Thursday 7 May 2015

Մայիսյան հավաքի հերթական «Կլոր սեղանը»

Այսօր՝ մայիսի 7-ին, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Ավագ դպրոց-վարժարանի ընթերցասրահում Մայիսյան 10-րդ հավաքի շրջանակներում տեղի ունեցավ «կլոր սեղան», որն այս անգամ նվիրված էր կրթության առջև ծառացած խնդիրներին և դրանց լուծման հեռանկարներին: Հավաքին ներկա էին դասավանդողներ, սովորողներ և ծնողներ: Հավաքի առաջին մասում ներկաներն աշխատում էին խմբերով՝ ձևակերպում էին իրենց կարծիքը առաջադրված հարցերի վերաբերյալ, իսկ երկրորդ մասում ներկայացրին և քննարկեցին դրանք: Քննարկման փուլում ներկաներին
միացան նաև Ավագ դպրոց-վարժարանի տնօրեն Գևորգ Հակոբյանն ու «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը։ Կարծում եմ, հավաքն անցավ հետաքրքիր բացահայտումներով և եզրակացություններով:
Որպես արդյունք կազմվեց կողմերի կարծիքներն ամբողջացնող հռչակագիրը, որ ներկայացնում ենք ստորև.

Հանրակրթության առաջ ծառացած խնդիրների լուծման մասին
ՀՌՉԱԿԱԳԻՐ
Հանրակրթությունն իր բնույթով ֆորմալ է, բայց  անիմաստ է կրթությունը բաղադրչների բաժանելը, այն ամբողջական գործընթաց է: Մարդ ծնված օրից կրթվում է, և այդ կրթությունը իրականանում է և՛ ֆորմալ, և՛ոչ ֆորմալ, և՛ ինֆորմալ ձևերով:
Որպեսզի իրականանա մարդու լիարժեք կրթությունը, անհրաժեշտ է ՝
·         հրաժարվել ծայրահեղություններից.
·         գտնել պայքարի ձևեր՝ հասնելու համար կրթության մեջ արմատական փոփոխությունների.
·         հասնել կրթության բոլոր տեսակների համադրմանն ու ներդաշնակությանը.
·         դաստիարակել մարդուն այնպես, որ ունենա ոչ միայն ընտրելու իրավունք, այլև կարողություն:
Ամեն ինչ կախված է անհատից, երբ մարդ ունենում է ցանկություն և գործում է ըստ իր ցանկության,  հաջողության է հասնում:
Կրթությունը պետք է կապվի կյանքի հետ ու դառնա կյանք:

No comments:

Post a Comment