Tuesday, 3 February 2015

Ընթերցելով Պ. Բեդիրյանի << Բառերի խորհրդավոր աշխարհում>>-ը

Ընթերցելով Պ. Բեդիրյանի << Բառերի խորհրդավոր աշխարհում>>-ը
               Երկրագունդը շրջապատված է …Կաթնեղենով
Պարզվում է, որ երկրագունդը շրջապատված է… կաթնեղենով: Ինչպե՞ս: Եթե նայենք գալակիկա բառի <<ներսը>>, կգտնենք հին հունարեն ղալա(=գալա) բառը, որը նշանակում է <<կաթ>>: Նրա սեռականը կլինի ղալակտոս(=գալակտոս), որը հիմք է դարձել վերոհիշյալ գալակտիկա բառի համար:
<<Կաթ>> և <<գալակտիկա>> բառերի միակ կապը կառող ենք տեսնել Արիստոտելի երկերում, որտեղ հին հունարեն ղալա(=գալա) բառը <<կաթ>> նշանակությամբ օգտագործվում է նաև <<Ծիր կաթին>> իմաստով:
<<Ծիր Կաթին>>-ը գրաբար կազմություն է, բառացի նշանակում է <<կաթի ծիր՝ գիծ՝ երիզ = կաթնագույն գիծ՝ երիզ>>:  Այսպիսի անուն համաստեղությանը երևի տրվել է, այն պատճառով, որ այն մարդկանց կաթնագույն է թվացել:

Monday, 2 February 2015

Մի փոքրիկ հատված իմ կարծիքից

                     Գեղեցիկը և տգեղը մարդկային էության մեջ
Կարծում եմ, որ <<գեղեցիկը>> և <<տգեղը>> հարաբերական հասկացություններ են: Յուրաքանչյուր ոք ունի իր սեփական տեսակետը այդ երևույթների վերաբերյալ. ոմանց համար այս հասկացությունները կիրառական են միայն արտաքին տեսքի համար, իսկ մնացածի համար առաջնայինը մարդու ներքինն է: Ես էլ ասելով գեղեցիկ կամ տգեղ առաջինը մտածում եմ մարդու ներքինի մասին ,այնուհետև արտաքինի: Ճիշտ է նրանք երկուսն էլ միմյանց հետ փոխկապակցված են, բայց առաջնայինն ինձ համար ներքինն է: Կարծում եմ, որ մարդը լինելով ներքուստ <<տգեղ>>, չի կարող ունենալ գեղեցիկ արտաքին: Մենք մարդկանց դատում ենք իրենց կատարած գործերով, հետևաբար ամեն անգամ տեսնելով մարդու՝ ով ներքուստ<<տգեղ>> է, մենք այլևս չենք կարողանա գնահատել նրա արտաքին գեղեցկությունը: Մարդ իր արարքներով կարող է իր և դիմացինի համար լինել և՛ գեղեցիկ, և՛ տգեղ: Ամենինչ մարդու ձեռքերում է:
                                Բարին և չարը բնության մեջ
Իսկ ի՞նչ է նշանակում <<չար>> և <<բարի>>: Այս հարցը նույնպես շատ հարաբերական է, քանի որ մենք իրերի, երևույթների մասին հաճախ խոսում ենք մեր շահերց ելնելով՝ թե ինչքանով է այն մեզ համար հաճելի կամ տհաճ, ինչքանով է այն տվյալ պահին մեզ օգուտ կամ վնաս:

Ինձ համար բարի կարող է համարվել այն ամենը, ինչը ստիպում է ինձ երջանիկ լինել, ապրել սիրով ու մաքրությամբ լցված: Իսկ չարը ամեն կերպ ինձ խանգարողն է այդ ամենը զգալու, ընդունելու և դրանցով ապրելու:

Նախագիծ 1

Վերածնունդի հասկացությունը փիլիսոփայության մեջ, վաղ  վերածնունդի ընկալումներ
Նախաբան
Նախագծի թեման Վերածնունդն է: Նախածի նպատակն է ուսումնասիրել Վաղ Վերածննդի ժամանակաշրջանը Հայաստանում՝ Գրիգոր Նարեկացու և Ֆրիկի աշխատությունների միջոցով, ուսումնասիրել իտալական և Կարոլինգյան վերածնունդը:
Աշխատանքը պատրաստելուց հանդիպեցի անհրաժեշտ աղբյուրների, տեղեկությունների պակասի:
                                                   Գլուխ I
                                                Հայաստան
Գրիգոր Նարեկացի և մարդկային գեղեցկություն
Գրիգոր Նարեկացին ծնվել է մոտ 951թ.-ին, Վասպուրական նահանգի Ռշտունի գավառում, մահացել է 1003թ.-ին և թաղվել Նարեկա վանքում:
Նա եղել է միջնադարյան հոգևորական, քրիստոնյա աստվածաբան, բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա: Գրիգոր Նարեկացին համարվում է հայ գրականության վերածնության հիմնադիրը, հայ վերածնության փիլիսոփայական մտքի ստեղծողներից մեկը:
Գրիգոր Նարեկացու մեզ հասած ստեղծագործություններից մեծ արժեք են ներկայացնում <<Մատյան ողբերգության>>-ը, <<Տաղեր>>-ը, <<Մեկնություն երգոց երգոյ Սողոմոնի>>, ներբողներ, գանձեր և այլն:
Նարեկացու առաջին խոշոր աշխատանքը «Երգ երգոցի»մեկնությունն է՝ գրված 977թ, Վասպուրականի Անձևացյաց գավառի Գուրգեն-Խաչիկ իշխանի պատվերով։ Նարեկացին այստեղ զարգացնում է այն միտքը, թե մարմնավորի, առարկայականի, տեսանելիի միջոցով Սողոմոնն արտահայտել է Աստվածայինը, որովհետև աշխարհն էլ Աստծո արարչագործության արդյունք է, և Աստվածայինը դրսևորվել է առարկայական աշխարհի մեջ. «Ի ձեռս մարմնաւորաց տեսցուք զհոգեւորս»։

Sunday, 1 February 2015

Մարո (վերլուծություն)

                             Մարո (վերլուծություն)
Հ.Թումանյանն այս պոեմում ներկայացնում է իր ժամանակները, ընտանիքի անդամների միջև, ընտանիքի և համայնքի միջև հարաբերությունները:
Մարոն փոքրիկ աղջիկ էր, ով պատկերացում չուներ ամուսնության և ամուսնական կյանքի մասին: Կարոն նրա համար ուղղակի բարի մարդ էր, ով իրեն կոնֆետներ, չամիչ ու խնձոր էր բերում: Նա հայտնվելով անծանոթ աշխարհում՝ փորձեց փախչել և օգնություն գտնել իր ծնողների մոտ, սակայն այս դեպքում համայնքի կարծիքն ավելի կարևոր եղավ: Նրա հայրը վախենալով համայնքի <<դատից>>՝ չօգնեց իր աղջկան՝ չընդունեց իր տանը: Մարոյի վախը վերագրվեց կախարդությանը: Փոխանակ նրան օգնեին ազատվել այդ <<կախարդությունից>>, էլ ավելի վատ հոգեկան իրավիճակում դրեցին: Մարոն էլ չկարողանալով ելք գտնել իրեն անծանոթ ու սարսափելի իրավիճակից, որոշում է նետվել  ձոր:
Այս հետաքրքիր ստեղծագործության մեջ Թումանյանը նշում է ժամանակի մի քանի ավանդույթներ՝

Այս ժամանակներում, երբ գալիս էին աղջկա հայրական տուն՝նրա <<ձեռքը խնդրելու>>, հյուրերի առջև հացով լի տաշտ էին դնում: Սովորական էր համարվում վաղ տարիքում ամուսնանալը: Երբ աղջիկն ամուսնանում էր և գնում հայրական տնից,  այն այլևս  իր տունը չէր և նա խնդիրների դեպքում չէր կարող վերադառնալ իր հայրական օջախ և օգնություն ստանար ծնողներից, քանի որ համայնքը կդատապարտեր նրա ծնողներին, իսկ ավելի կոնկրետ հորը՝ իր աղջկան՝ իր սեփական տանն ընդունելու համար: Բացի այդ՝ նրան ոչ մի կերպ թույլ չէին տալիս որևիցե կապ ունենալ իր ընտանիքի և համայնքի անդամների հետ, նույնիսկ մահվան դեպքում չէին թաղում ո՛չ իրենց բնակավայրում, ո՛չ էլ առավել ևս ընտանեկան գերեզմանոցում, այլ  Մարոյի պես՝իրենց բնակավայրից բավական հեռու, առանց հուշատախտակի և եկեղեցական արարողակարգի:

Նախագիծ 2

                         Վինձորների դինաստիա

                                                   Ներածություն
Նախագիծն այժմ Անգլիայում իշխող թագավորական ընտանիքի՝ Վինձորների վերաբերյալ է: Աշխատանքի նպատակն է ուսումնասիրել թագավորական ընտանիքի ծագումնաբանությունը, առանձին գահակալների քաղաքական դիրքորոշումները, գործունեությունը՝ իրենց իշխանության օրոք:
Աշխատանքը պատրաստելու ընթացքում հանդիպեցի հայալեզու աղբյուրների բացակայության, ինչպես նաև առհասարակ աղբյուրների պակասի խնդրին:
               Վինձորների դինաստիա, ծագումնաբանություն
Վինձորների դինաստիան ներկայումս Անգլիայում իշխող արքայատոհմն է:

Friday, 30 January 2015

Փիլիսոփայություն

Մ.Ասատրյան <<Փիլիսոփայության ներածությունը>>`
Ճշմարտությունը մարդկային իմացության անմիջական եւ ընդհանուր նպատակն է: Մարդը ճանաչում է աշխարհը հանուն ճշմարտության, ձգտելով պարզել, իմանալ ճշմարտությունը:
Ընդհանուր առմամբ ճշմարտությունը մարդու մտքի, գիտելիքի համընկնումն է իրականության հետ:
Բացարձակ եւ հարաբերական ճշմարտություն`
Բացարձակ ճշմարտությունն իր առարկայի լրիվ, սպառիչ, մանրամասն ու ճշմարիտ արտացոլումն է: Այն կատարյալ է եւ որեւէ փոփոխության ենթակա չէ, այն հավիտենական ճշմարտություն է: Հարաբերական ճշմարտությունն, ընդհակառակը, արտացոլում է իրականությունը ոչ լրիվ, ոչ սպառիչ, թերի ու մոտավորապես: Այն անկատար է, փոփոխական եւ ժամանակավոր:

Հումանիստական փիլիսոփայություն

Հումանիզմ (լատ.՝ humanitas - մարդկայնություն, բնորոշում էր դասական գրականության դասատուին և ուսանողին) եզրը գիտական ոլորտում շրջանառության մեջ է դրվել գերմանացի մանկավարժ Ֆ. Նիտխամերի կողմից 1808 թվականին։
Հումանիզմը հանդես է գալիս յուրաքանչյուր մարդու կողմից սեփական հայացքների և ինքնագիտակցության միջոց համամարդկային (և ոչ գաղափարական, խմբային կամ կրոնական) արժեքների հիման վրա իր կյանքի իմաստը և կենսակերպը որոշելու բարոյական ազատության անունից։
Հումանիզմը փիլիսոփայական պատկերացումների համակարգ է բնության, մարդկային կեցության էության և իմաստի մասին, ճանաչողական գործունեության նպատակների մասին, որն արտահայտվում է փիլիսոփայական և աշխարհայացքային կատեգորիաների լեզվով։ Հումանիզմը փիլիսոփայական աշխարհայացք է, որի կենտրոնում մարդն է։
Մշակույթների բազմազանությունը թելադրում է հումանիստական գիտակցության ձևերի բազմազանություն։ Մշակույթների պատմական և ազգային տարբերությունները թելադրում են մարդկային բարեկեցության չափանիշներ և չափորոշիչներ՝ որպես հումանիզմի այս կամ այն տեսակի ուրվագծման արդյունք։
Ժամանակակից Միջազգային հումանիստական և էթիկական միության կանոնադրության համաձայն հումանիզմը դեմոկրատական, էթիկական կյանքի դիրքորոշում է, որը պնդում է, որ մարդկային էակները իրավունք ունեն և պարտվոր են պայմանավորել իրենց կյանքի իմաստն ու ձևը։
Հումանիզմը էթիկական հիմնարար դրույթների լայն կատեգորիա է, որը հաստատում է բոլոր մարդկանց արժանապատվությունը և արժեքը։ Այն հանդիսանում է բազում այլ առավել որոշակի փիլիսոփայական համակարգերի մաս և ներառված է նաև որոշ կրոկանան փիլիսոփայական դպրոցների գաղափարախոսության մեջ։

Արաբալեզու փիլիսոփայություն

Սկզբնական շրջանում արաբական փիլիսոփայությունը հանդես է եկել որպես մահմեդական աստվածաբանական մետաֆիզիկա՝ կազմելով իսլամի փիլիսոփայական հիմքը։ Հետագայում հնդկական, հունական և սիրիական փիլիսոփայության ագդեցության տակ ձևավորվել են իդեալիստական և մատերիալիստական ուղղություն ունեցող հոսանքները։ Գոյություն ունեցող մահմեդական աստվածաբանական մետաֆիզիկային՝ քալսումին, հակադրվեցին մութազիլիթները(«մեկուսացածները»)՝ առաջին մահմեդական մտածողները, որոնք ուսումնասիրեցին հունական անտիկ փիլիսոփայությունը։ ժխտելով Աստծո էությունը լրացնող դրական ատրիբուտները՝ մասնավորապես խոսքի ատրիբուտը, մութազիլիթները ժխտում էին Ղուրանի հարատևության վերաբերյալ պատկերացումը։ Մութազիլիթները գտնում էին, որ մարդը բանականությամբ է ճանաչում տիեզերքը և Աստծուն, որ արարիչն անընդունակ է փոխելու իրերի բնական կարգը։ Նրանք հենվում էին ժամանակի բնական և ճշգրիտ գիտությունների արդյունքների, մասնավորապես ատոմիստական ուսմունքի վրա։ IX դարից Բաղդադում սկսեց ձևավորվել արիստոտելականությունը և նորպլատոնականությունը։ Արաբալեզու փիլիսոփայության հետագա զարգացման վրա զգալի ազդեցություն է թողել սուֆիզմը, որը կրոնական ռեակցիայի արտահայտությունն էր։ Այդ կրոնամիստիկական հոսանքը սկզբնական շրջանում արտահայտում էր աշխատավորների պասիվ բողոքը ընդդեմ ֆեոդալական կարգերի և հոգևորականության։ Նրա հիմքում ընկած էին ասկետության, հայեցողական ինքնախորասուզմաև և ակտիվ հասարակական կյանքից հրաժարվելու գաղափարները։ Սուֆիզմի փիլիսոփայական սկզբունքներում իր յուրահատուկ արտահայտությունը գտավ նորպլատոնականությունը։ Այդ հոսանքի ականավոր ներկայացուցիչներն էին ալ-Գազալին (1059—1111) և Իբն ալ– Արաբին (1165—1240)։ Արաբալեզու փիլիսոփայության զարգացման համար շրջադարձային կետ էր Արիստոտելի փիլիսոփայության ժառանգության յուրացումը, որի արաբալեզու թարգմանությունները և մեկնաբանությունները հնարավորություն ստեղծեցին աթեիստական և նույնիսկ մատերիալիստական ըմբռնումների համար։ Արաբալեզու պերիպատետիկության հիմնադիր ալ-Քինդին(«արաբների փիլիսոփա») (մոտ 800—879) առաջինը շարադրեց Արիստոտելի հիմնական աշխատությունների բովանդակությունը։ Արաբալեզու արիստոտելականությունը հատկապես ընդգծում էր կոնկրետ գիտությունների և բնագիտության նշանակությունը, պաշտպանում աշխարհի հավիտենականության գաղափարը, գտնում, որ աշխարհը չի ստեղծվել ոչնչից և հավերժ է ինչպես Աստված։ Սակայն պերիպաթետները չհրաժարվեցին կրոնական դոգմաներից և ձգտում էին իրենց գաղափարևերը համատեղել իսլամի հավատալիքների հետ, հնարավոր էին համարում կրոնի և նրանից հարաբերականորեն անկախ փիլիսոփայության ինքնուրույն գոյությունը։ Արաբալեզու գիտության և փիլիսոփայության մշակման ու զարգացման գործում մեծ դեր են խաղացել Աբու Ալի իբն-Սինան (Ավիցեննա) և ալ-Ֆարաբին։ XII դարից արաբական փիլիսոփայության մտքի կենտրոնը տեղափոխվում է արևմտյան մահմեդական աշխարհ՝ Իսպանիա։ Արաբ. Արևմուտքի փիլիսոփայության հիմնադիրն է համարվում բժիշկ-մաթեմատիկոս և փիլիսոփա Իբն Բաջան (XII դ.), ըստ որի, բարձրագույն իմացությունը իրականացվում է բանականության միջոցով, և հասարակության կատարելագործման միակ ուղին մարդու հոգեկան ինքնակատարելագործումն է։ Ամբողջ միջնադարյան արաբական փիլիսոփայությունը իր բարձրակետին հասավ Իբն Ռուշդի ( XII դ.) ուսմունքում։ Նշաևավոր մտածող էր նաև Իբն Խալդունը, որը իրավամբ համարվում է պատմության փիլիսոփայության հիմնադիրներից մեկը։ Միջնադարյան արաբական փիլիսոփայությունը նոր պայմաններում պաշտպանեց և զարգացրեց հունական փիլիսոփայության մշակույթը, ձևավորեց ճշմարտության երկվության սկզբունքը՝ հնարավորություն ստեղծելով գիտության և փիլիսոփայության հարաբերականորեն ազատ զարգացման համար։ Արաբական սկեպտիցիզմը քննադատության ենթարկեց կրոնը և իդեալիզմը՝ հող նախապատրաստելով աթեիստական և մատերիալիստական հայացքների ձևավորման, նոմինալիզմի սաղմնավորման համար։ Արաբական փիլիսոփայությունը, միաժամանակ, հանդիսացավ եվրոպական Վերածննդի գաղափարական ակունքներից մեկը։
Հայկական և արաբական միջնադարյան փիլիսոփայություններն ունեն ընդհանուր գծեր, որոնք նկատելի են հայկական և արաբական արիստոտելականների մեջ, հատկապես Արիստոտելի տրամաբանական և իմացաբանական ուսմունքի մեկնաբանման մեջ։ X–XIV դդ. հայ բնափիլիսոփայական միտքը զգալիորեն կրել է արաբական գիտության ազդեցությունը։ Այս տեսակետից հատկապես հատկանշական են Մխիթար Հերացու «Ջերմանց մխիթարություն» և Հովհաննես Երզնկացու «Ի տաճկաց իմաստասիրաց գրոց քադեալ բանք» աշխատությունները, որտեղ շարադրվել են, մեկնաբանվել են արաբական փիլիսոփաների և բժշկագետների որոշ հայացքներ։ Ընդհանուր գծեր նշմարվում են նաև Գրիգոր Մագիստրոսի, Գրիգոր Նարեկացու հայացքների և արաբական փիլիսոփայական հոսանքների միջև։