Wednesday 29 March 2017

Թե ինչ մնաց ինձ ճամփորդությունից

Լուսանկարը՝ Մարիամ Գևորգյանի
Երևի թե ճամփորդության ժամանակ կարևորն այն չէ, թե որքան երկար կտևի, որքան սպասված կլինի այն, կամ թե ինչ «չտեսնված» վայրեր կայցելես, այլ այն, թե ինչ կմնա քեզ այդ ճամփորդությունից:   
Պատկերացրեք. ուրբաթ, վերջին աշխատանքային օր՝ արձակուրդային շաբաթից առաջ, առավոտ, և դու քայլում ես Ջրվեժ տանող մայրուղիով հույսով, որ կա՛մ քո ճամփորդական խումբը շուտով կհասնի, կգտնի քեզ, կա՛մ գոնե ինքդ կհասնես նպատակակետին՝ «Չարենցի կամար»-ին: Իհարկե, վերջինը զգացածս ավելի վառ պատկերացնելու համար է, բայց իրականում նպատակակետին հասնելը, հավատացեք, պակաս տպավորիչ չէր: «Չարենցի կամար»-ի մասին լսել էի, բայց երբեք չէի տեսել: Գիտեք, կարողանալ խոսքերով արտահայտել զգացածդ, աչքերիդ տեսածը, բոլորին տրված չէ. Չարենցը դա իդեալական կերպով է կարողացել անել: Այդ պատճառով է, որ մինչև օրս «Ես իմ անուշ Հայաստանի»-ն լսելիս, ասելիս աչքիս առաջ պատկերներ են գալիս՝ բառերի հերթականության փոխարեն: Այդպես է, որ միտքը պատկերանում է, դառնում է իրականություն, հետո հավաքվում, լցվում գլխիդ մեջ, մեկ այլ միտք դառնում ու դու փորձում ես այն վերադարձնել՝ ստեղծելով մի շրջապտույտ, որ կոչվում է կյանք։ Ու դու ինքդ էլ դրա մի մասնիկն ես:
«Չարենցի կամար»-ից հետո Գառնի ու Գեղարդ էլ գնացինք: Գեղեցկության, զգացողության մասին, կարծում եմ, պատմելն ավելորդ է: Այնտեղից ինձ համար ամենալավ հիշողությունը կմնա մեղվի փոքրիկ, գունավոր փեթակների ու մեղվապահի պատկերը. լեռների մեջ, ձմռան ու գարնան մեջտեղում, կյանքի, աղմուկի, խելահեղ ընթացքի կողքին, մեզ պես իրական, մեզ հետ հավասար իրենց կյանքն ապրող, իրենց տունը ստեղծող մեղուները՝ իրենց փոքրիկ դեղին-կապույտ տնակներով…

Այս ամբողջ ճամփորդության մեջ, թե հարցնեք, ի վերջո, ինձ ի՞նչ մնաց, կասեմ. Մարիամին նորից տեսնելը, զրուցելը, երջանկության զգացողությունը, որ անգամ մի թեթև հիշելիս է գալիս…

Thursday 2 March 2017

Կրթական ծրագրի փոփոխություններ ավարտական դասարանում

Որքան մարդը զարգանում է, այնքան շատ է զգում փոփոխությունների կարիք: Հատկապես կրթության ոլորտում փոփոխությունները պետք է աշխատանքի անմիջական արդյունքը լինեն: Ժամանակը ցույց է տալիս, որ հիմնական գիտելիքների պաշար ունեցող սովորողն ավագ դպրոցում «ուժերն» իր ընտրած ոլորտներում փորձելու կարիք ունի: Այս տարի ԿԳ նախարարությունը որոշում ընդունեց ավարտական քննություններն անցկացնել ուստարվա առաջին կիսամյակի ավարտին, թողնել երեք քննական առարկա՝ վեցի փոխարեն, իսկ ֆիզկուլտուրայի քննությունը դարձնել ստուգարք: Որոշումը գլխավորապես ուղղված է սովորողի ծանրաբեռնվածությունը հնարավորինս թեթևացնելուն, մասնագիտական առարկաների վրա կենտրոնանալու հնարավորություն տալուն: Երկրորդ կիսամյակից սովորողը հնարավորություն է ստանում ընտրելու երեք առարկա (շաբաթվա կտրվածքով՝ 31 ժամ) խորացված ուսումնասիրելու նպատակով, ինչը, ըստ երևույթին, կնպաստի լրացուցիչ պարապմունքների կրճատմանը: Այս որոշումը միանշանակ արձագանք չգտավ, քանի որ նման մասշտաբային նախագծի համար բավական կարճ ժամանակահատվածում որոշումն ընդունվեց, և մինչև ավարտական քննությունը ոչ ոք հստակ պատկերացում չուներ իրականացվող գործընթացի վերաբերյալ: Իսկ հիմա, երբ ավարտական քննությունն այլևս անցյալ է, կարող եմ ասել, որ այս փոփոխության շնորհիվ, ոչ մասնագիտական առարկաներին հատկացվելիք ժամերը կարողանում եմ արդյունավետ օգտագործել ընտրածս առարկաների՝ մաթեմատիկայի, անգլերենի և ընթերցանության համար: Կրթահամալիրում մենք հնարավորություն ունենք ընտրելու երեքից ավելի առարկաներ՝ թե՛ մասնագիտությունից, թե՛ նախասիրություններից ելնելով, և նույնիսկ այնպիսիք, որոնց հետ նախկինում առնչություն չենք ունեցել: Ինքս օգտվել եմ տրված հնարավորությունից և ընտրել «ընթերցանություն» առարկան՝ անձնական նախասիրությունից ելնելով:
Իհարկե, լավ կլիներ, որ փոփոխությունն ավելի երկար նախապատրաստական ընթացք ունենար, որպեսզի հնարավորինս ավելի պարզ և հասկանալի մատուցվեր, ավելի մանրամասն ուսումնասիրվեին խնդիրները, զարգացման հնարավորությունները… Բայց, պետք է նշել, որ փոփոխությունն արդեն իսկ առաջընթաց է, և ի վերջո, մարդը դպրոցից պետք է դուրս գա անհատապես ձևավորված, ասելիք ունեցող անձ։ Քանի որ յուրաքանչյուրս ունենք մեր ասելիքը, պետք է թույլ տալ, աջակցել անհատին զարգանալ հենց իր ընտրած ասպարեզում: