Հայկական անիմացիայի պատմությունը
սկսվում է <<Հայֆիլմ>> կինոստուդիայից: Այդ տարիներին հայ կինոարվեստը
մեծ առաջընթաց ուներ և պատրաստ էր նորամուծությունների:
Դեռևս 1934թ.-ին <<Հայֆիլմ>>
կինոստուդիայի տարածքում կառուցվել էր առանձին արտադրամաս, դրսից հրավիրվել էին համապատասխան մասնագետներ: Հայաստան էր եկել խորհրդային մուլտիպլիկացիայի հիմնադիրներից մեկը`հայազգի կինոռեժիսոր Լև Ատամանովը(Լևոն Ատամանյան): Հենց
նա էլ սկսեց զբաղվել մուլտարտադրամասի կազմակերպչական գործառույթներով`սկսեցին պատրաստել նկարիչ-մուլտիպլիկատորների, ձեռք բերել
անհրաժեշտ սարքավորումներ, որոշել առաջին հայկական մուլտֆիլմի թեման…
Թեմայի ընտրությունը պարզ
էր` այն պետք է լիներ սիրված և ճանաչված հայ երեխաների շրջանում: Ընտրվեց Հովհաննես
Թումանյանի <<Շունն ու կատուն>> ստեղծագործությունը: Մուլտֆիլմը պատրաստ
եղավ 1938թ.-ին` այն մեկ մասանոց, սև ու սպիտակ ֆիլմ էր:
Այս
հիանալի մուլտֆիլմը լավ մեկնարկ էր հայկական անիմացիայի զարգացման համար: Դրան հաջորդեցին
ևս երկու մուլտֆիլմեր`<<Տերտերն ու այծը>>(1939թ.) և <<Կախարդական
գորգը>>(1949թ.): Ցավոք այս երկու գործերից հետո շուրջ երկու տասնամյակ դադարում
է մուլտֆիլմերի արտադրությունը:
Հայ
մասնագետները ջանք չեն խնայում հայկական մուլտիպլիկացիան <<վերակենդանացնելու>>
համար: Արդյունքում ստեղծվեց նոր մուլտֆիլմ` Հ.Թումանյանի <<Մի կաթիլ մեղր>>
ստեղծագործության հիման վրա:
Անցած դարի 70-80-ական թթ. հայկական մուլտիպլիկացիոն կինոն մտել էր կայուն զարգացման փուլ: Ռոբերտ Սահակյանցի գլխավորությամբ կյանք էր մտել երիտասարդ մուլտիպլիկատորների մի սերունդ, որը պիտի իր յուրօրինակ հետքը թողներ էր հայ մուլտիպլիկացիայի
պատմության մեջ:
Հայկական անիմացիան
էականորեն տարբերվում էր իր պատկերային գունագեղությամբ, կարճ խոսքով, ասելիքի դիպուկությամբ
և ոճային բազմազանությամբ:
1970-ական թթ. Հայաստանում սկիզբ առավ տիկնիկային (ծավալային) մուլտֆիլմերի արտադրությունը: Նմանատիպ առաջին մուլտֆիլմը` ռեժիսոր Արմեն Միրաքյանի <<Սխալ արտահայտությունն>> էր (1973 թ.): Հետագայում անիմացիոն կինոնկարի այս տեսակում նկատելի հաջողություններ ունեցավ ռեժիսոր Գայանե Մարտիրոսյանը:
Հայաստանի անկախացման առաջին տարիներին հայկական կինեմատոգրաֆյան կրկին որոշակի նահանջ ապրեց: Չնայած այդ փաստին, 1990-ական թթ.-ից սկսած փորձում էին կապեր հաստատել այլ երկրների հետ և ստեղծել համատեղ աշխատանքներ:
Այժմ հայկական մուլտիպլիկացիան շնորհիվ լավ մասնագետների, ինչպիսիք են Դավիթ Սահակյանցը`իր<<Ռոբերտ Սահակյանց պրոդաքշն>> ստուդիայով, Արման Մանարյանը, Գայանե Մարտիրոսյանը, Լյուդմիլա Սահակյանցը, Նաիրա և Յուրի Մուրադյանները, Ստեփան Գալստյանը, Վլադիմիր Մայիլյանը, Ալիսա Քյուրդիանըև այլոք, կարծես թե նոր շունչ է առնում:
Վերջին տարիներին <<Ռոբերտ Սահակյանց պրոդաքշն>> ստուդիան ստեղծել է ուսուցողական և դաստյարակչական ֆիլմաշար, խոշոր ծրագիր է իրականացրել կինոռեժիսոր Արման Մանարյանն` ստեղծելով ութ մասից բաղկացած <<Սասունցի Դավիթ>> անիմացիոն կինոնկարը, որը հայկական մուլտիպլիկացիայի պատմության մեջ առաջին լիամետրաժ կինոնկարն է, Հայկ Սահակյանցը
ստեղծել է <<3D>> ձևաչափով անիմացիոն կինոնկար, որով ներկայացել է Էդինբուրգում,
Վոլոգդայում և Սոֆիայում կայացած փառատոններին:
Ես կարծում եմ, որ հնարավոր է Հայաստանում զարգացնել արվեստի այս յուրօրինակ ու շատ գեղեցիկ ճյուղը, միայն պետք է գնահատել այն և չվախենալ նորարարություններից:
Աղբյուր`http://vardanlibrary.wordpress.com/2012/01/29/հայկական-անիմացիոն-կինոյի-ստեղծումը/
Ձայնագրություն՝
Ձայնագրություն՝
No comments:
Post a Comment