Monday 13 June 2016

Ճամբարային ավա՞րտ

Ուրբաթ օրը տիար Բլեյանն ասում էր, որ լաց են լինում՝ բա ոնց կլինի առանց ճամբարի... հասկացա, որ այդ մարդկանց թվին եմ պատկանում:
Չէի ցանկանա պատմել ընթացքի մասին, դա ինքն իրեն էլ կգա: Ավելի լավ է պատմեմ, թե ինչպես ստացվեց:
Ամառային ճամբարին նախորդող երկու շաբաթների ընթացքում բավական թեժ քննարկումներ էին լինում դրա ձևաչափի, խնդիրների, առավելությունների և հետագա զարգացումների վերաբերյալ: Ես բացառություն չէի և իմ դժգոհություններով հաճախ, նույնիսկ շատ հաճախ էի կիսվում. չէի հավանում ջոկատների բաժանվելու գաղափարը, շատ էի ցանկանում, որ ամառային ճամբարի ընթացքում շատ ավելի շատ մարդկանց հետ լիներ շփումը, որ չսահմանափակվեինք ամենքս մեր ջոկատով, որ ամբողջ դպրոցը միասին գործեր, ինչ-որ նախագիծ աներ... սա էր այն գաղափարը, որի համար շատ երկար ու ձիգ քննարկումներ եղան: Գիտեմ, որ երազանք-ցանկություններս շատ մեծ ու դժվարին են, բայց այսօր, երբ, չգիտես ինչու, պետք է անցյալով խոսեմ ամառային ճամբարի մասին, կարող եմ ասել, որ ցանկությունս իրականացավ: Ոչ այն մասշտաբով, որ պատկերացնում էի, բայց այն բոլոր տարրերը, որ իր մեջ ներառում էր, իրականացան:
Ամենադժվար գործը ջոկատ ընտրելն էր, չէ որ բոլորի հետ էլ ուզում էի լինել: Բայց իմ ջոկատի հետ միասին դա ինքնստինքյան ստացվեց. բոլորն իրենց ճամբարային ծրագրերի մեջ ներառել էին պարը: Ինչպես հասկացաք, ես հարգելի Ստեփանի ջոկատից եմ: Այսպիսով հետաքրքիր պահերն ապահովված էին:
Ծիծաղ, պարեր, թափառումներ, բացահայտումներ...կարևորը, որ այդ ամենը ընկերների հետ միասին: Նոր ծանոթություններ էլ շատ եղան՝ Հյուսիսային պողոտայում կազմակերպած պարուսուցումը. բոլորով պարում էինք, գալիս էին ու «վտարում» մեզ այդ տարածքից, հետո շարժվում էինք մեկ այլ վայր և այդպես մինչև հոգնելը: Իսկ ողջ դպրոցով՝ Կասկադում իրականացրինք «Հակաբացիլ Կոմիտաս» նախագիծը: Բոլորս երգում էինք, պարում. կարծես ստուգատեսային շաբաթն էինք դիմավորում:
Ընթացքի մեջ դժվար է նկատել, թե ինչ ու ինչքան բան կատարվեց, թե ինչքան տարբերվեց իրականությունը մտածվածից, ցանկություններից, և ի վերջո ինչ տվեց ճամբարը: Մի բան հստակ կարող եմ ասել. ես ապրեցի...