Tuesday 3 February 2015

Ընթերցելով Պ. Բեդիրյանի << Բառերի խորհրդավոր աշխարհում>>-ը

Ընթերցելով Պ. Բեդիրյանի << Բառերի խորհրդավոր աշխարհում>>-ը
               Երկրագունդը շրջապատված է …Կաթնեղենով
Պարզվում է, որ երկրագունդը շրջապատված է… կաթնեղենով: Ինչպե՞ս: Եթե նայենք գալակիկա բառի <<ներսը>>, կգտնենք հին հունարեն ղալա(=գալա) բառը, որը նշանակում է <<կաթ>>: Նրա սեռականը կլինի ղալակտոս(=գալակտոս), որը հիմք է դարձել վերոհիշյալ գալակտիկա բառի համար:
<<Կաթ>> և <<գալակտիկա>> բառերի միակ կապը կառող ենք տեսնել Արիստոտելի երկերում, որտեղ հին հունարեն ղալա(=գալա) բառը <<կաթ>> նշանակությամբ օգտագործվում է նաև <<Ծիր կաթին>> իմաստով:
<<Ծիր Կաթին>>-ը գրաբար կազմություն է, բառացի նշանակում է <<կաթի ծիր՝ գիծ՝ երիզ = կաթնագույն գիծ՝ երիզ>>:  Այսպիսի անուն համաստեղությանը երևի տրվել է, այն պատճառով, որ այն մարդկանց կաթնագույն է թվացել:
                         Մկները մարդուն … ուժ են տալիս
 Ստուգաբանները պարզել են, որ մկան բառն անմիջական կապ ունի մուկ(գրաբար մուկն) Հնդեվրոպական, այսինքն՝ բնիկ Հայկական արմատի հետ: Սրա սեռականն էր և է մկան, որը նաև առանձին բառի արժեք ուներ գրաբարում ու նշանակում էր <<մեջք>>, << մեջքի ուռած մաս>>:
«Մուկ» > «մկան» իմաստային անցումը կա ոչ միայն մեր լեզվում, այլև հին հունարենում՝ մոուս կամ մուու ասում են  թե՛ մկանը, թե՛ մկաններին, լատիներենում՝ mus <<մուկ>>, musculus <<1. Մուկ, մկնիկ, 2. մկան>>, ռուսերենում՝ мышь <<մուկ>>- мышца <<մկան>>,  նաև  мускул(ы)- <<մկան, մկանունք>> լատիներենից փոխառված բառը: Այս բոլոր բառերի արմատները ցեղակից արմատներ են, այսինքն՝ գալիս են Հնդեվրոպական հիմք  լեզվից(այս պայմանական անվանումով են կոչում տասնյակ հազարամյակներ առաջ գոյություն ունեցած այն ընդհանուր լեզուն, որից ճյուղավորվել են Հնդեվրոպական լեզուները):
                            
                              Սպասավոր է՝ պիտի սպասի
Սպասավոր բառացի նշանակում է <<պաշտոն տանող, ծառայող, ծառա>>: Բառի արմատը սպասն է, որը ըստ  Հ.Աճառյանի փոխ է առնված պարսկերենից, ուր նույն իմաստն ունի:
 Նույն հիմքն ունի նաև սպասել բառը: Բացի այդ ամենաանսպասելին այն է, որ այս նույն արմատն է ներկայացնում սպաս(«թանապուր») բառը: Սա մի ժամանակ նշանակել է ընդհանրապես <<ապուր>> իմաստը: Օրինակ ունեցել ենք ոսպասպաս-ոսպապուր բառը:
Այս նույն արմատից շատ ավելի ուշ կազմվել է նոր բառ՝ սպասք, որ նշանակում է <<ճաշ և այլն մատուցելու համար օգտագործվող ամանեղենի հավաքական ամբողջություն>>:
Այսպիսով բառն իր նախնական իմաստից այնքան է հեռանում, որ երկու <<ծայրակետերն>> իրար կողքի դնելիս չենք էլ կարողանում հավատալ, որ դրանք նույն արմատն ունեն:
                    Մարդիկ քայլում են … խողովակներով
Մարդիկ քայլում են խողովակների միջով:  Ի՞նչ է սա նշանակում:
Նախ պետք է նշել, որ գրաբարն ունի փողան բառը, որը նշանակում է <<փողոց. Հրապարակ. Միջանցք>>: Ուրեմն փողոց հին հայկական բառի արմատը փողն է, որի նախնական իմաստներն են՝ <<խողովակ>>, <<կոկորդ>>, <<վիզ>>: Դա նշանակում է, որ փողոցը այլ բան չէ, քան տների շարքերի միջև գտնվող խողովակաձև անցք: Բայց կարելի է և չգնալ նախնադար, այլ դիտարկել մերօրյա թունելը: Այս բառն անմիջական կապ ունի անգլերեն tunnel բառի հետ, որը նախապես նշանակել է <<խողովակ>>: Այսինքն դա նշանակում է, որ մարդկանց  խողովակների միջով քայլելու մեջ ամենևին էլ արտասովոր ոչինչ չկա:
                         Նորին մեծություն … ախոռապանը
Կիլիկյան Հայասանի թագավորության շրջանում(1080-1375թթ.), Ռուբինյանների օրոք կար մի պաշտոն, որ կոչվում էր մարաջախտ (արևմտահայերենում այն այժմ էլ է օգտագործվում. ասում են մարաջախտ Բաղրամյան): Այն փոխ էին առել ֆրանսերեն maréchal բառից, որը հանգում էր Գերմանիայի ֆրանկյան լեզվի marhskalk-ին կամ բարձր գերմաներենի maraahscalh-ին: Եթե նայենք վերջինի ստուգաբանությանը, ապա կիմանանք, որ marah նշանակում է <<ձի>>, իսկ scalh <<ծառա>>: Հայերենի մարշալ բառը նույն բանն է կրկնակի փոխառությամբ՝ այս անգամ ռուսերենի միջնորդությամբ: Դա նշանակում է, որ մարաջախտ կամ մարշալ ստուգաբանորեն նշանակում է <<ձիու ծառա>>: Մինչև հիմա էլ ֆրանսերենում maréchal բառը օգտագործվում է ոչ միայն <<մարշալ>>, այլև <<ձիաբույժ>> իմաստով:
Կիլիկիայի հայոց թագավոր Հեթում Ա-ի օրոք բացի մարաջախտից  կաին նաև սպարապետ և գունդստաբլ կոչումները:
Սպարապետ-ը պարսկերեն բառ է, իսկ գունդստաբլը վերցրել են հին ֆրանսերենից՝ conestable և նոր ֆրանսերենից  connétable բառից, որը առաջացել է <<գռեհիկ>> լատիներեն comes stabuli բառակապակցությունից, որը նշանակում է <<ախոռապան, ախոռապետ…>>:  Ֆրանսերենում այս բառերը նշանակում են բարձր զինվորական պաշտոններ:
Ուրեմն տեսանք, որ մարաջախտ = մարշալ -ը , բառերի ստուգաբանության տեսակետից, ձիապանն էր, իսկ սպարապետ-գունդստաբլ-ը՝ ախոռապանը կամ ախոռապետը:
                      Եգիպտական Աստվածը՝ կափարիչ
Հին հույներն իրենց դիցաբանության մեջ ունեցել են Հերմես անունով աստված՝ Զևսի որդուն: Նա աստվածների սուրհանդակն էր, լրատարը, ճարտասանության, մարմնամարզական մրցույթների, առևտրի հովանավորը և այլն: Բայց հույները բացի նրանից Հերմես են կոչել նաև եգիպտական Թոթ՝ մի քանի գաղտնախոսությունների ու խորհրդավոր գիտությունների, մասնավորապես ալքիմիայի արարիչ աստծուն: Նրանց երկուսին տարբերելու համար վերջինիս կոչել են Հերմես Եռամեծար: Բացի նշվածից, նա նաև կարողանում էր վարպետորեն խցանել-զմռսել սրվակների բերանը: Ահա սրա անունից կազմվել է հերմետիկ ածականը, որը սկզբում նշանակել է <<Հերմեսի ուսմունքին վերաբերող>>, ապա փոխաբերաբար <<մոգական>>, <<ալքիմիական>>: Եվ քանի որ ալքիմիական փորձերի ժամանակ հաճախ հարկավոր է եղել խուլ փակված անոթների, ուր օդ կամ գազ չկարողանար թափանցել կամ չկարողանային դուրս գալ- ուստի հերմետիկ բառը ստացել է նաև <<Հերմեսի պես փակող>>, այսինքն՝ <<կատարելապես անթափանց վիճակում >>իմաստը:
Այսպիսով Թոթ- Հերմեսի անունը ըստ լեզվական օրենքի կամքով դարձավ <<կափարիչ>>:
                            Քաղաքը մարդու մարմնի վրա
Արաբները հասնելով Շանհայից հարավ գտնվող Չուանչժոու նավահանգստային քաղաք, սկսեցին այն անվանել զեյթունի, իսկ այնտեղից բերված կերպասն անվանեցին աթլաս զեյթունի: Այն հասավ միչև Եվրոպա, մինչև Իտալիա: Այստեղից արաբերեն զեյթունին  դարձավ սեթունի, ապա եվրոպական լեզուներով տարածվելուց հետո <<կերպարանափոխվեց>> և դարձավ սաթին:
Եթե արաբերեն զեյթունին միայն <<միջնորդ>> էր Չուանչժոու-ի ու սաթինի-ի միջև, ապա այս վերջին հոմանիշ աթլաս=ատլաս –ը Արևելքի լեզուներին փոխառվել է արաբերենից:
Կարևոր է, որ չշփոթենք աթլաս=ատլաս-ը՝ ատլաս-քարտեզի հետ:
Վերջաբան

Պարզվեց որ շատ բառեր և արտահայտություններ կան հայերենում, որ օգտագործում են առանց խորապես հասկանալու դրանց իմաստը: Կարծում եմ, որ իզուր չվատնեցի այն ժամանակը, որը հատկացրեցի այս արտահայտությունների մասին տեղեեկանալու, դրանց անդրադառնալու համար: Հայերենը հտաքրքիր լեզու է, հետաքրքիր է իր փոխքռություններով, բառիմաստներով և դրանց պատմական զարգացումով:

No comments:

Post a Comment