է. «Վերին աստիճանի կոմիկ մարդ էր Կոմիտաս վարդապետը», այնուհետև ավելացնում է, որ. «Ամենալուրջ խոսակցության մեջ Կոմիտաս վարդապետը հանկարծ մի կատակ կամ թեթև զվարճախոսություն էր խառնում: Բարկանալ ընդհանրապես չգիտեր: Չորս տարվա կենակցությանս մեջ մի անգամ միայն տեսել եմ նրան բարկացած:» Պարզվում է նաև, որ Աճառյանն ինքն էլ է զավեշտի սիրահար եղել և Կոմիտասի հետ միասին՝ իրենց ընկերների համար, բեմադրել են Պարոնյանի «Պաղտասար աղբարի» այն տեսարանը, երբ ազգային ժողովի անդամները դռնից մտնելու համար երկար բարակ իրար համեցեք են ձոնում:

Monday 21 September 2015

Մեր անկախ օրվա պատմությունը

Սեպտեմբերի 20-ին մի խուբ սեբաստացիներով գնացել էինք Ապարան՝ ճանաչելու, հետազոտելու, վայելելու մեր հայրենիքը, հաղթահարելու մեր սեպտեմբերյան բարձունքը: Սկզբում այցելեցինք Ապարանի Սբ. Նշան եկեղեցին, որտեղ ինձ համար անսովոր մի բան տեսա. խորանի հետևի պատին վիտրաժով պատուհան կար: Անկեղծորեն զարմացա, քանի որ երբեք հայկական եկեղեցիներում չէի տեսել նմանատիպ բան: Այնուհետև գնացինք Լուսագյուղի Թուխ Մանուկ եկեղեցին: Այն բլուրի վրա է գտնվում: Այստեղից սկսվեց բարձունքների հաղթահարման շրջանը: Բլրի վրայից աննկարագրելի հարազատ տեսարան էր բացվում, մի ուրիշ շունչ էր, ուրիշ տրամադրություն: Իջանք գյուղ՝ «Կարմիր ժամ»-ը տեսնելու: Ճանապարհին հանդիպեցինք գյուղի բնակիչներին, ովքեր մեզ պատմեցին «Կարմիր ժամի» մասին, հյուրասիրեցին իրենց այգու մրգերից և ուղեկցեցին դեպի IV-րդ դարի քանված եկեղեցի: Հաջորդ կանգառն Ապարանի ջրամբարն էր և նրա կողքին գտնվող Պողոս- Պետրոս եկեղեցին, Վարդան զորավարի և Թուխ Մանուկ մատուռները: Ջրամբարի հսկիչ-ոստիկանները մեզ ասացին, որ դեպի Պողոս-Պետրոս եկեղեցի մեկ կիլոմետր ճանապարհ է, և մենք որոշեցինք ոտքով անցնել այդ ճանապարհը: Ընթացքում պարզվեց, որ ճանապարհն իրականում մեկ կիլոմետրից շատ ավելի է, բայց ես չեմ զղջում, որ անցել եմ այն: Փոշոտ ճանապարհով, եղևնիների անտառի կողքով ու դեղին դաշտի միջով էր անցնում մեր ճանապարհը: Եկեղեցին գտնելու հույսն արդեն քիչ էր մնում մարեր, երբ հանկարծ նկատեցինք այն: Ի դեպ, Պողոս- Պետրոս եկեղեցին տարվա մի որոշ ժամանակահատված մնում է ջրի մեջ, բայց այժմ ջրամբարի ջրի մակարդակը իջել է, այդ պատճառով էլ մենք կարողացանք մոտենալ նրան: Այն իր մեջ մեծ խաղաղություն է պարունակում: Չեմ կարող ասել, թե դա ինչից է, գուցե կողքին գտնվող ջրի հանդատ ու բազմագույն ալիքներից, գուցե օդում ազատ ճախրող որորներից, գուցե նրա առաստաղից, որ հենց երկինքն է ու դռնից, որ պատին կախված նկար է հիշեցնում: Ջերմությամբ ու խաղաղությամբ լիցքավորված վերադարձը չէր կարող այլ կերպ լինել, քան ամենաբուռն զգացմունքներով լի: Ճանապարհին բնությունը վայելելով քայլում էինք, երբ լսեցինք մերոնց ճիչերը. բեռնատար մեքենայի թափքին կանգնած գալիս էին: Մենք էլ միացանք նրանց և վերադարձանք մեր ավտոբուսի մոտ: Պարզվեց, որ անտառապահները իրենց մոտ էին հրավիրել, հյուրասիրել մերոնց ու օգնել էին, որ շուտ անցնեին վերադարձի ճանապարհը: Ապարանի անտառների նման այսպիսի գունավոր օր ստացվեց: