Thursday 24 September 2015

Կարդալով հուշեր Կոմիտասի մասին

Ընթերցելով Կոմիտաս վարդապետի մասին Հրաչյա Աճառյանի հուշերը և Մուշեղ Գալշոյանի «Սպասում»-ը, հայտնի է դառնում, որ Կոմիտասը շատ սիրելի է եղել նրանց երկուսի համար: Նրանք Կոմիտասին որպես բարի, հայրենասեր, մարդասեր, աշխատասեր և տաղանդավոր մարդ են հիշում իրենց հուշերում, և, որքան էլ որ զարմանալի էր ինձ համար, Հ. Աճառյանը գրում է. «Վերին աստիճանի կոմիկ մարդ էր Կոմիտաս վարդապետը», այնուհետև ավելացնում է, որ. «Ամենալուրջ խոսակցության մեջ Կոմիտաս վարդապետը հանկարծ մի կատակ կամ թեթև զվարճախոսություն էր խառնում: Բարկանալ ընդհանրապես չգիտեր: Չորս տարվա կենակցությանս մեջ մի անգամ միայն տեսել եմ նրան բարկացած:» Պարզվում է նաև, որ Աճառյանն ինքն էլ է զավեշտի սիրահար եղել և Կոմիտասի հետ միասին՝ իրենց ընկերների համար, բեմադրել են Պարոնյանի «Պաղտասար աղբարի» այն տեսարանը, երբ ազգային ժողովի անդամները դռնից մտնելու համար երկար բարակ իրար համեցեք են ձոնում:

Աճառյանը պատմում է, թե ինչպես է Կոմիտասը ոտաբոբիկ, առանց գումարի եկել 
Էջմիածին, մի կերպ սողոսկել կաթողիկոսի սենյակ և դարձել ճեմարանի աշակերտ: 
Պատմում է նրա արտաքին տեսքի, սովորությունների ու կատարած աշխատանքների մասին, հայկական խաղերի, դրանց քանակի ու նշանակության մասին, իրեն արտասահմանից Կոմիտասի ուղարկած յոթ բաց նամակի ու նրա մահվան հնարավոր երեք վարկածների մասին:
ՄուշեղԳալշոյանի «Սպասում» գրվածքում ներկայացված է Կոմիտասի մարդկային կերպարը: Այստեղ ներկայացված է Կոմիտասի աշխարհայցքը, նրա վերաբերմունքն ու մտքերը: Մ.Գալշոյանը պատմում է, թե ինչ վերաբերմունքի է արժանացել Կոմիտասը“ Le Mercure musical” հանդեսի աշխատակցի կողմից «Սալ դեզ, Ագրի քյուլտյորի» դահլիճում հանդես գալուց առաջ և հետո: Այնուհետև պատմում է մի դեպքի մասին, որ տեղի է ունեցել դեկտեմբերյան մի ցուրտ օր: Կոմիտասը փողոցով քայլելիս մի հնամաշ դրամապանակ է գտնում և որոշում է վերադարձնել այն տիրոջը: Նա չորս ժամ, ցուրտ փողոցում կանգնած սպասում է տիրոջը: Տեսնելով դրամապանակի մեջ եղած գումարի քիչ քանակը, իր կողմից գումար է ավելացնում դրա մեջ: Երբ վերջապես դրամապանակի տերը հայտնվում է, պարզվում է, որ նա մի շփոթված ու հուսահատված կին է: Կոմիտասը տեսնելով անակնկալի է գալիս, քանի որ նա տղամարդու էր սպասում, այլ ոչ կնոջ: Վերադարձնելով դրամապանակը՝ հեռանում է, և իր ներսում զգում թուխս դրած հավքերի թպրտոցը՝ իր բարի արարքի արդյունքը:
Կոմիտասը ոչ միայն բարի, ազնիվ, աշխատասեր ու հայրենասեր մարդ էր, այլ նաև մեծ մարդասեր, լի անսահման սիրով ու հոգատարությամբ, որ իր անձը թողած՝ հոգ է տարել իր ազգի համար, ողջ կյանքը նվիրել իր ժողովրդի ստեղծածը պահպանելուն և նրա հանճարը աշխարհին ցույց տալուն:

No comments:

Post a Comment