Showing posts with label Հավաքից հավաք. Show all posts
Showing posts with label Հավաքից հավաք. Show all posts

Friday, 16 September 2016

Ես ընտրում եմ իմ ուսուցչին





 Մեր կրթահամալիրի բազմաթիվ առավելություններից ամենահետաքրքիրն ու նորարականն ինձ համար ուսուցչի ընտրությունն էր, այսինքն՝ ավագ դպրոցում մենք կարող ենք ընտրել մեր ուսուցչին: Շատ բաների մասին կարող եմ խոսել, թե դրանք ինչքան հետաքրքիր ու լավ են կազմակերպված մեր կրթահամալիրում, բայց ուսուցչին ընտրելու առանձնահատկությունն ինձ համար որքան անսպասելի, այնքան էլ հաճելի էր: Շատերին սա կարող է տարօրինակ թվալ, բազմաթիվ հարցեր կարող են առաջանալ, թե ինչու մենք պետք է ընտրենք մեր ուսուցիչներին, ինչն է դրա առավելությունը և, ի վերջո, ի՞նչ տարբերություն՝ ով կլինի քո ուսուցիչը: Բայց իմ կարծիքով դա շատ կարևոր է,  ամենակարևորներից մեկը: 
Մեր ուսուցիչներից յուրաքանչյուրը մշակում է ուսումնական նախագիծ-պլան, որը տեղադրելով բլոգում հասանելի է դարձնում մեզ համար այն ուսումնասիրելն ու հետագալում՝անհատական ուսումնական պլանները կազմելիս, հեշտ ընտրություն կատարելը: Ընտրություն կատարելը կարող է դժվար թվալ, հնարավոր է և սխալներ թույլ տալ, բայց կարծում եմ, որ սա լավագույն տարբերակն է՝ սովորել կողմնորոշվել, ընտրություն անել, մարդկային հարաբերություններ ստեղծել, մտածել, որոշելու պատասխանատվությունը կրել: Հավատացեք, բավականին պատասխանատու բան է՝ ընտրել այն մարդուն, ընկերոջը՝ ի դեմս ուսուցչի, ով քեզ կփոխանցի, ով քեզ կտա, ով քեզ հետ կաշխատի:  
Մեր ուսուցիչները շատ հոգատար են, ամեն հարցում պատրաստ են մեզ օգնելու և եթե ինչ- որ պատճառով հասկանաս, որ ուզում ես մեկ այլ ուսուցչի մոտ շարունակել, հաստատ նրանք կհասկանան քեզ: Սա փաստում է, որ ուսուցչի և սովորողի աշխարհայացքների տարբերության, անձնական անհամաձայնությունների պատճառով ուսումը երբեք չի կարող տուժել: 
 Կրթահամալիրում անցկացրածս տարիները, տարբեր ուսուցիչների հետ շփումը ինձ շատ բան են տվել, հնարավորություն՝ համեմատություններ ու եզրակացություններ անելու. ավելի լավ հասկանալու կարողություն, թե ինչ է անհրաժեշտ մեզնից յուրաքանչյուրին: Հնարավոր չէ չտեսնել այն մեծ աշխատանքը, որ կատարում են մեր ուսուցիչները, թե ինչ հմտությունների են տիրապետում, թե դասը հետաքրքիր ու մատչելի դարձնելու համար ինչքան հնարավորություններ են օգտագործում: Փաստորեն, մեզ ընձեռնվել է հնարավորություն ընտրելու այդ ստեղծագործող մարդկանց՝ մեր կրթությունը կազմակերպելու համար: 
Ի վերջո, նման մարդկանց կողքին դու կարող ես մեծացնել մտահորիզոնդ, աճել, և միգուցե դա դառնա քո կյանքի համար շրջադարձային:  
Մեր կրթահամալիրի կրթական ծրագրերն ու մեզ տրված հնարավորություններն այնքան բազմազան են՝ մեր կրթության գործին մասնակցելը, մեր կրթությունը կազմակերպելը, անհատական պլան կազմելը, որով ուզում ենք, որ մեր կրթությունն իրականացվի, անհատ-մարդու, իր սեփական կրթության համար պատասխանատու լինելը և սեփական կյանքումդ ինքնուրույն ստեղծագործելը... Միասին ընտրում, սովորում ու աշխատում ենք, փորձելով գտնել լավագույնը մեր համար:

Tuesday, 13 September 2016

Սեպտեմբերյան ամենամյա հավաք. "Flex" ծրագիրը կրթահամալիրում

Սեպտեմբերյան ամենամյա հավաքի շրջանակներում՝ սեպտեմբերի 13-ին՝ավագ դպրոց-վարժարանի ընթերցասրահում Նարեկ Սահակյանը և Արմինե Գասպարյանը կազմակերպել էին ուսումնական բաց պարապունք, որի նպատակն էր ծանոթացնել ավագ դպրոցի սովորողներին “Flex” միջազգային կրթական, մշակութային փոխանակումների ծրագիրը: Թե՛ Նարեկը, թե՛ Արմինեն նախորդ տարի մասնակցելով “Flex” ծրագրին, գնացել էին ԱՄՆ, որտեղ բացի ուսումնական ծրագրերից նաև մասնակցել են շատ հասարակական ծրագրերի:
Հետաքրքիր էր, որ կրթական ծրագրերի տարբերության պատճառով, օրինակ, լինելով 12-րդ դասարանցի Հայաստանում, դու կարող ես մեկնել ԱՄՆ և սովորել 11-րդ կամ 10-րդ դասարանում: Իհարկե, հնարավոր է նաև շարունակել 12-րդ դասարանը՝ դա կախված է դպրոցի, ընտրող հանձնաժողովի որոշումներից և սեփական գիտելիքներից: Ըստ այդմ, ԱՄՆ-ում սովորելու տարին Հայաստանում չի համարվում 1 լիարժեք ուումնական տարի:
Ինչպես նշեցին Արմինեն ու Նարեկը, ամենևին էլ պարտադիր չէ տիրապետել փայլուն անգլերենի, անհրաժեշտ է հաղորդակցվելու, հարմարվելու և լիդերի կարողություններ ունենալ, չէ որ 1 ամբողջ տարի միայն ինքդ պետք է լինես քո պատասխանատուն, հույսդ միայն քեզ վրա դնես, կարողանաս լինել ընտանիքիցդ հեռու և միաժամանակ հարմարվես օտար մտածելակերպին, գտնես քո տեղն այդ միջավայրում:
Մի տարվա ընթացքում նրանք այնպիսի ակտիվ հասարակական կյանք են ունեցել, որն անգամ Նարեկին օգնել է ընտրել իր մասնագիտությունը: Նա մասնակցել է մարդու իրավունքների մասին դասընթացին, որը նրա մոտ հետաքրքրություն է առաջացրել իրավագիտության հանդեպ:
Իսկ Արմինեն, որ այժմ սովորում է մեր կրթահամալիրի 12-րդ դասարանում, ամենևին էլ չի դժգոհում, որ ԱՄՆ-ում սովորելու պատճառով մեկ տարի «բաց» է թողել, ընդհակառակը, այդ տարին նրա կյանքում նոր փորձառությունների տարի է դարձել և նոր հորիզոններ բացել իր արջև:

Եթե դուք էլ եք ցանկանում մասնակցել այս ծրագրին և պատրաստ եք նոր ծանոթությունների, նոր միջավայրում հայտնվելու, և բազմազան գիտելիքներ ստանալու, ապա ճիշտ պահն է դիմելու “Flex”-ի գրասենյակ:
Հ.Գ. Նարեկն իր տպավորությունների մասին պատմելով ասաց, որ մեր կրթահամալիրն ու ամերիկյան դպրոցները նմանություններ ունեն: Դա ավելի է հեշտացնում հարմարվելու ընթացքը: Եվ ի տարբերություն այլ դպրոցների, ԱՄՆ-ում սովորելուն զուգահեռ, կրթահամալիրում կարելի է իրականացնել հեռավար ուսուցում և բաց չթողնել տվյալ ուսումնական տարին:

Thursday, 24 September 2015

Կարդալով հուշեր Կոմիտասի մասին

Ընթերցելով Կոմիտաս վարդապետի մասին Հրաչյա Աճառյանի հուշերը և Մուշեղ Գալշոյանի «Սպասում»-ը, հայտնի է դառնում, որ Կոմիտասը շատ սիրելի է եղել նրանց երկուսի համար: Նրանք Կոմիտասին որպես բարի, հայրենասեր, մարդասեր, աշխատասեր և տաղանդավոր մարդ են հիշում իրենց հուշերում, և, որքան էլ որ զարմանալի էր ինձ համար, Հ. Աճառյանը գրում է. «Վերին աստիճանի կոմիկ մարդ էր Կոմիտաս վարդապետը», այնուհետև ավելացնում է, որ. «Ամենալուրջ խոսակցության մեջ Կոմիտաս վարդապետը հանկարծ մի կատակ կամ թեթև զվարճախոսություն էր խառնում: Բարկանալ ընդհանրապես չգիտեր: Չորս տարվա կենակցությանս մեջ մի անգամ միայն տեսել եմ նրան բարկացած:» Պարզվում է նաև, որ Աճառյանն ինքն էլ է զավեշտի սիրահար եղել և Կոմիտասի հետ միասին՝ իրենց ընկերների համար, բեմադրել են Պարոնյանի «Պաղտասար աղբարի» այն տեսարանը, երբ ազգային ժողովի անդամները դռնից մտնելու համար երկար բարակ իրար համեցեք են ձոնում:

Thursday, 7 May 2015

Մայիսյան հավաքի հերթական «Կլոր սեղանը»

Այսօր՝ մայիսի 7-ին, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Ավագ դպրոց-վարժարանի ընթերցասրահում Մայիսյան 10-րդ հավաքի շրջանակներում տեղի ունեցավ «կլոր սեղան», որն այս անգամ նվիրված էր կրթության առջև ծառացած խնդիրներին և դրանց լուծման հեռանկարներին: Հավաքին ներկա էին դասավանդողներ, սովորողներ և ծնողներ: Հավաքի առաջին մասում ներկաներն աշխատում էին խմբերով՝ ձևակերպում էին իրենց կարծիքը առաջադրված հարցերի վերաբերյալ, իսկ երկրորդ մասում ներկայացրին և քննարկեցին դրանք: Քննարկման փուլում ներկաներին
միացան նաև Ավագ դպրոց-վարժարանի տնօրեն Գևորգ Հակոբյանն ու «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը։ Կարծում եմ, հավաքն անցավ հետաքրքիր բացահայտումներով և եզրակացություններով:
Որպես արդյունք կազմվեց կողմերի կարծիքներն ամբողջացնող հռչակագիրը, որ ներկայացնում ենք ստորև.

Հանրակրթության առաջ ծառացած խնդիրների լուծման մասին
ՀՌՉԱԿԱԳԻՐ
Հանրակրթությունն իր բնույթով ֆորմալ է, բայց  անիմաստ է կրթությունը բաղադրչների բաժանելը, այն ամբողջական գործընթաց է: Մարդ ծնված օրից կրթվում է, և այդ կրթությունը իրականանում է և՛ ֆորմալ, և՛ոչ ֆորմալ, և՛ ինֆորմալ ձևերով:
Որպեսզի իրականանա մարդու լիարժեք կրթությունը, անհրաժեշտ է ՝
·         հրաժարվել ծայրահեղություններից.
·         գտնել պայքարի ձևեր՝ հասնելու համար կրթության մեջ արմատական փոփոխությունների.
·         հասնել կրթության բոլոր տեսակների համադրմանն ու ներդաշնակությանը.
·         դաստիարակել մարդուն այնպես, որ ունենա ոչ միայն ընտրելու իրավունք, այլև կարողություն:
Ամեն ինչ կախված է անհատից, երբ մարդ ունենում է ցանկություն և գործում է ըստ իր ցանկության,  հաջողության է հասնում:
Կրթությունը պետք է կապվի կյանքի հետ ու դառնա կյանք: