Friday 19 June 2015

Վաղ Վերածնունդը Իտալիայում և մարդկային մտածողություն

                                                                  Նախաբան
Վերածննդի դարաշրջանը մշակույթի պատմության մեջ հանդիսանում է ավատատիրությունից կապիտալիզմի անցման սկիզբը, Միջնադարից անցումը նոր դարաշրջանի: Դասական Վերածնունդը վերագրվում է Իտալիային, բայց այդ գործընթացները տեղի են ունեցել նաև արևելյան Եվրոպայում և Ասիայում:
Վերածննդի դարաշրջանը բաժանվում է  3 փուլի՝ Վաղ Վերածննդի(14-15դդ.), որի ներկայացուցիչներ են համարվում Պետրարկան, Բոկաչոն, Դոնաթելլոն, Բոտտիչելլին, Դժոտոն և այլոք, Բարձր Վերածննդի (15դ. վերջ-16դ. առաջին քառորդ), որի ներկայացուցիչներն են Լեոնարդո դա Վինչին, Միքելանջելոն, Ռաֆայելը, Ֆրանսուա Ռաբլեն, և Ուշ Վերածննդի(16դ.), որի ներկայացուցիչներն են Շեքսպիրը և Սերվանտեսը:
Անտիկ դարաշրջանում մարդու իդեալ էր համարվում այն անհատ-քաղաքացին, ով ենթարկվում է իր քաղաքի օրենքներին, բայց միևնույն ժամանակ չի կորցնում բնության հետ կապը, որը համարվում էր տիեզերքը: Այն հանդիսանում էր ամենի չափորոշիչը: Այդ չափորոշիչի հիմքում ընկած են օրենքները, առկա ինչպես բնության, այնպես էլ հասարակության մեջ:


Միջնադարում Աստված էր համարվում աշխարհի արարիչը և ամենի չափանիշը: Միջնադարում մշակույթն ընկալվում էր, որպես անվերջ առաջընթաց, ձգտումը հասնելու անսահմանությանը, բացարձակին և կատարելությանը, որը հանդիսանում էր Աստված:
Ի տարբերություն Միջնադարի մտածելակերպի, Վերածննդի գաղափարախոսության կենտրոնում էին մարդն ու բնությունը:
                                    Հումանիստական Փիլիսոփայություն
Այս ժամանակաշրջանում փիլիսոփայության մեջ նոր ուղղություն է առաջանում ՝ հումանիզմը, որի գաղափարախոսության հիմքում մարդն է:
Հումանիստական փիլիսոփայության զարգացման մեջ տարբերում են 2 փուլ՝ վաղ և հասուն հումանիզմ: Վաղ հումանիզմի ներկայացուցիչներից են՝ Դանթե Ալիգերին, Ֆրանչեսկո Պետրարկան և Կոլյուչո Սալյուտատին, իսկ հասուն հումանիզմի ներկայացուցիչներից են՝ Ջանացո Մանետին, Պոջո Բրաչոլինին, Լեոնարդո Բրունին, Լորենցո Վալլան, Լեոն Բատիստա Ալբերտին և ուրիշներ:
Դանթե Ալիգերին հայտնի է իր «Աստվածային կատագերգություն» աշխատությամբ, իսկ Պետրարկան համարվում է Իտալիայում հումանիզմի հիմնադիրը:
Հումանիստ է եղել նաև գրող, բանաստեղծ Ջովաննի Բոկաչչոն, ում ամենահայտնի ստեղծագործությունը «Դեկամերոն»-ն է:
Ընդհանուր առմամբ՝ հումանիստական փիլսոփայությունն ուներ հակասխոլաստկական, մարդակենտրոն և աշխարհիկ բովանդակություն: Առաջին հերթին հումանիստները փորձում էին խզել կապերը եկեղեցու և սխոլաստիկական փիլիսոփայության հետ՝ դուրս գալ Միջնադարյան մտածելակերպից:
Նորովի մեկնաբանելով Անտիկ ժամանակաշրջանի մշակութային արժեքները՝ հումանիստները օգտագործում էին դրանք աշխարհայացքի նոր սկզբունքների հիմնավորման համար:
Նրանք քննադատում էին սխոլաստիկական իմաստասիրման ոճը, ձևերը և եղանակները, բայց դա չէր նշանակում, թե հումանիստներն առհասարակ մերժում էին կրոնական փիլիսոփայության ավանդույթները: Հումանիստների աշխարհայացքը համադրական բնույթ ուներ: 
Հումանիստները վերականգնում էին մարդկայինի, երկրայինի ու բնականի հեղինակությունն ու իրավունքները: Նրանց համոզմամբ՝ ոչ թե պետք էր իրար հակադրել աստվածայինն ու մարդկայինը, երկրայինն ու երկնայինը, հոգին և մարմինը, այլ բացահայտել դրանց միասնությունն ու ներդաշնակությունը:
Նրանք ոչ միայն վերածնում էին անտիկ գրականության և փիլիսոփայության արժեքները, այլև փորձում դրանք հաշտեցնել քրիստոնեական աշխարհայեցողության սկզբունքների հետ: Այնուհանդերձ, նրանց գաղափարների կիզակետում մարդն էր՝ իր երկրային ցանկություններով ու ձգտումներով, աշխարհիկ իդեալներով ու նպատակներով:
Աստծո, տիեզերքի, բնության, հասարակության և բարոյականության հարցերը դիտարկվում էին մարդու հիմնահարցի տեսանկյունից, դրանց լուծումները ծառայեցվում՝ մարդու բնության և էության բացահայտմանը: Հումանիստական մարդակենտրոնությունը ելնում էր մարդու, որպես գործունյա, արարող, ստեղծագործող, ինքնուրույն վճիռներ կայացնող, ինքնավստահ, խիզախ և ինքն իրենով հպարտացող էակի մասին պատկերացումից: Մարդը դիտվում էր ոչ թե փրկություն հայցող մեղսագործ էակ, այլ աստվածային արարչագործության պսակ, բարձրագույն արժեք, անկրկնելի բնություն ունեցող արարած, որին Աստված օժտել է գեղեցկությամբ, իմաստությամբ, ուժով և հզորությամբ՝ շարունակելու Աստծո արարչական գործունեությունը:
Հումանիստական փիլիսոփայության մեջ կարևոր տեղ էր զբաղեցնում նաև սոցիալ-բարոյական ու քաղաքական թեմատիկան: Հումանիստները շեշտում են մարդու սոցիալական ակտիվության, պետական-հասարակական գործում յուրաքանչյուր քաղաքացու մասնակցության գաղափարը: Նրանք պաշտպանում են այն միտքը, որ մարդը պետք է կարողանա սեփական բարիքը և շահերը ներդաշնակորեն զուգակցել հասարակական բարիքի և շահերի հետ: 
                                                            Արվեստ
Վաղ Վերածննդի դարաշրջանում սկսեցին զարգանալ արվեստի ճյուղերը: Գեղանկարչությունը մեծ վերելք ապրեց, այն դուրս եկավ Միջնադարում ստեղծված սահմաններից՝ կրոնական պատկերների մեջ աշխարհիկ տարրեր մցվեցին, հարթ պատկերները փոխարինվեցին ծավալային, ավելի իրական պատկերներով: Պիզայում և Սիենայում բացվեցին Իտալիայի խոշորագույն նկարչական դպրոցները:
Այս ժամանակաշրջանի արվեստագետներից են Մազաչչոն, Բոտտիչելլին, Դոնաթելլոն, Բրունելլեսկին, Լեոն Բատիստա Ալբերտին և այլոք:
Մազաչչոյին համարում են Եվրոպական նոր ռեալիզմի հիմնադիր: Նրա ամենահայտնի աշխատանքներից են «Աստվածամայրը մանկան, սուրբ Աննայի և հրեշտակների հետ» (մոտ 1420թ.), Ֆլորենցիայում գտնվող Սանտա-Մարիա-դել- Կարմինե եկեղեցու համար կատարված որմնանկարները(1425-1428թթ.), «Մեղանչում», «Արտաքսում դրախտից»:
Սանտա-Մարիա-դել-Կարմինե եկեղեցում նա առաջին անգամ օգտագործում է գծային հեռանկաչության համակարգը, որի մշակման վրա այդ ժամանակ աշխատում էր Բրունելլեսկին:
Մազաչչոն իր ստեղծագործություններում, Քրիստոսին, Պետրոսին և մնացած առաքյալներին պատկերում է երկրային մարդկանց պես, նրանց դեմքերն արտահայտում են մարդկային զգացումներ:
Դոնաթելլոն զարգացրել և մշակել է «գեղանկարչական» հարթաքանդակի տիպը (գծային հեռանկարչության միջոցով ստեղծվում է տարածության պատրանք): 1434-1443թթ. նա Ֆլորենցիայի Սան Լորենցո եկեղեցու հին ավանդական ներքին ձևավորման մեջ զուգակցել է ճարտարապետությանը և քանդակագործությանը բնորոշ ձևեր, ստեղծելով արվեստների համադրման նոր տիպ:
1447-1453թթ.  Պադուայում Դոնաթելլոն կերտել է Վերածննդի դարաշրջանի առաջին աշխարհիկ մոնումենտը՝ վարձկան հեծիալ Գատամելատի հուշարձանը:
Նա առաջինն էր, ով կերտեց մերկ մարդկային մարմին՝ Դավթի բրոնզե արձանը:
Նրա գործերից են նաև Մարիամ Մագդաղենացու արձանը(1450թ.), «Յուդիֆ և Օլոֆերոն» խմբաքանդակը(1456-1457թթ.), որոնց մեջ արտացոլված են մարդկայի հատկանիշները:
Ֆիլլիպո Բրունելլեսկին ճարտարապետական արվեստ է վերադարձնում մի շարք անտիկ տարրեր, հիմք է դնում գմբեթավոր եկեղեցիների կառուցմանը:
Նա է կառուցել Սանտա-Մարիա-դել-Ֆիորե տաճարի գմբեթը(1420-1436թթ.), Պացցի մատուռը(1430-1443թթ.) և այլն: Բացի կրոնական կառույցներից նա կառուցել է նաև պալատներ և այլ աշխարհիկ կառույցներ:
Լեոն Բատիստա Ալբերտին գրել է «Տասը գիրք ճարտարապետության մասին» աշխատությունը: Այնտեղ խոսվում է ճարտարապետության նոր հայեցակարգի մասին, որում ներառված է Բազիլիկ քրիստոնեական  շինության վերաիմաստավորումը, շենքի բազմահարկ ճակատային հատվածների ստեղծումը:
Նրա աշխատանքներից են Պալլացո Ռուչելլաին Ֆլորենցիայում(1446-1451թթ.) և  Սանտ-Անդրեա եկեղեցին Մանտույայում(1472-1494թթ.):
Բացի ճարտարապետական տեսություններից և վառ օրինակներից, Ալբերտին ստեղծել է մի շարք փիլիսոփայական աշխատություններ և գրական ստեղծագործություններ, եղել է հումանիստ:
                                                          Գիտություն
Վերածննդի դարաշրջանում ձևավորվում է աշխարհի գիտական քարտեզը, ծնվում է փորձարարական բնագիտությունը, հանդես են գալիս Կոպեռնիկոսը, Ջորդանո Բրունոն, Գալիլեո Գալիլեյը, առաջ է քաշվում արևակենտրոն համակարգի գաղափարը, տեղի են ունենում շուրջերկրյա ճանապարհորդություններ՝ Կոլոմբոսի, Մագելանի գլխավորությամբ, բացահայտվում են նոր աշխարհամասեր:
Մարդիկ փորձում են դուրս գալ ավանդական տեսակետների սահմաններից, ուսումնասիրել, առաջ քաշել և ապացուցել իրենց տեսակետներն, անկախ ճնշումներից:
                                                              Վերջաբան
Վաղ Վերածննդի ժամանակաշրջանը կարևոր դեր է կատարել Միջնադարյան մտածողության սահմանները լայնացնելու, ճնշող սովորույթներից ձերբազատվելու գործում: Միայն այն, որ սկսվել է կարևորվել անհատը և նրա ցանկությունները, արդեն իսկ մեծ առաջընթաց է: Դրանից ելնելով սկսել է զարգանալ գիտությունը, որն ուսումնասիրում է մարդուն և նրա շրջակա աշխարհը, արվեստը, որն արտացոլում է մարդկային գեղեցկությունը և փիլիսոփայությունը, որի հետևանքն է մարդկային աշխարհայացքի լայնացմանը:  
Այս ժամանակաշրջանում է, որ սկսել են անտեսել հնացած կարծրատիպերը կոտրելու վախը և ստեղծել նորը: Հենց այս ամենի շնորհիվ է, որ այսօր մենք կարողացել ենք այս մակարդակին հասնել:

                                                                                         


http://hy.wikipedia.org/                    

No comments:

Post a Comment