Monday 2 January 2017

Տարեմուտի խոստովանություն

Դեկտեմբերի 29-ին, պատմության՝ վերջին քննությունից վերադառնում եմ տուն ու զգում դանդաղ մոտեցող տխրությունը.
- Հիմա գնում եմ տուն ու ոչ մի բան չունե՞մ անելու: Հիմա էլ ո՛չ պատմություն եմ անելու, ոչ էլ հայոց լեզու՞… Վե՞րջ
Ու երկա՜ր-երկա՜ր մտքերն այդ օրն ինձ միայն մի բառ բերեցին.
-Ափսոս:
Այսպես անակնկալ ու «անհասկալի» կերպով ավարտվեց 2016-ը:
Լավ, ի՞նչ տվեց ինձ 2016-ը, կամ ես՝ 2016-ին. չեմ էլ հիշում, թե ինչպես սկվեց ու… ու հանկարծ ավարտվեց: Գուցե դա նարնից է, որ շատ բան կատարվեց, կամ ընդհակառակը… ուղղակի… չգիտեմ… Ես երևի կայացրի իմ կյանքի ամենակարևոր որոշումներից մեկը (համենայն դեպս այդպես են ասում)՝ մասնագիտական ընտրությունը: Այո, այս տարի մասնագիտությանս հարցն ինձ շատ «տանջեց» բոլոր առումներով: Հիմա ես պատասխան ունեմ հարցին, թե ինչ մասնագիտություն եմ ընտրել ու իմ պատասխանին էլ չի հետևելու «պետք է շտապես» արտահայտությունը: Գիտեք, մասնագիտության ընտրության դժվարությունը ոչ միայն ապագայի հետ էր կապված, այլ նաև անցյալի. դժվար է համակերպվել, որ այն ամենն ինչ հիմա անում ես, վաղն արդեն անցյալ է լինելու, քաղցր հուշ ու վերջ: Վե՞րջ: Չէ, իհարկե չէ… Ու այդ պատճառով այսօր, այս պահին՝ երբ բոլորը տոնական տրամադրությամբ դիմավորում են հյուրերին, կամ հյուր գնում, միմյանց նվերներ տալիս, տոնական ուտեստներ համտեսում, ամանորյա համերգներ ու ֆիլմեր դիտում, ես խոստովանում եմ. ես այնքան երջանիկ ու հաջողակ մարդ եմ… ես չէի ուզում գալ կրթահամալիր ու չէի էլ գալու, բայց հավատացեք, հնարավոր է փոխել կյանքի ընթացքը ցանկացած պահի, եթե իրոք շատ ցանկանաս: Ու փոխվեց: Ես հայտնվեցի կրթահամալիրում ու իմ կյանքը փոխվեց 360 աստիճանով: Ես հայտնվեցի մարդկանց կողքին, ովքեր ինձ ցույց տվեցին կյանքի այն կողմերը, որոնց մասին անգամ մտածել չէի կարող: Մտածելակերպը, վերաբերմունքը, ապրելակերպը, ամեն բան նոր էր: Ու հիմա, երբ այդ ամենն արդեն իմն է, պետք է խոստովանեմ, չէի էլ պատկերացնի, որ դպրոցն այսքան մեծ հնարավորություններ կարող է տալ, որ բացի դասերից այնքան բաներ կարող ես անել, այնքան շատ:
Հիշում եմ, որ փոքր էինք եղբայրներիս հետ ռադիոասուլիսներ էինք կազմակերպում, մեզ կերպարներ ընտրում, մեկը լինում էր հաղորդավար ու ամենատարբեր հարցեր տալիս, իսկ մյուսները փորձում էին «դուրս գալ» այդ հարցերի «տակից»: Երևակայում էինք, պատմություններ էինք հորինում, ձայնագրում ու հետո լսում ու միասին ծիծաղում: Իսկ հիմա ես եմ պատրաստում ռադիոնյութեր, իսկական… բայց դա ամենևին էլ չի ենթադրում ծիծաղի պակասություն (հատկապես 15-րդ անգամ նույն նախադասությունը ձայնագրելուց ու նույն տեղում սխալվելուց հետո. մեկ-մեկ «ջրիկանալն» այդպիսի արդյունքների է հանգեցնում): Այնքան շատ բան եմ կարողանում տեսնել իմ ու ինձ շրջապատաող մարդկանց մեջ ռադիոնյութերի միջոցով. վախերը, թերությունները, առավելությունները, մտքերը…ամեն ինչ այնքան պարզ է երևում ընթացքի մեջ, երբ այն նյութական է դառնում՝ իրականության մի կտոր՝ ժամանակից դուրս, արտաքին միջամտություններից ազատված:
Ես պարում եմ… դա մի ուրիշ աշխարհ է, ուրիշ պատմություն, ուրիշ օրվա համար
J
Չմոռանալով դասերի մասին, պետք է անպայման ասեմ, որ ինձ համար միշտ էլ հաճույք ու մի ուրիշ հետաքրքրություն է եղել սովորելը, բայց հիմա ես այդ հաճույքը կարողանում եմ ազատորեն վայելել, առանց գնահատականից ու դրան հետևող բոլոր տեսակի վերաբերմունքներից կախվածություն ունենալու: Արտաքին կապանքներից ազատ, ինքդ քեզ չտանջելով ու ի վերջո, կյանքից հաճույք ստանալով ապրելն այնքան հեշտ է, հավատացնում եմ, փորձեք:
Իրականում, երջանիկ լինելն այնքան հեշտ է. նայեք փոքրիկներին, որ ազատ են ամեն տեսակի արհեստական անհարմարություններից, այլ մարդկան կարծիքներից կառչելուց, քաշվելուց... իրենք իրենց համար տխրություն չեն ստեղծում՝ ինչպես մենք, որովհետև մեզ նման չեն մոռացել ազատ, երջանիկ ապրելու արժեքը: Ու տեսեք՝ երջանիկ են…
Հիմա՝ 2017-ին, այն 2017-ին, որն այդքան հեռու էր երևում, որ մեր դպրոցն ավարտելու տարին է, պիտի ասեմ, որ երջանիկ եմ, որ չեմ ափսոսում այն ամենն ինչ անցավ ու պատրաստ եմ ամենին՝ ինչ գալիս է, չէ որ դա իմ կյանքն է, իմ շուրջը պտտվող ու իր շուրջը պտտող կյանքը, իսկ սա հաջորդ աստիճանն է մեզ ստեղծելու ճանապարհին: