Thursday 25 December 2014

Նամակ Ձմեռ պապիկին

Բարև սիրելի Ձմեռ պապիկ: Շնորհակալ եմ, որ այսքան տարի ինձ միշտ նվերներ ես բերել: Բայց այս անգամ չեմ խնդրելու ինձ համար ոչ մի նյութական նվեր: Գալիք տարվա համար խնդրում եմ քեզնից, որ բոլոր փոքրիկ երեխաներին շատ-շատ նվերներ բերես, նրանց բոլոր երազանքները կատարես, որ օդում տարածվի նրանց երջանկությունը, զրնգա ուրախության ճիչը: Ցանկանում եմ, որ բոլոր մարդիկ սիրեն, լինեն փոքրիկների նման՝ բարի, մաքուր, նուրբ ու անկեղծ միմյանց հետ, կարողանան ներել, հասկանան միմյանց, տեսնեն դիմացինի լավ կողմերն ու գնահատեն: Օգնիր, որ մարդիկ կարողանան գնահատել իրենց ունեցածը, յուրաքանչյուր վայրկյանն ապրեն սիրով, կարողանան ժամանակ գտնել իրենց շրջապատողների, իրենց կարիքն ունեցողների համար: Օգնիր, որ այս տարի թե՛ մեծերը, և թե՛ փոքրերը «վարակվեն»  բարի ու անկեղծ ժպիտիով, և ոչ մի «դեղամիջոց» թող որ չհայտնաբերվի այս սքանչելի «հիվանդությունից» ազատվելու համար:
Գուցե քեզ կթվա, իմ սիրելի Ձմեռ պապիկ, թե շատ ավելի շատ եմ խնդրում քեզնից, բայց իրականում ուզում եմ, որ այս գեղեցիկ հեքիաթը դառնա իրականություն, որ բոլորս հավատանք դրան ու սկսենք ինքներս ստեղծել այն մեր ու մեզ շրջապատողների համար:

                                                                        Սիրով՝ Աննա:

Saturday 20 December 2014

Հ.Թումանյան «Քառյակներ»

Ամեն անգամ Քո տվածից երբ մի բան ես Դու տանում,
Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՜նչքան է դեռ մնում,
Զարմանում եմ, թե` ո՛վ Շռայլ, ի՜նչքան շատ ես տվել ինձ,
Ի՜նչքան շատ եմ դեռ Քեզ տալու, որ միանանք մենք նորից:
Կարծում եմ, որ խոսքն Աստծո մասին է  և լիովին համաձայն եմ Թումանյանի հետ: Նա այնքան գեղեցիկ է նկարագրում ճշմարտությունը, նկարագրում է այնպիսին, ինչպիսին որ այն կա: Այնքան պարզ է նկարագրում, որ կարծես իմ փոխարեն էլ է ասում այն ամենը, ինչ զգում եմ, բայց հարմար բառեր չեմ գտնում արտահայտվելու համար կամ, գուցե…
Բարություն եմ զգում, զգում եմ Թումանյանի նուրբ ու հզոր սերը, որ ապրել է իր ողջ կյանքում ու հիմա դա ինձ է փոխանցում իր ստեղծագործությունների միջոցով: Կարդալու ընթացքում անկախ իմ կամքից ժպտում եմ, որովհետև սկսում եմ գնահատել, հասկանալ ճշմարիտը, զգալ ողջ հոգով այն ամենը, ինչի մասին գրում է Թումանյանը: 

Մարդն ինքն է իր ամեն ունեցածի տերը  և ինքն է տալիս կամ պահում այն իր մոտ, ոչ ոք նրան չի պարտադրում այդ: Աստված տալիս է`անվերադարձ, առանց հետին մտքի(ի տարբերություն շատ մարդկանց)` առանց պարտադրանքի ու առանց <<հաշվելու>> թե ինչքան տվեց: Նա անվերջ տալիս է ու երբեք ոչինչ հետ չի պահանջում: Այս ամենը հասկանալով` մտածում եմ, թե ինչքան լավ կլիներ, եթե մարդիկ էլ մի փոքր նմանվեին Նրան, փորձեին դիմացինի համար անել որևէ լավ բան և դրա դիմաց ոչինչ, ոչ մի բան չպահանջեին, այլ բավարարվեին միայն ու միայն դիմացինի երջանկությամբ  ու անկեղծ ժպիտով:

Thursday 11 December 2014

Բագրատունյաց հայկական թագավորություն և ենթակա թաագվորություններ (Բագրատունյաց միֆ. Իրական թագավորություն, թե ուժեղ իշխանություն)


Նախաբան
Կցանկանայի նշել, որ այս թեման ինձ սկսել է հետաքրքրել դեռ ամառվանից`երբ առաջին անգամ տեսա Լոռի բերդը(կառուցվել է 1005-1020թթ.-ին Դավիթ Անհողին արքայի կողմից): Այդ գեղեցիկ տեսարանը, անսահման ազատության ու կյանքի հանդեպ այդ յուրօրինակ սիրո զգացումը և նորը բացահայտելու մեծ ցանկությունը մինչև այսօր չեմ կարողանում մոռանալ: Բայց չնայած այս ամենին իմ հետաքրքրասիրությունը և մի շարք  հարցեր ծնվեցին այն ժամանակ, երբ լսեցի, որ տեղացիները Լոռի բերդը անվանում էին <<Աշոտ երկաթի ամրոց>>: Գուցե այդպես էին անվանում, քանի որ Աշոտ Երկաթը ժողովրդի սիրելի արքաներից մեկն է, կամ որ Լոռու թագավորությունը եղել է Բագրատունյաց թագավորության ենթակա թագավորությունը...
Հետաքրքիր է ինչպե՞ս Բագրատունյաց իշխանական տոհմը երկրի փաստական կառավարումը վերցրեց իր ձեռքը`ունենալով ուժեղ հակառակորդներ, ինչպիսիք են Արծրունիները, Սյունիները...

Sunday 7 December 2014

Աղետներ



Աղետները պատահարներ են, որոնց հետևանքով տարբեր չափերի վնասներ է հասցվում մարդկանց և բնությանը: Աղետները լինում են բնածին և տեխնածին:
Բնածին աղետները պատահարներ են, որոնց առաջացման պատճառը չի հանդիսանում մարդու գործունեությունը(օր.` երկրաշարժ, ցունամի, հրաբուխի ժայթքում և այլն): Այս դեպքում մարդը` գործունեությամբ միայն կարող է կա՛մ  մեծացնել բնածին աղետների հասցրած վնասները` իր անհեռանկարային, շրջակա միջավայրի համար վնասակար գործունեությամբ, կա՛մ էլ մեղմացնել սպասվելիք հետևանքները: Իսկ տեխնածին աղետները` ի՛ տարբերություն բնածինի, առաջանում են միմիայան մարդկության վնասակար գործունեության պատճառով(օր.`ատոմակայանի պայթուն, լճերի և գետերի աղտոտում և այլն):
Օրինակ 2011թ.-ի մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժն իր հետ բերեց լուրջ հետևանքներ:
11.03.2011: Ճապոնիայում տեղի են ունեցել ուժգին երկրաշարժեր, որին հետևել է ցունամի: Առաջին հարվածը եղել է 8.9 մագնիտուդ, այնուհետև 10 մետրանոց ցունամիի ալիքը ներթափանցել է ցամաք մինչև 5կմ:
Տեղի ունեցածի հետևանքով, հրդեհներ են տեղի ունեցել նավթավերամշակման գործարաններում, տեղի է ունեցել քիմիկատների արտահոսք քիմիական արտադրությունից եւ ամենից աղետալին՝ շարքից դուրս է եկել Ֆուկուշիմայի ատոմակայանի հովացման համակարգը, ինչի հետևանքով տեղի են ունեցել պայթյուններ, ռադիացիայի արտահոսք:
12.03.2011: Տեղի են ունենում նոր ցնցումներ եւ դրանց հետևող ցունամիներ: Քաղաքները հոսանքազրկված են, Տոկիոյի մետրոն կանգնեցված է: Ֆուկուշիմաի վարչական տարածքից էվակուացնում են մարդկանց: Փրկարարները աշխատանքներ են տանում ատոմակայանում: 
14.03.2011: Ատոմակայանում նորից պայթյուններ են: Պատճառը ջրածնի կուտակումներն են չափից դուրս բարձր ջերմաստիճանի պատճառով:

15.03.2011: Ճապոնիայի էլ. ցանցերի պատասխանատուները հայտնում են, որ գոյություն ունի միջուկային վառելիքի հալման վտանգ, որի հետևանքով կարող է տեղի ունենալ ռադիացիայի արտահոսք: Մի քանի ռեակտորներ հերթով շարքից դուրս են գալիս: Ճապոնիան մեծացնում է էվակուացիայի գոտու շառավիղը:
16.03.2011: Գործի են դրվել ուղղաթիռներ, որոնցից ատոմակայանի 3-րդ բլոկի վրա փոշիացնում են ջուր եւ նյութեր, որոնք պետք է կլանեն միջուկային արտահոսքը: Նպատակն է կանխել այդ բլոկի պայթյունն ու միջուկային արտահոսքը:
Այս ամենի ֆոնի վրա, Ճապոնիայում նկատվել է ցուրտ եղանակ եւ  ձյուն է տեղացել՝ դժվարացնելով որոնողական աշխատանքները: Հարյուր հազարավոր մարդիկ մնացել են անօթևան, կորցրել են հարազատներին:
Աղբյուր`www.akumb.am
Նկարները կարելի է դիտել  http://www.abc.net.au/news/specials/japan-quake-2011/ կայքում:
Այս ամենից հետո մարդաշատ և գեղեցիկ տարածքները դարձել են ավերակներով լի դատարկ տարածքներ:
Շատ դեպքերում կարելի է մեղմացնել աղետների հետևանքները և նույնիսկ կանխել դրանք: Օրինակ տեխնածին աղետներից շատերը կարելի է կանխել, քանի որ դրանք մարդու գործունեության հետևանքով են առաջանում: Պակասեցնելով շրջակա միջավայրի համար վտանգավոր գործունեությունների քանակը կարելի է պակասեցնել նաև ապագայում հնարավոր աղետների քանակը:
Լինելով հետևողական,պակասեցնելով շրջապատի աղտոտումը, կառուցելով սեյսմակայուն շինություններ, զարգացնելով գիտությունը, որպեսզի կարողանան շուտ կանխատեսեն ապագայում հնարավոր աղետները և կանխեն` կարելի է խուսափել  աղետներից կամ գոնե դրանց հետևանքներից: