Monday 4 January 2016

Ֆանատիզմ և առողջ կրոնասիրություն, ո՞րն է սահմանը

Հատվածներ  հոգեբան Նատալյա Ինինայի ֆանատիզմի վերաբերյալ վերլուծական հոդվածից
      Կրոնական ֆանատիզմ և իրական հավատ
Սկսենք ֆանատիզմից: Հիշեցնեմ, որ մեր նախնիները ֆանատիկ են անվանել հեթանոսական քրմերին, ովքեր տրանսի մեջ էին մտնում՝ ապագան գուշակելու համար: Այդ ժամանակ մարդիկ կարծում էին, թե այդ անձանց միջոցով աստվածներն են խոսում իրենց հետ: XVII դարի կաթոլիկ եպիսկոպոս Ժակ Բոսյուեն, հիմք ընդունելով անմիջական կապը հոգեկան աշխարհի հետ, բողոքականներին, ովքեր նախընտրում էին անմիջական՝ առանց միջնորդների շփումը Աստծո հետ, անվանել է ֆանատիկներ: XVIII դարի վերջում լույս տեսած «Ֆրանսիական բառարանում» Վոլտերը սկզբունքորեն նոր սահմանում է տալիս «ֆանատիզմ» հասկացողությանը. «Նրան, ում հատուկ են էքստազները և տեսիլքները, ով իր երազները ընդունում է որպես իրականություն և իր երևակայության պտուղները՝ որպես մարգարեություն, կարելի է անվանել էնտիուզաստ, իսկ նրան, ով սպանելով է պաշտպանում իր խելագար մտքերը՝ ֆանատիկ»:
Հավատը՝ լայն իմաստով, կապ է, որը կապում է մարդուն՝ իրեն շրջապատող  իրականությանը: Այդ կապը ստեղծվել է կամքի, զգացմունքի և գիտակցության ներգործությամբ: Հավատի միջոցով մարդը մոտեցնում, կենդանացնում և լցնում է իր աշխարհը ինչ-որ շատ կարևոր բանով:
Քսաներորդ դարի դասական դարձած հոգեբանների՝ Ջեյմսի, Յունգի, Օլպորտի, Էրիկսոնի և այլոց աշխատություններում ակնհայտորեն ասվում է, որ հավատի և կրոնի ձևերը մեծապես կապված են անձի յուրահատկության և նրա ձևավորման պայմանների հետ:

                                          Ֆանատիկի հոգեբանական նկարագիրը
Փորձենք տալ ֆանատիկի նկարագիրը: Ֆանատիկը համակարգի արդյունքն է: Մասսայական մշակույթը ծնում է թերհաս, ինքն իրեն և իր նպատակները չգիտակցող մարդու: Այսպիսի անձը մի կողմից կարիք է ունենում, որ կառավարեն, թելադրեն իրեն, թե ինչպես հավատա, ինչի համար պայքարի, ինչ ասիլ, ինչ մտածի… Բայց մյուս կողմից, նա ուզում է ինքնուրույն, անկախ և ուժեղ լինել:
Տիպիկ ներանձնական կոնֆլիկտ, որը չի գիտակցվում տվյալ անձի կողմից: Այս երկատվածությունը դարձնում է նրան խոցելի և տարբեր տեսակի ազդեցությունների հեշտությամբ ենթարկվող: Նրա գիտակցությունն այն աստիճան է սահմանափակվում, որ կյանքի բարդությունն ու ամբողջականությունը, որը հատուկ է առողջ մարդուն, զիջում է մոլագարությանը և որևիցե գաղափարի կամ առաջնորդի ենթակայությանը:
Այստեղ մենք կարող ենք մի սահման անցկացնել ֆանատիզմի և սնահավատության մեջ: Ընդգծենք, որ այս երկու տեսակի հավատին էլ բնորոշ է անհասկանալի վախը՝ կապված անհատի նյարդային խանգարման հետ: Սակայն սնահավատությունը նախամարդու վախն է, ով պաշտպանում է իրեն մոգական ծեսերով ահաբեկող և թշնամական բնությունից: Ծեսերի միջոցով մարդը փորձում է կարգավորել ներքին չգիտակցված տագնապը:
Ֆանատիզմի դեպքում մենք առնչվում ենք մեկ այլ տեսակի վախի հետ: Դա վախ է մարդու հոգեկան աշխարհի քաոսի, անգիտակցականի հանդեպ: Այդ «անգիտակցական»-ի էներգիայի շնորհիվ է, որ նյարդային պաշտպանողականությունը վերածվում է հարձակման: Ներքին նյարդային վախը վերածվում է արտաքին իրականության:
Ֆնատիկի աշխարհում չկա տեղ մեկ ուրիշ անձի, մտքի, կարծիքի, ապրելակերպի համար:
                                             Ֆանատիզմը կրոնակա՞ն ֆենոմեն է
Հաճախ ֆանատիզմն ընդունվում է որպես կրոնական երևույթ: Սակայն Բերդյաևը կարծում էր, որ ֆանատիկները ի զորու չեն ունենալու իրական կրոնական զգացմունքներ և համարում էր, որ նրանք հոգեախտաբանության և հոգեվերլուծության առարկա են:
Արյո՞ք հնարավոր է հաղթահարել հավատի և կրոնականության այդպիսի քայքայիչ միջոցները, որոնք հաճախ թաքնվում են Աստծուն նվիրվելու մեջ: Հենց այստեղ են համընկնում հավատի և անհատի առողջության հարցերը:
«
Սիրիր ընկերոջդ քո անձի պես»: Կարդալով այս բառերը՝ մենք պետք է հասկանանք, որ սերը ինքդ քեզ արտոնություններ տալը և հաճույք պատճառելը չէ, այլ ընդունելն ինքդ քեզ այնպիսին՝ ինչպիսին, որ կաս: Իսկ դա համարձակություն ու ազնվություն է պահանջում։ Եվ միայն այդպիսի բաց և սերն ընդունող հայացքից է հնարավոր հանդիպումն ինքն իր հետ՝ հաղթահարելով անհատի նյարդային աղավաղումները, ինչպես նաև հավատի տարաբնույթ ապակառուցողական ձևերը, որ կանգնում են մարդու և Աստծո միջև։

No comments:

Post a Comment