Thursday 11 December 2014

Բագրատունյաց հայկական թագավորություն և ենթակա թաագվորություններ (Բագրատունյաց միֆ. Իրական թագավորություն, թե ուժեղ իշխանություն)


Նախաբան
Կցանկանայի նշել, որ այս թեման ինձ սկսել է հետաքրքրել դեռ ամառվանից`երբ առաջին անգամ տեսա Լոռի բերդը(կառուցվել է 1005-1020թթ.-ին Դավիթ Անհողին արքայի կողմից): Այդ գեղեցիկ տեսարանը, անսահման ազատության ու կյանքի հանդեպ այդ յուրօրինակ սիրո զգացումը և նորը բացահայտելու մեծ ցանկությունը մինչև այսօր չեմ կարողանում մոռանալ: Բայց չնայած այս ամենին իմ հետաքրքրասիրությունը և մի շարք  հարցեր ծնվեցին այն ժամանակ, երբ լսեցի, որ տեղացիները Լոռի բերդը անվանում էին <<Աշոտ երկաթի ամրոց>>: Գուցե այդպես էին անվանում, քանի որ Աշոտ Երկաթը ժողովրդի սիրելի արքաներից մեկն է, կամ որ Լոռու թագավորությունը եղել է Բագրատունյաց թագավորության ենթակա թագավորությունը...
Հետաքրքիր է ինչպե՞ս Բագրատունյաց իշխանական տոհմը երկրի փաստական կառավարումը վերցրեց իր ձեռքը`ունենալով ուժեղ հակառակորդներ, ինչպիսիք են Արծրունիները, Սյունիները...
Բագրատունյաց թագավորության ամրապնդումն ու զարգացումը
7-րդ դարում Հայաստանը մտնում է Արաբական խալիֆայության կազմի մեջ և հարևան Վրաստանի, Աղվանքի ու Դերբենդի հետ կազմում է մեկ վարչատարածքային միավոր՝ Արմինիա կուսակալություն:
7-8-րդ դարերում քաղաքական գերիշխանության համար մրցակցությունն ընթանում էր հայկական երկու հինավուրց իշխանական տների`Բագրատունիների և Մամիկոնյանների միջև: 7-րդ դարի վերջին Հայոց իշխան է դառնում Աշոտ Բագրատունին (685-689թթ.)։Քաղաքական պայքարն ավարտվում է Բագրատունիների հաղթանակով, ովքեր իրենց տիրույթներին են միացնում Կամսարականների (Շիրակ) և Մամիկոնյանների (Տարոն) կալվածքները: 8-րդ դարում Հայոց իշխանի պաշտոնը մեծ մասամբ վարել են Բագրատունիները։ Նրանք քաղաքական ասպարեզից աստիճանաբար դուրս են վանել Մամիկոնյաններին։
Աշոտ Ա-ն դարձավ Բագրատունյաց թագավորության հիմնադիրը: Նա, որպես փորձված պետական գործիչ և զորավար, մեծ ուշադրություն էր դարձնում առաջին հերթին երկրի պաշտպանությանը: Նա քայլեր ձեռնարկեց հայկական տարածքներն իր իշխանության ներքո միավորելու համար: Սակայն այդ հարցում թագավորը հանդիպում էր ուժեղ դիմադրության: Նա ճնշեց Վանանդի իշխանների ելույթը և Վանանդ գավառը Կարս բերդաքաղաքով միացրեց իր տիրույթներին: Կարսը վերակառուցվեց և դարձավ հայոց սպարապետների աթոռանիստը: Ավելի բարդ էր Վասպուրականի Արծրունի և Սյունիքի Սյունի իշխանական տների խնդիրը: Դրանք իրենց կարողությամբ և ռազմական ուժով քիչ էին զիջում Բագրատունիներին: Սակայն Աշոտ Ա թագավորին հաջողվեց խաղաղ ճանապարհով, խնամիական կապեր հաստատելով, ավատատիրական այս հզոր տները ևս ենթարկել իր իշխանությանը:
Հայոց թագավորն իր իշխանությանը ենթարկեց Վասպուրականի, Գուգարքի, Սյունիքի, Արցախի հայկական իշխանությունները, ինչպես նաև Հայաստանի հարավի արաբական ամիրայությունները: Դրանով հայկական հողերի մեծ մասը միավորեց մեկ պետության մեջ:

Ենթակա թագավորություններ
                      Վասպուրականի թագավորություն
Հիմնադրվել է 908թ.-ին Գագիկ Արծրունու կողմից: XI դարի սկզբին թագավորությունն ուներ 8 քաղաք, 72 բերդ ,115 վանք և 4000-ից ավելի գյուղեր:
Բագրատունի թագավորներից հետո Հայաստանում մեծ հեղինակություն ունեին Վասպուրականի Արծրունիները:
Մինչև IX դարը Արծրունյաց նախարարական տունը իշխում էր միայն տոհմական ոստան Աղբակում և Մարդաստանում: Բացի Արծրունիներից Վասպուրականի որոշ մասերում իշխում էին նաև Ռշտունիները, Ամատունիները, Բագրատունիները, Անձևացիք, Ակեացիք և ուրիշ տներ: Որոշ ժամանակ անց Արծրունիները այնքան ուժեղացան, որ Վասպուրականն արդեն համարվում էր նրանց սեփական նահանգը:
Բուղայի արշավանքներից հետո Վասպուրականում դրության տեր է դառնում Արծրունյաց տան երկրորդական ճյուղի ներկայացուցիչ Ապուպելճի որդի Գուրգենը: Նա Վասպուրականը լրիվ մաքրեց արաբներից և Բուղան ստիպված էր նրան ճանաչել Վասպուրականի իշխանապետ:
Արծրունիների տարեգրության միջոցին(852-858թթ.) Գուրգեն Ապուպելճի ջանքերով դրվում է Վասպուրականի միավորման սկիզբը: Նրանից հետո Վասպուրականի իշխանների միջամտությամբ գահերեց իշխան ճանաչվեց գերությունից վերադարձած Աշոտ Արծրունին:
Վասպուրականի քաղաքական կշիռն էլ ավելի է մեծանում Աշոտ Արծրունու որդի` Գրիգոր-Դերենիկի իշխանապետության տարիներին(875-885թթ.): Այդ միջոցին զորեղացել էին նաև Սյունաց իշխանները, և հայկական պետականությունը վերականգնելու Բագրատունիների ջանքերն օգուտ չէին տա, եթե Արծրունիներն ու Սյունեցիները սատար չլինեին նրանց: Բագրատունիները լավ էին ըմբռնում այս իրողությունը և ամեն կերպ ամրապնդում էին բարեկամական կապերը իշխանական այդ երկու տոհմերի հետ: Այնուհանդերձ նրանք չկարողացան վերացնել հակասությունները այդ տների, մանավանդ իրենց և Արծրունիների միջև: Դրությունը բարդանում էր նաև այն հակասություններով, որ կային Վասպուրականի և հարևան արաբական ամիրայությունների միջև: Այս Արծրունիներին մղում էր ուժեղացնելու Վասպուրականի պաշտպանունակությունը` հարևան ամիրայությունների դավադիր խաղերին զոհ չգնալու համար: 860-ական թթ.-ին Աշոտ Արծրունին Ութմանիկներից զենքով ետ խլեց հնավանդ Վարագա վանքը: Այնուհետև, Դերենիկի օրոք, երբ Աշոտ իշխանաց իշխանը պայքարում էր Ահմադ ոստիկանի դավադրությանը մասնակից ամիրաների դեմ, Վասպուրականին միացվեցին Հերի և Սալմաստի մահմեդական իշխանների տիրությունները: Նրա օրոք Վասպուրականին միացվեց Տարոնը, որտեղ իշխում էին Աշոտ և Դավիթ Բագրատունի եղբայրները: Դերենիկի և Տարոնի գահերեց իշխան Աշոտի միջև գժտություն է ծագում, որը հարթվում է իշխանաց իշխան Աշոտ Բագրատունու վճռական միջամտությամբ: Այս տեսակի անհաշտությունները երկար չտևեցին, քանի որ Դերենիկի սպանությունից հետո Աշոտ իշխանաց իշխանը Վասպուրականը իր ձեռքն առավ Գագիկ Ապումրվանին նշանակելով Դերենիկի երեք անչափահաս որդիների խնամակալ:  
Աշոտ Արծրունին, Վասպուրականի որոշ իշխանների կամակցությամբ մեկնում է Ատրպատականի ոստիկան Ափշինի մոտ և հպատակություն հայտնում նրան: Այս քայլից զայրացած Հայոց թագավորը Գուրգեն Անձևացուն և Գագիկ Ապումրվանին իրավունք է տալիս ժառանգել Վասպուրականի իշխանությունը: Այս որոշումը անհետևանք չի մնում: Տեղի են ունենում դավադրություններ, բանտարկություններ, որոշ իշխաններ դիմում են Հայաստանի նկատմամբ նվաճողական ախորժակներ ունեցող Միջագետքի ամիրա Ահմադ Շայբանիի միջամտությանը: Այս ամենի հետևանքը դարձավ Հայոց զորքերի պարտությունը ամիրա Ահմադ Շայբանիի զորքերին`Թուղխի ճակատամարտում, Ապումրվանիի սպանությունը, Սնբատ Ա-ի կողմից Աշոտ Արծրունու վերահաստատումը Վասպուրականի գահերեցի դիրքում: Այս դեպքերից հետո, մինչև Աշոտ Արծրունու մահ Բագրատունյաց և Արծրունյաց տոհմերի միջև տիրեց խաղաղություն և համերաշխություն: Հարկ եղած դեպքում նրանք պատրաստակամ էին միմյանց օգնելու:
Աշոտի մահից հետո, երբ գահ են բարձրանում նրա եղբայրներ Գագիկը և Գուրգենը, կառավարման առաջին տարիներին զգում են Բագրատունիների պաշտպանության կարիքը, բայց հետո պատկերն ամբողջովին փոխվում է: Հայաստանի քաղաքական մասնատվածության և պառակտման առաջին օրինակը տվեց Վասպուրականը: Այս հանգամանքից օգտվեց Յուսուֆը, որի հաջողությունները սակայն քիչ տևեցին, քանի որ Գակիկը սկսել էր ինքնուրույն քաղաքականություն վարել, և որը շարունակվեց նաև Յուսուֆին հաջորդած Սբուքի օրոք:                                                                                                                                                                                                                       
Գագիկի թագավորության տարիներին բարենպաստ հանգամանքների բերումով կատարվեցին շինարարական ծավալուն աշխատանքներ: 
Վասպուրականի թագավորությունն Հայաստանի գավառական թագավորությունների շարքում ամենախոշորն էր: Գագիկ Արծրունու օրոք նրա տարածքը ձգվում էր հյուսիսից հարավ`Արաքսից մինչև Կորդվաց լեռները և արևմուտքից արևելք`Վանա լճից մինչև Կապուտան(Ուրմիո) լիճը: Հարավում նրա սահմանային գավառներն էին Մոկաց աշխարհի հարավային շրջանները, Կորճայքի Ճահուկ գավառի հարավային սահմանը կազմող Մեծ Ջավ գետը, արևելքից`Պարսկահայքի արևմտյան մի քանի շրջանները` Կարմիր գետր ավազանով: Այնուհետև Կարմիր գետի և Արաքսի միախառնման կետից սահմանը արաքսով ձգվում էր մինչև Արտաշատի մոտերքը, ապա թեքվելով դեպի հարավ-արևմուտք`Աղիովիտ գավառի արևմտյան մասով հասնում Վանա լճին:
Թագավորության հիմնական մասն էր Վասպուրականը, որը Մեծ Հայքի խոշորագույն նահանգն էր, ուներ 35 գավառ: Դրանցից 33(բացի Գաբիթյանն ու Պարսպատունիքը) մտնում էին Վասպուրականի թագավորությա մեջ:
Բացի Վասպուրականից Արծրունյաց թագավորության կազմի մեջ մտնում էին նաև Մոկք նահանգը, Պարսկահայքի Տամբեր և Ըռնա գավառները, Հեր և Զարևանդ գավառների մի մասը: Կորճայք նահանգից Վասպուրականի թագավորության մեջ մտնում էին Ճհուկ և Փոքր Աղբակ գավառները: Գագիկ Արծրունու օրոք Վասպուրականի թագավորությանը միացվեցին Այրարատի Կոդովիտ, Բագրևանդ և Մասիացոտն գավառները, որոնք հետագայում անջատվեցին. 1000թ.-ին թագավորությանը միացվեցին նաև Խիաթը, Մանազկերտը, Բերկրին, Արճեշը և Արծկենը:
Գագիկ Արծրունու և նրան հաջորդած գահակալների օրոք էլ ավելի լավացան նրանց և Բագրատունյաց թագավորության հարաբերությունները: Այսպիսի հարաբերությունների ձևավորումը անհրաժեշտ էր և՛ Բագրատունիներին, և՛ Արծրունիներին:
Վասպուրականի թագավորությունը բացի Բագրատունիներից նաև դաշնակցում էր քրդական ցեղերի հետ, սակայն որը նույնպես չփրկեց նրանց Բյուզանդիայի մտադրություններից:
Այսպիսով ներքին գահակալական պառակտումները և արտաքին նվաճողական ձգտումները հանգեցրեցին Վասպուրականի մասնատվածությանը և նկատելիորեն թուլացմանը:   

                     Վանանդի(Կարսի) թագավորություն
Հիմնադրվել է 963թ.-ին Մուշեղ Բագրատունու կողմից(Աշոտ Գ Ողորմածի եղբայր): Գոյատևել է 963-1065թթ.:
Կարսի թագավորությունը ստեղծման օրից  սերտ քաղաքական և տնտեսական կապերի մեջ է եղել Անիի Բագրատունյաց թագավորության հետ: Այն նաև կախման մեջ է գտնվել Բագրատունիներից, որի վառ արտահայտումն էր Մուշեղի կողմից Աշոտ Գ Ողորմածի գերագահության ընդունումը :  Այսպիսով այն համարվում է Բագրատունյաց երկրորդ թագավորություն:
Թագավորության մայրաքաղաքը Կարսն էր, որն ավելի վաղ ժամանակ`նախքան Կարսի թագավորության ստեղծումը Անիի Բագրատունիների մայրաքաղաքներից է եղել (Աբաս Բագրատունու օրոք):
Ի տարբերություն մնացած բոլոր ենթակա թագավորությունների Կարսի թագավորությունը միշտ հավատարիմ է եղել Անիի Բագրատունիներին և հարկ եղած դեպքում աջակցել:
Թագավորության վիճակը անկայունություն է ապրել Բյուզանդիայի և վրաց Բագրատունիների միջև տեղի ունեցող արյունահեղ պատերազմների ժամանակ: Բայց դրա ավարտից հետո կարողացավ պահպանել համեմատական խաղաղ և կայուն իրավիճակ:
Կարսի Բագրատունյաց թագավորները միշը ձգտել են կրել <<շահնշահ>> տիտղոսը`ինչպես Անիի Բագրատունիները: Այս ձգտումները կարճ ժամանակով, բայց  հնարավոր եղավ իրականացնել Անիի վերջին թագավոր`  Գագիկի  Կոստանդնուպոլսում գտնվելու ժամանակ: Այս տիտղոսը կրեց Գագիկ Կարսեցին, ով շուտով սելջուկյան արշավանքներից վախենալով իր պետությունը կտակում է Բյուզանդական կայսրությանը, դրա դիմաց ստանալով Գամիրքում Ծամնդավի իշխանությունը: Հենց այսպես էլ ավարտվում է և՛ Անիի Բագրատունյաց, և՛ Կարսի Բագրատունյաց թագավորությունների գոյությունը:
                 Տաշիր-Ձորագետի կամ Լոռու թագավորություն
Հիմնադրվել է 982թ.-ին Գուրգեն Բագրատունու կողմից (Կյուրիկյան թագավորություն): Ամենանշանավոր արքան եղել է Դավիթ Անհողինը(989-1065թթ.), մայրաքաղաք` Լոռի բերդաքաղաք:
Բագրատունըաց Հայաստանում X դարում առաջացած քաղաքական միավորումներից էր Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորությունը, որն առաջացավ երկրի հյուսիսային ծայրամասում, ընդգրկելով պատմական Գուգարքի արևելյան շրջանները:
IX դարի վերջում Աշոտ Ա Բագրատունին մաքրեց արևելյան Գուգարքը արաբներից ու միացրեց Բագրատունյաց ոստանին որպես պետական-արքունական հող`նշանակովի կառավարիչների իշխանության ներքո:
Տաշիրը և Աղստևի լեռնահովիտը X դարի առաջին քառորդում կարևոր նշանակություն ունեին Հայաստանի համար, նրանք պաշտպանում էին երկիրը հարևան արաբական ամիրայություններից: Ատրպատականի ամիրաները(Ափշինը, Յուսուֆը) կամ նրանց զորապետերը հաճախ այս գավառների վրայով էին ներխուժում Հայաստան: Այսպես օրինակ, Ատրպատականի ամիրաների 896 և 899 թթ. արշավանքները Հայաստան ձեռնարկվեցին Աղստև-Տաշիրի վրայով, բայց շուտով Աշոտ Բ-ն ամբողջ Տաշիրն ու Աղստևի լեռնահովիտը մաքրեց արաբներից և նորից միացրեց իր տերությանը:
Նկատի ունենալով այս մարզերի կարևոր ռազմա-ստրատեգիական նշանակությունը Բագրատունյաց արքունիքը հատուկ ուշադրություն է դարձնում նրանց պաշտպանությանը: Այդ նպատակով էր ստեղծվել տեղական(գավառական) իշխանություն, որի ղեկավարները միաժամանակ զորապետներ էին:
Իշխանության կառավարումը վերակացուների կողմից լրացուցիչ խնդիրներ էր առաջացնում: Նրանք հաճախ խառնակ իրավիճակների ժամանակ ըմբոստանում էին, ձգտելով ինքնուրույնության:
X դարի կեսերից իշխող դինաստիան արևելյան Գուգարքի կառավարումը հանձնեց իր տոհմակիցներին, այդ եղանակով երկրամասը կապեց կենտրոնի հետ: Տաշիր-Ձորագետի գավառները միավորվեցին մեկ վարչական մարզի մեջ և ստացան քաղաքական ու եկեղեցական հատուկ իրավասություն:
Հայոց Աշոտ Գ թագավորի որդի Գուրգենը կառավարիչ էր նշանակված այդ մարզում: Նրան թագավոր ճանաչելով Բագրատունի թագավորները ձգտում էին Գուգարքը ավելի զորեղացնել, դարձնելով կենտրոնական իշխանության հենարանը, պետության հյուսիսային սահմանների պաշտպանությունը ամրապնդելու համար:
Եթե Վասպուրականի կամ Սյունիքի թագավորությունների ձևավորումը հետևանք էր տեղական հզոր ֆեոդալական տների կենտրոնախույս ձգտումների`պայմանավորված վեջիններիս քաղաքակն-տնտեսական հզորությամբ կամ թշնամիների Հայաստանը մասնատելու և թուլացնելու քաղաքականությամբ, ապա Գուգարքի ձևավորումը պայմանավորված էր հայոց արքաների ծրագրերով. Հայաստանի հյուսիսային դարպասները պաշտպանելու նպատակով:
Ընդգրկելով Գուգարքի արևելյան մասը Տաշիր-Ձորագետի թագավորությունը արևմուտքից սահմանակից էր Շիրակին, հարավից`Նիգ գավառին և Ծաղկունյաց լեռներին, հյուսիսից նրա սահմանները տարածվում էին մինչև Վրաստան: Թագավորության կենտրոններն էին նախ Շամշուլգեն, ապա Լոռե բերդաքաղաքները:
Ինչպես նշվեց Տաշիր-Ձորագետի առաջին թագավորը Գուրգենն էր: Նրան հաջորդեց Դավիթը(մոտ 996-1048/49թթ.), ով ընդարձակեց երկրի սահմանները հյուսիսային ուղղությամբ, գրավեց Դմանիսը և իրեն ենթարկեց Տփխիսի արաբ ամիրային: Նա նաև հաջողությամբ պայքարեց Գանձակի Շադդադյան ամիրայության դեմ, Գուգարքից ետ շպրտեց Փատլունին և ճնշեց կենտրոնախույզ ուժերին:
Լոռվա թագավորության ներքին և արտաքին դրության ամրապնդումը նախադրյալներ էր ստեղծում տեղական գահակալի անջատողական ձգտումների համար: Դավիթը փորձ է կատարում ազատվելու շահնշահի գերիշխանությունից, բայց Գագիկը արշավանք է ձեռնարկում դեպի Գուգարք և ուժի միջոցով ճնշում ըմբոստությունը: Դավիթը ստիպված էր Գագիկին զիջելու որոշ բերդեր և հողեր: Այս պատճառով Դավթին տրվեց <<Անհողին>>  մականունը:
XI դարի 30-ական թթ.-երին Կյուրիկյանների դիրքը Անդրկովկասում զգալիորեն ուժեղացել էր շնորհիվ այն բանի, որ Գուգարքին և Քարթլիին սահմանամերձ Կախեթում իշխանությունն անցել էր Կյուրիկյան տան նոր ճյուղին: Դա Դավիթ Անհողինի քաղաքական խոշոր հաջողությունն էր: Լոռվա թագավորն ամուսնացել էր Կախեթի իշխաի քրոջ հետ, ուստի իշխանի մահից հետո իշխանությունը ժառանգեց Դավթի որդի Գագիկը, որը և Կախեթի Կյուրիկյան հարստության հիմնադիր հանդիսացավ:
1040-ական թթ.-երին Կյուրիկյաններին սպառնում էր լուրջ թորձություն`Դվինի ամիրա Աբու-լ-Ասվարը մեծ զորքով ներխուծում է Գուգարք, սակայն օգնական զորքերի հետ միասին Դավիթը պարտության է մատնում նրան:
Դավիթ Անհողինը աչքի է ընկել նաև իր շինարարական գործունեությամբ:  Նա կառուցել է բազմաթիվ բերդեր, այդ թվում Լոռվա նշանավոր բերդը:
Դավթին հաջորդեց նրա ավագ որդին`Կյուրիկեն: Նրա օրոք Լոռի բերդը դարձավ թագավորանիստ քաղաք:
XI դարի առաջին կեսում Կյուրիկյանները նշանակալից դեր էին խաղում երկրի կյանքում: Դավթի և նրան հաջորդած Կյուրիկե Ա-ի գահակալության տարիները կազմում են Կյուրիկյան թագավորության առավել հզորության ժամանակաշրջանը:
Կյուրիկյանների քաղաքական, հոգևոր և մշակութային կենտրոնն էր Տաշիր գավառը: Գավառի անունով X-XI դարերում ամբողջ թագավորությունը անվանում էին <<Տաշրա երկիր>>:

                             Սյունիքի թագավորություն
Հիմնադրվել ` 987թ.-ին Սյունիքի իշխան Սմբատի կողմից: Թագավորության կենտրոնը Սյունի ավանն էր, այնուհետև Կապանը: Թագավորության նշանավոր արքաներից է Վասակը:
IX դարի երկրորդ և X դարի առաջին կեսերին Սյունյաց իշխանությունը հանդիսանում էր հայ Բագրատունիների թագավորության հավատարիմ վասալը, քանի որ անմիջականորեն սահմանակից լինելով Ատրպատականի արաբական ամիրայությանը, Սյունիքը զգում էր Բագրատունիների զորեղացած թագավորության հովանավորության անհրաժեշտությունը:
890-ական թթ.-երին լքելով Սմբատ արքային Սյունյաց Վասակ Իշխանիկը հպատակվել էր ատրպատականի ոստիկան Ափշինին: Սակայն, երբ վտանգն անցել էր, Վասակը կրկին ճանաչեց հայոց արքայի գերիշխանությունը:
Պառակտման նոր առիթը Նախճավանի հարցը եղավ, երբ Ապահունիքի Կայսիկների անհնազանդությունը 902թ.-ին  ճնշելուց հետո Սմբատ Ա-ն Նախճավան քաղաքն իր շրջակայքով հանձնեց Վասպուրականի իշխանին: Սյունիքը զրկվում էր շատ կարևոր տիրույթից, ուստի մի տարի անց Սյունյաց Սմբատ իշխանը գժտվեց թագավորից, բայց գտնվելով Սմբատ Ա-ի և Վասպուրականի իշխանի զորքերի Սյունիք ներխուժելու սպառնալիքի ներքո և գիտակցելով իր թուլությունը, Սմբատ Սյունին կրկին հնազանդվեց հայոց թագավորին:
Սյունյաց Սմբատ իշխանի կյանքի վերջին տարիներին նկատվում էր գահերեց իշխանության թուլացում և Բաղքի գահակալ իշխանների քաղաքական ու տնտեսական զորեղացում: Այս բանն իրեն առավել զգացնել է տալիս 10-րդ դարի 70-80 –ական թթ.-ներին: Սմբատի մահից հետո, որը տեղի ունեցավ 342-349թթ. միջև ընկած շրջանում նրան հաջորդում է որդին` Վասակը, որը հորից ժառանգեց գահերեցությունը. Վայոց Ձորն ու Ճահուկը և հավանաբար որոշ տիրույթներ հարակից գավառներում: Չնայած այն հանգամանքին, որ գահերեցության իրավունքը ավելի ու ավելի անվանական էր դառնում, Վասակը դեռևս նկատելի ազդեցություն ուներ սյունիքի մեծ մասում:
Դվինի և նրանից հարավ-արևելք ընկած Արաքսի հովտի համար պայքարը, հայկական պետության և արաբական ամիրայությունների միջև, բախտորոշ նշանակություն ունեցավ Սյունքի անջատական ձգտումների համար:
Ըստ վեզիր Աբու-լ-Կասիմ Ալի իբն Ջաֆարի հիջրայի 344թ. կազմած հարկացուցակի երևում է, որ Սյունիքը ավելի մեծ կախման մեջ էր Սալարյաններից, քան Վասպուրականը կամ Արցախը:
Աշոտ Գ Ողորմած թագավորը 953թ.-ին Դվինը գրավելու անհաջող փորձից հետո նոր քայլեր է կատարում նրան տիրելու ուղղությամբ: Նա 976թ.-ին զորքով Մաղարդա Սուրբ Ստեփանոս Նախավկայի վանքն է գալիս և եկեղեցուն  նվիրում ընդարձակ կալվածներ շրջակա Նախճավան, Ոստան և այլ գավառներում: Սա փաստացի Դվինից հարավ ընկած Արաքսի հովիտը Բագրատունյաց թագավորությանը միացնելու կամ նվազագույնը գերիշխանությանը ենթարկելու փորձ էր, որը ստացվեց:
Ըստ  Ստ. Օրբելյանի տվյալ տարածքները չէին մտնում Բագրատունյաց թագավորների կալվածների մեջ: Թագավորը կալվածները գնել էր և նոր միայն նվիրել վանքին:
Իրեն ենթարկելով Արաքսի հովտի արաբական ամիրայությունները և բազմաթիվ այլ գավառներ, Աշոտ Գ-ն իր թագավորության սահմանները հասցնում է մինչև Սալմաստ, Զարևանդ, Դարաշամբ(Շամբիձոր) և Մարանդ: Աշոտ Գ-ի այս խոշոր, բայց ժամանակավոր հաջողությունը կրկին ամրապնդեց հայ Բագրատունիների գերիշխանությունը Սյունիքում, որն արդեն սկսել էր ձևական բնույթ ստանալ: Միայն այս հաջողությամբ կարելի է բացատրել այն հանգամանքը, որ հայոց թագավորն ի վիճակի եղավ Բյուզանդական Չմշկիկ կայսեր դեմ դուրս բերել 80.000-անոց բանակ, որովհետև նրա դրոշի տակ հանդես էին գալիս Հայաստանի հմարյա թե բոլոր արքայիկներն ու իշխանները, դրանց թվում և Սյունյաց գահերեց իշխան Վասակն իր զորքերով:
Վասակի մահից հետո գահերեցությունը անցնում է Բախքի իշխան Սահակի որդի Սմբատ իշխանին, չնայած այն փաստին, որ Վասակը ուներ երկու  որդի`Սմբատ և Գագիկ: Նրանք ընդունում են Սմբատի գահերեց իշխանությունը և շարունակում իշխել իրենց կալվածներում որպես սովորական իշխաններ:
Սյունիքի քաղաքական կենտրոնը 970-ական թթ.-երի վերջին կամ 980-ական թթ.-երի սկզբին Վայոց Ձորից տեղափոխվում է Բախք:
Սալարյան Աբու-լ-Հայջայից կրած պարտությունից հետո Հայոց թագավոր Սմբատ Բ-ի դիրքերը բավական թուլացան և դրանից օգտվելով իրենց զգացնել տվեցին Սյունիքի անջատողական ձգտումները: Սյունիքի Սմբատ գահերեց իշխանը Ատրպատականի ամիրայի օժանդակությամբ, 10-րդ դարի 80-ական թթ.-երին իրեն հռչակում է թագավոր:
Սյունիքի թագավորություն հռչակելուց շատ չանցած քաղաքական իրադրությունը փոփոխվեց: 988թ.-ին մահացավ Աբու-լ-Հայջա Ռավվադյանը: Դրանից օգտվելով Գողթնի ամիրա Աբու- Դուրաֆը կրկին տիրեց Դվինին ու նրանից հարավ ընկած մերձարաքսյան հողերին: Այսպիսով Սմբատ  Սահակյանը ստիպված ճանաչեց Սմբատ Բ շահնշահի վերադաս իրավասությունը Սյունիքի նկատմամբ:
Գագիկ Ա-ի օրոք արշավանք է ձեռնարկվում դեպի Սյունիք, որի արդյունքում Անիի Բագրատունյաց թագավորությանն է միացվում Վայոց Ձորը, Ճահուկը, Ծղուկք գավառի նի մասը(Այլախ գավառ) և մի շարք այլ շրջաններ:
Այս արշավանքից հետո Սյունյաց թագավորության <<նոր>> սահմանները պահպանվեցին մինչև XII դարի սկիզբը: Հարավ-արևելքում թագավորության սահմանը հասնում էր մինչև Հագարի գետը, իսկ հյուսիս-արևելքում մինչև Արցախի լեռների ջրբաժանը: Հյուսիսում սահմանն անցնում էր Բռնակոթից հյուսիս-արևմուտք ընկած ջրբաժանով , արևմուտքում սահմանն իջնում էր հարավ`Սյունյաց լեռների ջրբաժանով, իր մեջ էր վերցնում Երնջակ գավառի մեծ մասը, Շոռոթ նշանավոր բնակավայրը և հասնում մինչև Երասխ գետը:
12-րդ դարում Սյունիքի թագավորությունը ստիպված է լինում պատերազմել սելջուկ թուրքերի դեմ, որով էլ պայմանավորվում է թագավորության կործանումը:
                                       Եզրակացություն
Այս ամենը ուսումնասիրելուց հետո պարզ դարձավ, որ հայոց իշխանական տներից համեմատաբար ամենահզորը Բագրատունյաց իշխանական տոհմն էր: Այդպես եմ կարծում, քանի որ հենց այս տոհմը հաղթեց հայոց գահին տիրելու  համար  պայքարում`ասպարեզից հեռացնելով Մամիկոնյաններին: Չնայած այս փաստը դեռ չի նշանակում, որ նրանք միայնակ կարող էին պաշտպանել Հայաստանը օտար զավթիչներից: Այս պատճառով նրանք ընդանուր լեզու էին փորձում գտնել մնացած իշխանական տների հետ: Թույլ տալով նրանց ստեղծել իրենց սեփական թագավորությունը կամ նույնիսկ իրենք այդ անելով (ինչպես Տաշիր-Ձորագետի դեպքում) ցանկանում էին ամրացնել երկրի պաշտպանությունը, կայունացնել երկրի ներքին սոցյալ-քաղաքական իրավիճակները: Եթե ստացվում էր համագործակցությունը, ապա Հայաստանը կրկին ձգտում էր բարգավաճելու և ուժեղ ղեկավարում ձեռք բերելու: Ցավոք իշխանական տների շահերը և ցանկությունները ոչ միշտ էին համնկնում, այդ իսկ պատճառով Բագրատունիները այդպես էլ չկարողացան դառնալ իրական, հզոր թագավորություն, միավորել պետությունը մեկ իշխանության ներքո և իմ կարծիքով հենց այդ անկայունությունը դարձավ նրանց իշխանության ավարտի պատճառը:
Այսպիսով Բագրատունյաց արքայատոհմի և մնացած իշխանական տոհմերի միջև եղած տարբերությունը կայանում էր միայն անվան և սեփական ձգտումների իրականացման համար ընտրվող տարբերակների միջև:
Իսկ ինչ վերաբերվում է Լոռի բերդի <<տեղական անվանը>>, ապա ոչ մի պատմական պատճառ չկարողացա գտնեմ, այդ իսկ պատճառով կարծում եմ այն ևս մեկ անգամ ապացուցում է ժողովրդի մեծ սերը իր մեծագույն արքաներից մեկի `Աշոտ Երկաթի նկատմամբ`վերագրելով նրան ժամանակի շատուշատ հաջողություններ:
Աղբյուրներ` Հայ ժողովրդի պատմության ակադեմիական հատորներ(Հայկական ՍՍՀ ԳԱ          հրատարակչություն, 1976թ., III հատոր)
www.findarmenia.com, hy.wikipedia.org

No comments:

Post a Comment