Wednesday 21 October 2015

Լոռի

Սարեր, ծառեր, գույներ … Աշուն: Հիմա հասկանում եմ, թե ինչու է Թումանյանն այդքան լավը:
Ես տեսա իմ երազած աշունը: Տեսա այն Լոռիում, ուր գնացել էի ճանապարհորդության:
Սկզբից երկմտում էի՝ գնամ, թե՝ չէ, չնայած այդ պահին էլ գիտեի, որ չգնամ՝ շատ բան կկորցնեմ: Ու գնացի…
Երբ մտանք Լոռի, առաջին բանը, որ տեսա, անտառածածկ սարն էր ու նրան այցելած մշուշը: Հետագայում տեսածս յուրաքանչյուր պատկեր գերազանցում էր իր նախորդին ու հասնում իմ պատկերացումներին: Ամեն անգամ նայելիս անտառն ավելի դեղին էր դառնում, քան առաջ, մշուշն ավելի էր խորանում ծառերի մեջ, ու շունչս ավելի դանդաղ ու խորն էր դառնում, որ հանկարծ բաց չթողնեմ պահը:
Մենք ապրում էինք մի տան մեջ, որը կարծես Սանահինի կենտրոնը լիներ՝ մի քանի քայլ, ու հայտնվում էիր ուզածդ վայրում: Հենց մեր կողքին էր Միկոյանների թանգարանն ու Արտեմ Միկոյանի անունը կրող դպրոցը: Եվ այսպես սկսվեց մեր ծանոթությունը լոռեցիների հետ: Շատ լուսավոր ու տաք մարդիկ են, իրենց բնության նման սպասված. միշտ էլ կարիքը կա մարդկանց, ովքեր կանգնած են կողքիդ, պատրաստ են քեզ օգնելու ցանկացած հարցում: Դպրոցի սովորողների և իրենց փոխտնօրենի հետ միասին գնացինք Սանահին, հետազոտեցինք ամեն մի անկյուն, բացահայտումներ արեցինք մեզ համար, խմեցինք աղբյուրի սառը ջրից և ձնախառն անձրևի ներքո վերադարձանք տուն: Նախքան Սանահին այցելելը, մենք արդեն եղել էինք Հաղպատում, որը, ըստ ավանդության, կառուցել է Սանահինը կառուցող վարպետի որդին։
Հաջորդ օրը եղանք Միկոյան եղբայրների թանգարանում, Վանենի թագուհու կողմից Դեբեդ գետի վրա, կառուցված կամուրջի մոտ, Քոբայրի վանական համալիրում և հարակից քարանձավում, Հ.Թումանյանի տուն-թանգարանում, Գիքորի աղբյուրի, Բարձրաքաշ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ավերակների և «Ծովեր» կոչվող լճակի մոտ:
Միայն Քոբայրը տեսնելը բավարար էր հասկանալու համար, որ ոչ մի խոսքով ու ոչ մի լուսանկարով չես կարող փոխանցել այն, ինչ ստանում ես այնտեղ: Այն ինքդ քո աչքով պետք է տեսնես ու ինքդ զգաս:

Այդքան շատ տեղեր գնացինք, այդքան բան տեսանք ու զգացինք, բայց այդ ամենը կիսատ կլիներ առանց այն մարդկանց, ովքեր ստեղծեցին և ում հետ միասին ապրեցինք վաղուց երազած այդ երկու օրը:

No comments:

Post a Comment