Thursday 7 May 2015

Տրամաբանական դավաճանություն

Դավաճանությունը տարբեր ձևերով է արտահայտվում, բայց կարծում եմ, որ բոլոր դեպքերում էլ խնդիրը առաջանում է մարդկանց միջև առաջացած օտարության պատճառով: Դա այն է, երբ շուրջդ շատ մարդ կա, բայց սառչում ես միայնությունից, քեզ նայում են աչքեր, որ դատարկությունից ու դառնությունից բացի, այլևս ոչինչ չեն տալիս, երբ նայում ես ու այլևս չես տեսնում, չես ճանաչում:
Օտարությունն իր հերթին առաջանում է սխալ արժեքներից, անկարևորը կարևորելուց, կամ ընտրությունը պահի ազդեցությամբ կայացնելուց: Այդ անդառնալի քայլերը հետզհետե հանգեցնում են սառցակալման, որը փորձում է տրամաբանական երանգ տալ օտար պահվածքին:
«Թմկաբերդի առում»-ում դավաճանության պատճառը շահամոլությունն էր, «անսահման» փառքի հանդեպ քաղցը, որը կուրացրել էր Թմբկա Տիրուհու աչքերը, մոռացնել տվել իր ամուսնու սերն ու քաջությունը: Տվյալ դեպքում տրամաբանական է, որ Թմբկա Տիրուհին ընտրեց գանձն ու շքեղությունը, չէ որ նրա սիրտը քարացել էր ոսկու փայլից, ականջները խլացել աշուղի գովքից: Փառասիրությունն էր խոսում նրա մեջ, այլ ոչ հենց ինքը՝ քաջ Թաթուլի սերն ու զորությունը դարձած քնքուշ տիկինը:

Չնայած նրա անկուշտ ցանկություններին և համապատասխան արարքներին, չկարողացավ այլևս կուլ տալ դրանց հետևանքները, քանի որ արդարության վերջին կաթիլները դեռ չէին չորացել նրա մեջ, այլ պահված էին  հենց այս պահի, սառը ապտակի համար, որպես վերջին մի հույս: Ցավոք, քաջ Թաթուլն էլ չկար, Նադիր շահն էլ որոշեց պատժել փառամոլ կնոջը:

No comments:

Post a Comment