Showing posts with label Ճանապարհորդություններ. Show all posts
Showing posts with label Ճանապարհորդություններ. Show all posts

Wednesday, 29 March 2017

Թե ինչ մնաց ինձ ճամփորդությունից

Լուսանկարը՝ Մարիամ Գևորգյանի
Երևի թե ճամփորդության ժամանակ կարևորն այն չէ, թե որքան երկար կտևի, որքան սպասված կլինի այն, կամ թե ինչ «չտեսնված» վայրեր կայցելես, այլ այն, թե ինչ կմնա քեզ այդ ճամփորդությունից:   
Պատկերացրեք. ուրբաթ, վերջին աշխատանքային օր՝ արձակուրդային շաբաթից առաջ, առավոտ, և դու քայլում ես Ջրվեժ տանող մայրուղիով հույսով, որ կա՛մ քո ճամփորդական խումբը շուտով կհասնի, կգտնի քեզ, կա՛մ գոնե ինքդ կհասնես նպատակակետին՝ «Չարենցի կամար»-ին: Իհարկե, վերջինը զգացածս ավելի վառ պատկերացնելու համար է, բայց իրականում նպատակակետին հասնելը, հավատացեք, պակաս տպավորիչ չէր: «Չարենցի կամար»-ի մասին լսել էի, բայց երբեք չէի տեսել: Գիտեք, կարողանալ խոսքերով արտահայտել զգացածդ, աչքերիդ տեսածը, բոլորին տրված չէ. Չարենցը դա իդեալական կերպով է կարողացել անել: Այդ պատճառով է, որ մինչև օրս «Ես իմ անուշ Հայաստանի»-ն լսելիս, ասելիս աչքիս առաջ պատկերներ են գալիս՝ բառերի հերթականության փոխարեն: Այդպես է, որ միտքը պատկերանում է, դառնում է իրականություն, հետո հավաքվում, լցվում գլխիդ մեջ, մեկ այլ միտք դառնում ու դու փորձում ես այն վերադարձնել՝ ստեղծելով մի շրջապտույտ, որ կոչվում է կյանք։ Ու դու ինքդ էլ դրա մի մասնիկն ես:
«Չարենցի կամար»-ից հետո Գառնի ու Գեղարդ էլ գնացինք: Գեղեցկության, զգացողության մասին, կարծում եմ, պատմելն ավելորդ է: Այնտեղից ինձ համար ամենալավ հիշողությունը կմնա մեղվի փոքրիկ, գունավոր փեթակների ու մեղվապահի պատկերը. լեռների մեջ, ձմռան ու գարնան մեջտեղում, կյանքի, աղմուկի, խելահեղ ընթացքի կողքին, մեզ պես իրական, մեզ հետ հավասար իրենց կյանքն ապրող, իրենց տունը ստեղծող մեղուները՝ իրենց փոքրիկ դեղին-կապույտ տնակներով…

Այս ամբողջ ճամփորդության մեջ, թե հարցնեք, ի վերջո, ինձ ի՞նչ մնաց, կասեմ. Մարիամին նորից տեսնելը, զրուցելը, երջանկության զգացողությունը, որ անգամ մի թեթև հիշելիս է գալիս…

Wednesday, 21 September 2016

Պատրաստվում ենք ճամփորդել

Աղբյուրը՝ hetq.am կայքէջ
Սեպտեմբերի 24-ին պատրաստվում ենք ճամփորդել Կոտայքի մարզի Սոլակ գյուղ, ուր գտնվում է Մայրավանքը:
Սոլակ անվանման առաջացումը գալիս է Ցոլակ իշխանի անվանումից, ով Ք.ա. 2340- ական թվականներին կառուցել է Հրազդանի կիրճի վրա մի բերդ և նրա կողքին՝ գյուղ: Նրա անունով գյուղը կոչվում է Ցոլակ, իսկ հետագայում հնչյունափոխության հետևանքով այն վերածվում է Սոլակի: Գյուղն ունի բազմաթիվ մշակութային հուշարձաններ:
Մայրավանքը կառուցվել է VII դարի սկզբին Հովհանն Մայրավանեցու կողմից: Այն նաև անվանվել է Մայրոց վանք, Մայրավանք, Մարիամ Աստվածածնի վանք և եղել է բավական հայտնի. այնտեղ հանգրվանել են հայրապետեր, քահանաներ և այլ բարձրաստիճան հոգևորականներ:
Մի պատմություն կա կապված Հովհանն Մայրավանեցու հետ, ով դեմ էր միակամությանը, դրանով իսկ դեմ լինելով Եզր Ա Փառաժնակերտցի կաթողիկոսին: Դա պատճառ է հանդիսանում Եզր Ա Փառաժնակերտցու կողմից Հովհանն Մայրավանեցուն անարգելու նպատակով Մայրավանքին «Մայրագոմ», իսկ Հովհաննին՝ «Մայրագոմեցի» անվանելը:
Վանքը շատ է տուժել Լենկ Թեմուրի արշավանքներից և երկրաշարժներից: Եկեղեցու  որոշ մասերը, զարթաքանդակներն այժմ թափված են եկեղեցու բակում: Վանքն այժմ ուխտատեղի է:
Ի տարբերություն հենց Մայրավանքի, նրա մաս կազմող Սբ. Աստվածածին եկեղեցին կառուցվել է XI-XII դարերում, որը և պատկերված է նկարում:
Աղբյուրներ, օգտակար հղումներ՝ 1, 2, 3, 4

Thursday, 24 March 2016

Պատրաստվում ենք ճամփորդության

Մոտ մեկ ամիս է, ինչ մեր անգլերենի դասաժամերը օգտագործում ենք մարդու իրավունքները ուսումնասիրելու համար: Մեզ՝ 11-րդ դասարանցիներիս հետ, աշխատում է ընկեր Շուշանը: Նրա և Միսիս Իրինայի նախաձեռնությամբ մարտի 25-ին իրականացնելու ենք այս ճամփորդություն-նախագիծը.
Գնալու ենք Աշտարակի Կարմրավոր, Սպիտակավոր, Ծիրանավոր և Սուրբ Մարիանե եկեղեցիները և տեղի հին ջրաղացը:
Ըստ ավանդության, Աշտարակում ապրող երեք քույրեր սիրահարվում են Սարգիս անունով մի երիտասարդի։ Ավագ երկու քույրերը որոշում են իրենց զոհաբերել՝ կրտսեր քրոջ երջանկության համար և ծիրանագույն ու կարմիր զգեստ հագնելով իրենց նետում են ձորը։ Այս լուրն իմանալով, փոքր քույրը սպիտակ զգեստ հագնելով, նույնպես իրեն ձորն է նետում, իսկ Սարգիսը այս ամենի պատճառով դառնում է ճգնավոր։ Հետագայում ձորի եզրին կառուցում են երեք՝ Սպիտակավոր(V-VI դդ.), Կարմրավոր(7-րդ դար) և Ծիրանավոր(V-VI դդ.) եկեղեցիները:
Սուրբ Մարիանե եկեղեցին կառուցվել է 1281թ.-ին: Ստեղծման պատմության մասին տեղեկությունների չհանդիպեցի: Մի հետաքրքիր փաստ կար, որ մինչև հիմա հարավային ճակատին պահպանվել է արևային ժամացույցը:
Իսկ ջրաղացը կառուցել են Աղումյանները, որը հետագայում գնել են Շահազիզյանները և անվանել Մուխսոնց ջաղաց։ Դա Արագածոտնի մարզի ամենամեծ ջրաղացներից է, որը ժամանակին սպասարկել է Արարատյան դաշտի այլ բնակավայրեր նույնպես:
Ճամփորդությունից զատ մեր նպատակն է այցելել հատուկ դպրոց, շփվել և հետաքրքիր ժամանակ անցկացնել նրանց հետ՝ միասին մուլտֆիլմեր դիտել, պարել, երգել…
Հուսով եմ, որ ճամփորդությունից մեզ կմնան նոր ընկերներ և լավ հուշեր:  


Ավելին իմանալու համար աղբյուրներ՝ 1, 2, 3, 4

Sunday, 13 March 2016

Չարենցյան...

Ի՜նչ լավ է, որ Մարիամը «Հայաստանի թանգարաններ» նախագիծն է իրականացնում և ես հնարավորություն ունեմ նրա հետ այցելել ամենատարբեր թանգարաններ: Հերթը Եղիշե Չարենցի թանգարանինն էր և ի՜նչ ուրախ եմ, որ «Էթիկետ» ռադիոյի անդամների՝ Մարիամ Գևորգյանի, Բելլա Մարտիրոսյանի, Էրիկ Ոսկանյանի և ընկեր Հասմիկի հետ միասին ես էլ գնացի հանդիպում- ծանոթությանը: Մեկ անգամ արդեն եղել էի այդտեղ և դա էլ ավելի էր մեծացնում ցանկությունս կրկին հայտնվելու այդ «աշխարհում»: Չարենցին հասկանալը դժվար է ու հիմա, երբ մենք Չարենց ենք անցնում, փորձում հասկանալ, մտնել նրա պատկերների մեջ, կտոր-կտոր հավաքել պատկերը, իմ համար շատ կարևոր մաս ավելացավ հավաքածս պատկերների մեջ: Ստեղծագործություններն ավելի հասկանալի են լինում, երբ երևում է դրանց սկիզբը, կյանքի ընթացքի մեջ եղած կետը, պատճառը: Անձնական իրեր, կյանքից պատմություններ, միջադեպեր հարազատներ, սովորություններ, ամեն ինչ կապված նրա ու նրա մտքերի հետ բերում է մի կետի, հանգույցի, որը քանդելով սկսում ես փնտրել քոնը նրա մեջ:
Մեր գիդը Չարենցի թոռնուհին էր՝ Գոհար Չարենցը: Նա ամենայն հոգատարությամբ պատմեց-ներկայացրեց Չարենցին: Ես տեսնում էի թե ինչպես է նրա ներկայությունը շոյում ներկաների սրտերը, հետաքրքիր զգացողություն, մոտիկություն առաջացնում... կապում Չարենցի հետ:
Մանրամասներն արդեն կպատմի Մարիամը՝ ռադիոնյությում, իսկ ինձ մնում է շնորհավորել մեզ բոլորիս, չէ որ 119 տարի առաջ ծնվեց Չարենցը, որ խտացնի իրականությունը, անցկացնի իր մտքերի միջով ու տա մեզ՝ մեր խառնաշփոթը հարթելու կամ ավելի խորացնելու...

Wednesday, 21 October 2015

Լոռի

Սարեր, ծառեր, գույներ … Աշուն: Հիմա հասկանում եմ, թե ինչու է Թումանյանն այդքան լավը:
Ես տեսա իմ երազած աշունը: Տեսա այն Լոռիում, ուր գնացել էի ճանապարհորդության:
Սկզբից երկմտում էի՝ գնամ, թե՝ չէ, չնայած այդ պահին էլ գիտեի, որ չգնամ՝ շատ բան կկորցնեմ: Ու գնացի…
Երբ մտանք Լոռի, առաջին բանը, որ տեսա, անտառածածկ սարն էր ու նրան այցելած մշուշը: Հետագայում տեսածս յուրաքանչյուր պատկեր գերազանցում էր իր նախորդին ու հասնում իմ պատկերացումներին: Ամեն անգամ նայելիս անտառն ավելի դեղին էր դառնում, քան առաջ, մշուշն ավելի էր խորանում ծառերի մեջ, ու շունչս ավելի դանդաղ ու խորն էր դառնում, որ հանկարծ բաց չթողնեմ պահը:
Մենք ապրում էինք մի տան մեջ, որը կարծես Սանահինի կենտրոնը լիներ՝ մի քանի քայլ, ու հայտնվում էիր ուզածդ վայրում: Հենց մեր կողքին էր Միկոյանների թանգարանն ու Արտեմ Միկոյանի անունը կրող դպրոցը: Եվ այսպես սկսվեց մեր ծանոթությունը լոռեցիների հետ: Շատ լուսավոր ու տաք մարդիկ են, իրենց բնության նման սպասված. միշտ էլ կարիքը կա մարդկանց, ովքեր կանգնած են կողքիդ, պատրաստ են քեզ օգնելու ցանկացած հարցում: Դպրոցի սովորողների և իրենց փոխտնօրենի հետ միասին գնացինք Սանահին, հետազոտեցինք ամեն մի անկյուն, բացահայտումներ արեցինք մեզ համար, խմեցինք աղբյուրի սառը ջրից և ձնախառն անձրևի ներքո վերադարձանք տուն: Նախքան Սանահին այցելելը, մենք արդեն եղել էինք Հաղպատում, որը, ըստ ավանդության, կառուցել է Սանահինը կառուցող վարպետի որդին։
Հաջորդ օրը եղանք Միկոյան եղբայրների թանգարանում, Վանենի թագուհու կողմից Դեբեդ գետի վրա, կառուցված կամուրջի մոտ, Քոբայրի վանական համալիրում և հարակից քարանձավում, Հ.Թումանյանի տուն-թանգարանում, Գիքորի աղբյուրի, Բարձրաքաշ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ավերակների և «Ծովեր» կոչվող լճակի մոտ:
Միայն Քոբայրը տեսնելը բավարար էր հասկանալու համար, որ ոչ մի խոսքով ու ոչ մի լուսանկարով չես կարող փոխանցել այն, ինչ ստանում ես այնտեղ: Այն ինքդ քո աչքով պետք է տեսնես ու ինքդ զգաս:

Այդքան շատ տեղեր գնացինք, այդքան բան տեսանք ու զգացինք, բայց այդ ամենը կիսատ կլիներ առանց այն մարդկանց, ովքեր ստեղծեցին և ում հետ միասին ապրեցինք վաղուց երազած այդ երկու օրը:

Monday, 21 September 2015

Մեր անկախ օրվա պատմությունը

Սեպտեմբերի 20-ին մի խուբ սեբաստացիներով գնացել էինք Ապարան՝ ճանաչելու, հետազոտելու, վայելելու մեր հայրենիքը, հաղթահարելու մեր սեպտեմբերյան բարձունքը: Սկզբում այցելեցինք Ապարանի Սբ. Նշան եկեղեցին, որտեղ ինձ համար անսովոր մի բան տեսա. խորանի հետևի պատին վիտրաժով պատուհան կար: Անկեղծորեն զարմացա, քանի որ երբեք հայկական եկեղեցիներում չէի տեսել նմանատիպ բան: Այնուհետև գնացինք Լուսագյուղի Թուխ Մանուկ եկեղեցին: Այն բլուրի վրա է գտնվում: Այստեղից սկսվեց բարձունքների հաղթահարման շրջանը: Բլրի վրայից աննկարագրելի հարազատ տեսարան էր բացվում, մի ուրիշ շունչ էր, ուրիշ տրամադրություն: Իջանք գյուղ՝ «Կարմիր ժամ»-ը տեսնելու: Ճանապարհին հանդիպեցինք գյուղի բնակիչներին, ովքեր մեզ պատմեցին «Կարմիր ժամի» մասին, հյուրասիրեցին իրենց այգու մրգերից և ուղեկցեցին դեպի IV-րդ դարի քանված եկեղեցի: Հաջորդ կանգառն Ապարանի ջրամբարն էր և նրա կողքին գտնվող Պողոս- Պետրոս եկեղեցին, Վարդան զորավարի և Թուխ Մանուկ մատուռները: Ջրամբարի հսկիչ-ոստիկանները մեզ ասացին, որ դեպի Պողոս-Պետրոս եկեղեցի մեկ կիլոմետր ճանապարհ է, և մենք որոշեցինք ոտքով անցնել այդ ճանապարհը: Ընթացքում պարզվեց, որ ճանապարհն իրականում մեկ կիլոմետրից շատ ավելի է, բայց ես չեմ զղջում, որ անցել եմ այն: Փոշոտ ճանապարհով, եղևնիների անտառի կողքով ու դեղին դաշտի միջով էր անցնում մեր ճանապարհը: Եկեղեցին գտնելու հույսն արդեն քիչ էր մնում մարեր, երբ հանկարծ նկատեցինք այն: Ի դեպ, Պողոս- Պետրոս եկեղեցին տարվա մի որոշ ժամանակահատված մնում է ջրի մեջ, բայց այժմ ջրամբարի ջրի մակարդակը իջել է, այդ պատճառով էլ մենք կարողացանք մոտենալ նրան: Այն իր մեջ մեծ խաղաղություն է պարունակում: Չեմ կարող ասել, թե դա ինչից է, գուցե կողքին գտնվող ջրի հանդատ ու բազմագույն ալիքներից, գուցե օդում ազատ ճախրող որորներից, գուցե նրա առաստաղից, որ հենց երկինքն է ու դռնից, որ պատին կախված նկար է հիշեցնում: Ջերմությամբ ու խաղաղությամբ լիցքավորված վերադարձը չէր կարող այլ կերպ լինել, քան ամենաբուռն զգացմունքներով լի: Ճանապարհին բնությունը վայելելով քայլում էինք, երբ լսեցինք մերոնց ճիչերը. բեռնատար մեքենայի թափքին կանգնած գալիս էին: Մենք էլ միացանք նրանց և վերադարձանք մեր ավտոբուսի մոտ: Պարզվեց, որ անտառապահները իրենց մոտ էին հրավիրել, հյուրասիրել մերոնց ու օգնել էին, որ շուտ անցնեին վերադարձի ճանապարհը: Ապարանի անտառների նման այսպիսի գունավոր օր ստացվեց:

Tuesday, 2 June 2015

Բարի գալուստ ամառ


Հունիսի 1՝ մանուկների պաշտպանության օր, ամռան սկիզբ և իհարկե ամենահարմար պահը ընկերական զբոսանքի համար: Բաց չթողնելով այս հրաշալի առիթը` չորս «փոքրիկ» սեբաստացիներով գնացինք նշելու մեր տոնը: Օճառե պղպջակներով, լայն ժպիտներով և իհարկե ֆոտոխցիկով ուղևորվեցինք Հաղթանակի զբոսայգի՝ մեր ուրախ տրամադրությունը փոխանցելու քաղաքին: Հավաքելով մանուկների երջանիկ ճիչերի, երկինք բարձրացող օճառե պղպջակների և անխնա «ժպտացող» արևի էներգիան, շարունակեցինք ճանապարհը դեպի Կասկադ՝ հաղթահարելու Երևանյան մեր առաջին բարձունքը: Այնտեղ բազմագույն ծառեր էին աճել, որոնց տերևները նման էին «խխունջ» մակարոններին: Նրանց կողքին կար սպիտակ արջ, իսկ շենքի ներսում փափուկ բազմոցներ, որոնց վրա ցավոք նստել չէր կարելի: Ժամանակակից արվեստն իրոք որ շատ հետաքրքիր է, և միայն ոտքերի անտանելի ցավը կարողացավ ստիպել մեզ կտրվել այդ աշխարհից, գալ իրական աշխարհ, ուր ամառային քաղաքն էր, իր փոքրիկների գունավոր ու արևառատ ժպիտներով:

Friday, 8 May 2015

Ճամփորդություն դեպի Դիլիջան


Տնտեսական միամսյակն արդեն ավարտվել է, բայց այդ ընթացքում ստացած գիտելիքներն ու տեղեկությունները դեռ չեն մոռացվել: Որպեսզի ինքներս տեսնեինք այն ամենն ինչ լսել էինք, որոշեցինք գնալ Դիլիջան, չէ որ հենց այն պետք է դառնա Հայաստանի ֆինանսական կենտրոնը:  
Դեպի Դիլիջան տանող ճանապարհի առաջին կանգառը Սևանն էր: Լճի գեղեցիկ կապույտ գույնը, օդում ազատ ճախրող թռչունները և ուժ տվող քամին, հենց այն էր, ինչ անհրաժեշտ է հոգում հայրենասիրությունն արթնացնելու համար: Ճանապարհը շարունակվում էր և մենք արդեն Դիլիջանում էինք, այդքան սպասված ֆինանսական կենտրոնում: Այցելեցինք ֆինանսական կրթման կենտրոն, ուր մեզ ծանոթացրեցին Դիլիջանը ֆինանսական կենտրոն դարձնելու ծրագրի ընթացքին, շենքի հարմարություններին, «ԹՈՒՄՈ» կենտրոնին և քաղաքի կյանքի մանրամասներին: Ամեն ինչ շատ գեղեցիկ էր և հարմարավետ, միայն թե զարմանալի էր, որ մեզ ուղեկող աշխատկիցը ժխտեց այն փաստը, որ Կենտրոնական Բանկը պետք է տեղափոխվի Դիլիջան, չնայած ճանապարհին մենք տեսել էինք Կենտրոնական Բանկի ապագա շենքը:
Գեղեցիկ, ձգող բնություն, հայրենի հողի շունչ: Նուրբ ու հարազատ էր Դիլիջանը, չնայած առաջին անգամ էի այնտեղ:
Ճանապարհորդության վերջնակենտ դարձավ Հաղարծին վանական համալիրը, իր խաղաղությամբ: Խաղաղ ու սքանչելի էր նաև նրան շրջապատող անտառը, որի գեղեցկությամբ, միայն հեռվից հիացանք:

Այսպիսինն էր այս օրը՝ գեղեցիկ, զարմանալի և ուրախ:

Sunday, 12 April 2015

Ողջույն Խոր Վիրապ կամ արշավ 2

Օրը շաբաթ էր, անձրևոտ, մռայլ, բայց դա ամենևին էլ չխանգարեց ճամփորդությանը: Ինչպես կարող էր խանգարել, այդ գեղեցիկ գարնանային եղանակը, եթե մեզ սպասում էր Տափի ամրոցը և անակնկալ ուղևորությունը դեպի Խոր Վիրապ:
Տափի ամրոցը, որը գտնվում է Արարատի մարզում, Xդ. կառույց է: Այն վերջերս է նորոգվել: Այնտեղ հասնելու համար անհրաժեշտ էր որոշակի տարածք ոտքով քայլել, որը տեղացող անձրևի հետևանքով բավական ցեխոտ էր: Կողքից գումարվում էին հեռվում գտնվող սարերի կատարների մշուշը, կանաչ ու խաղաղ տեսարանը: Էլ ուրիշ ինչ է անհրաժեշտ ընկերներով արշավ գնալու համար: Բերդում շրջելու ընթացքում մեզ միացավ Խոսրովի արգելոցի աշխատակիցը, ծանոթացրեց տեղանքին, պատասխանեց մեր բոլոր հարցերին: Բերդից վերադառնալուց պարզ էր, որ Խոսրովի արգելոցում զբոսնելն այնքան էլ հարմար չէր, այդ պատճառով հաջորդ կանգառն անձամբ ինձ համար մեծ անակնկալ ստացվեց: Մենք Խոր Վիրապում էինք: Առաջին անգամ էի այնտեղ: Առեղծվածներով, դրական էներգիայով լի վայր էր: Ինջնելով այն վիրապը, որտեղ Գրիգոր Լուսավորիչը մնացել է շուրջ տասներեք տարի, ես հասկացա թե ինչ մեծ հրաշքով է նա փրկվել:
Այս գեղեցիկ ճամփորդությունն իր հագեցնող էներգիայով, հոգու անկեղծ ժպիտով և վառ տպավորություններով ևս մեկ ապացույց էր այն բազմաթիվ ապացույցների կողքին, թե որքան կարևոր են ընկերները և նրանց հետ անցկացրած ամեն մի վայրկյանը:

Շնորհակալություն լավ օրվա համար:

Friday, 27 March 2015

Ճամփորդություն դեպի Արզական և Բջնի


Մարտի 25-ին մի խումբ Սեբաստացիներ ընկեր Հասմիկի ուղեկցությամբ ճանապարհվեցինք դեպի Արզական և Բջնի: Եղանակը հիանալի էր, իսկ բնությունն՝ իր անկրկնելի գեղեցկությամբ հիացնում էր և իր խաղաղությունը փոխանցում բոլոր ներկաներիս:Դարերի պատմություն ունեցող և զարմանալի կերպով պահպանված եկեղեցիները, Պահլավունիների բերդից մնացած հիշողությունները՝ փլատակների տեսքով, սարերի քամին և հրաշալի տեսարանը, որ բացվում էր այդ բարձունքից, յուրօրինակ զգացում էր արթնացնում՝ հայրենիքի հանդեպ ունեցած սիրո զգացում:Այս վեհ զգացումները ցավոք ընդհատվում էին տեղ-տեղ նկատվող աղբակույտերով: Տարածքի բնակիչները բողոքում էին ջրամատակարարումից, աղբահանությունից: Կային բազում խնդիրներ, որոնց դեռ կանդրադառնանք, բայց նախ կցանկանայի նշել, որ մենք ունենք հիասքանչ բնություն և պայմաններ՝ Հայաստանում էկոտուրիզմը զարգացնելու համար, միայն անհրաժեշտ է մի փոքր աշխատել, ստեղծել հարմարություններ, բայց որ ամենակարևորն է ստեղծել բարեկեցիկ պայմաններ տեղի բնակիչների համար: Միայն այդ դեպքում տեղացին կկարողանա ներկայացնել երկիրը՝ իր որջ գեղեցկությամբ, իսկ զբոսաշրջիկն էլ արդեն իսկ առաջին այցելության ընթացքում կմտածի կրկին այստեղ վերադառնալու մասին:Բնության գեղեցկությունը լրացրեցին, իսկ մարդկային անփութության հետևանքներից մի փոքր շեղեցին նոր ծանոթությունները, բացահայտումները, ծիծաղաշատ, համարձակ և ուսուցողական խաղերը: Այսպիսով իմ առաջին արշավը հիանալի անցավ: